ԿարևորՀասարակություն

Զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է, բայց տուրօպերատորները ոգևորված չեն

Այս տարվա առաջին երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զբոսաշրջիկների թիվը մեր երկրում ավելացել է 188%-ով․ շուրջ 90 հազար մարդ ավելի է այցելել Հայաստան, քան 2021թ հունվար–մարտ ամիսներին։ Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2022-ի առաջին եռամսյակի տվյալները․ ըստ դրանց՝ այս տարի մեր երկիր արդեն այցելել է շուրջ 250 հազար մարդ։ Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Անուշ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ լրացուցիչ աճը պայմանավորված է հենց ռուս–ուկրաինական հակամարտությամբ։

«Այցելությունների աճ ապահոված հիմնական երկրներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, ԱՄՆ-ն։ Այս տարի առաջին եռամսյակում այցելությունների աշխարհագրության մեջ որոշակի փոփոխություն է եղել, քանի որ առաջին տասնյակում հայտնվել են Բելառուսը և Ուկրաինան։ Մասնավորապես ուզում եմ նշել Բելառուսը, քանի որ 2021-ի առաջին եռամսյակում Բելառուսից այցելությունները եղել են 700 անձ, իսկ այս տարի 2900․ ավելի քան 4 անգամ ավելի»,– մանրամասնում է Անուշ Բաբայանը։

Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան այցելել է 30 հազար զբոսաշրջիկ, ապա այս տարի այդ թիվը գրեթե քառապատկվել է։ Անուշ Բաբայանը նկատում է՝ 2022–ի առաջին եռամսյակի ցուցանիշը 3 անգամ գերազանցել է 2021-ինը, սակայն 2019–ի՝ նախաքովիդյան և նախապատերազմական ցուցանիշը գերազանգել դեռ չի հաջողվում։

«2021թ ընդհանուր ցուցանիշը կազմել է 870 հազար զբոսաշրջիկ, որը պատերազմից և համավարակից հետո բավականին բարձր ցուցանիշ է։ 2022–ի առաջին եռամսյակը ամփոփելուց հետո կարող եմ ասել, որ հավանաբար տարեկան կտրվածքով գերազանցենք նախորդ տարվա ընդհանուր ցուցանիշը»,– ասում է Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը։

Որպես կանոն, տարվա ընթացքում ամենաակտիվը 2-րդ և 3-րդ եռամսյակներն են, հետևաբար, ըստ Անուշ Բաբայանի, տարվա երկրորդ կեսին ակտիվությունը կավելանա, սակայն շատ բան կախված է աշխարհաքաղաքական իրավիճակից և, իհարկե, ավիատոմսերի գներից, քանի որ ինչպես նախորդ տարիներին, հիմա ևս զբոսաշրջիկները Հայաստան հիմնականում  այցելելում են օդային տրանսպորտով։

Զբոսաշրջության կոմիտեում վիճակագրությունը հուսադրող են համարում, ոլորտի մասնագետները մինչդեռ շեշտում են՝ արտասահմանցիների մեծ հոսքը Հայաստան դեռ չի նշանակում, որ զբոսաշրջությունը վերականգնվել է, և ոլորտում ակտիվություն կա։ Ներգնա տուրօպերատոր Անուշիկ Եղիազարյանն ասում է՝ պետք է տարբերակել զբոսաշրջիկներին երկարաժամկետ ապրելու համար Հայաստան եկած արտասահմանցիներից։

«Այո, արտասահմանցիների հոսքը Հայաստան մեծացել է, բայց այդ մարդիկ այստեղ գալիս են մշտական բնակության կամ երկարաժամկետ բնակության համար, մենք չենք կարող իրենց համարել զբոսաշրջիկ, քանի որ իրենք տուր փաթեթներ չեն յուրացնում։        Եվ իրենք այն խավի մարդիկ են, ովքեր նախընտրում են ճամփորդել ինքնուրույն, իհարկե, դա ինչ-որ ազդեցություն ունի հյուրանոցային ոլորտի և զբոսավարների աշխատանքի վրա, բայց չի կարելի ենթադրել, որ զբոսաշրջիկների հոսքը մեծացել է, կամ այնպիսինն է, ինչպիսնն մենք ակնկալում էինք»,– ասում է տուրիստական ընկերության ղեկավարը։

Այս տարի տուրփաթեթները յուրացվել են միայն ամանորին՝ ասում է Անուշիկ Եղաիազարյանն ու հավելում՝ հիմա տուրօպերատորների գործը կանգնած է, շարժ կլնի միայն մայիսյան տոներին։

«Հատկապես Ռուսաստանի քաղաքացիները հիմա օգտվում են մեկօրյա տուրերից, մեքենայի վարձույթի ծառայություններից կամ դիմում են անհատական զբոսավարների, իսկ դրանից տուրօպերատորների գործը չի շահում»,– կարծում է Անուշիկ Եղիազարյանը։

Վիճակագրության ուշագրավ հատվածները․ Հայաստան ավելի շատ այցելելում են տղամարդիկ, իսկ տարիքային խմբում գերակշռում են 36-63 տարեկանները։ Տուրիստական ընկերության ղեկավարը նկատում է՝ հիմա Հայաստան գալիս են մարդիկ, որոնք ապագայի վերաբերյալ անորոշություններ ունեն և հիմնականում ծախսում են իրենց խնայողությունները։

«Կարծում եմ, որ էկոնոմ դասի խավը մոտ ապագայում այլևս չի ճամփորդի, քանի որ նախ տուր փոթեթները թանկացել են, հետո, առհասարակ, ճամփորդելը թանկացել  ՌԴ քաղաքացիների համար։ Եվրոպական շուկայից, իհարկե, կլինի ակտիվություն, բայց ինչքան՝ ոչ մեկ չի կարող ասել, դա կախված է ավիատոմսերի արժեքից և աշխարհաքաղաքական վիճակից»,– հավելում է Անուշիկ Եղիազարյանը։

Տուրիզմը շատ զգայուն ոլորտ է՝ շեշտում է զրուցակիցս ու  հավելում՝ բոլոր շարժերն այստեղ ուղղակիորեն կապված են աշխարհաքաղաքական զարգացումների և իրավիճակի հետ․ իսկ վերջին տարիները ցույց տվեցին, որ կանխատեսումներ հնարավոր է  անել ամենաշատը մեկ ամսվա կտրվածքով՝ ասում է մասնագետը։

Back to top button