ԿարևորՔաղաքական

Երեւանը սպասում է փաստաթղթերի համաձայնեցման․ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին

Փաշինյան-Պուտին  մոսկովյան հանդիպման առանցքային հարցերից էր տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի մոտեցումների նույնականացումը․ կառավարության նիստում վարչապետն է  խոսել այս մասին։ Նիկոլ Փաշինյանը  վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ սկսել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի ու ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով։ Մինչ վերջին հանդիպումներն  արդեն գործադիրը  միջազգային  փորձագետների հետ նախնական հաշվարկներ արել էր․ երկաթուղու հայաստանյան հատվածի   վերականգնումը  կպահանջի 226–230 մլն դոլար, աշխատանքները հնարավոր կլինի ավարտել  մոտ 2․5 տարում։  Փորձագիտական դաշտում շարունակում են կարևորել  նաև  անվտանգ ության ապահովման հարցը։

Ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում՝ սա ամրագրված է հայ-ռուսական վերջին համատեղ հայտարարությամբ։ Իսկ արդեն մոսկովյան հանդիպումներից հետո Պուտինի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասով վարչապետ Փաշինյանն ընդգծում է՝ երկկողմ կարեւորվել է  Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացումը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ. 

« Տվյալ հարցում կարող ենք գործնականում  արձանագրել մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունն ու այս ֆոնին ուզում  եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի ու ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով. հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբն առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել ու համաձայնեցնել»։

Մոսկվայում նաև Հայաստանի ու Ռուսաստանի փոխվարչապետերն էին հանդիպել՝ քննարկվելով Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հարցեր։ Կոնկրետ ի՞նչ՝ փակագծերը դեռ չեն բացվում։ Հայտնի է, որ ՀՀ  եւ ՌԴ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը համանախագահում են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերից կազմված աշխատանքային խումբը, որը զբաղվում է ապաշրջափակման հարցերով։ Անցյալ տարի ստեղծված եռակողմ աշխատանքային խումբն այս տարի դեռ չի հանդիպել։ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի վերջին հանդիպումը նախորդ տարեվերջին էր։  Իսկ դեկտեմբերի կեսին Օվերչուկը նախ Բաքվում Ալիեւի հետ քննարկեց  Հարավային Կովկասում տրանսպորտային  ապաշրջափակումը, ապա  փետրվարի սկզբին ՝ Երեւանում՝ Հայաստանի փոխվարչապետի հետ։ Մհեր Գրիգորյանը դեռ փետրվարին ասել էր, որ երկաթգծի հարցով փոխըմբռնում կա։ Ավելի վաղ  Փաշինյանն ասել էր, որ երկաթուղու կառուցումը կարժենա շուրջ 225 մլն դոլար, ու որ հնարավոր է՝ նախագծի համար Հայաստանի բյուջեից ներդրում անելու կարիք չլինի.

«Այն հատվածները, որոնք մենք պետք է կառուցենք, առնվազն տասնյակ անգամներ ավելի էժան  են: Այստեղ բարդություն չեմ տեսնում, նախնական գնահատականով՝ 200 մլն դոլար և 5 մլն դոլար ներդրման մասին է: Հայաստանի համար շատ ծանր բեռ չէ: Շատ միջազգային դոնորներ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում: Եվ շատ հնարավոր է, որ լինեն այնպիսի կոմբինացիաներ, որ նույնիսկ Հայաստանի պետական բյուջեից փող ներդնելու անհրաժեշտություն չլինի»։

Երկաթուղային գիծը Հայաստանի տարածքում կլինի մոտ 45 կիլոմետր, իսկ ճանապարհի ընդհանուր երկարությունը՝ մոտ 340 կիլոմետր։   Աշխատանքային խումբն արդեն եղել է Երասխում և Մեղրիում, գնահատել իրավիճակը։  Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի անդամ, նախկին նախարար   Հենրիկ Քոչինյանը «Ռադիոլուր»–ին փոխանցել էր, որ վերջին աշխարհաքաղաքական զարգացումները բացասաբար են ազդել աշխատանքների  վրա.

«Հայկական իրականությունն այնպիսին է, որ աշխարհի որ անկյունում էլ մի բան կատարվի, ազդում է մեզ վրա, եթե հատկապես  կոնֆլիկտի մեջ մեր ռազմավարական գործընկերն է»։ 

Տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ խմբի առաջիկա հանդիպման ժամկետ դեռ չկա։ Փորձագիտական դաշտում խոսում են անորոշությունների ու անվտանգային ռիսկերի մասին։ Վարչապետ Փաշինյանն իր հերթին շեշտում է՝ Հայաստանը պատրաստ է, եթե Ադրբեջանից դրական ազդակ լինի։ Հույս ունեմ՝ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել՝ շեշտում է Փաշինյանը։

Back to top button