ԿարևորՀասարակություն

Դիահերձարանները՝ անբարեխիղճ բիզնե՞ս․ հերձման արդյունքների կասկածի հիմքով մասնավորները կփակվեն

Արտահիվանդանոցային դիահերձարաններ ՀՀ-ում այլևս չեն գործի։ Ոլորտի պատասխանատուներն առաջարկում են դրանց կամ միանալ բժշկական հաստատությունների կամ դադարեցնել գործունեությունը։ Դիահերձարանների տնօրենները դժգոհում են գաղտնի որոշումներից։ Առանց իրենց կարծիքը լսելու են նման որոշում կայացրել, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել են ղեկավարները։ ԱԺ—ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնանլյանի առաջարկություններին համաձայն չեն։ Բժշկական կազմակերպություններին կից գործունեություն ծավալելը հարցին լուծում չեն ընդունում։

Սեպտեմբերից կդադադի գործել արտահիվանդանոցային  9 դիահերձարան։ Դիահերձում կիրականացնեն միայն բուժհաստատություններին կից ախտաբանաանատոմիական ստորաբաժանումները։ Որոշման հիմքում դիտարկումներն են, որ մասնավոր դիահերձարաններում չեն պահպանվում  սանիտարական նորմերը, դիահերձման արդյունքում տրվող եզրակացությունը մահվան պատճառների վերաբերյալ երբեմն կասկած է հարուցում։ ԱԺ-ի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝

«Իրենք չունեն հյուսվածաբանական լաբորատորիա։ Այսինքն՝ մակրոպրեպարատի ուսումնասիրությամբ դրվում է հյուսվածաբանական ախտորոշում, մահվան պատճառ։ Եվ  խեղաթյուրվում է ամբողջ վիճակագրությունը»։

Նարեկ Զեյնալյանը մեկ այլ մտահոգիչ ցուցանիշ էլ է մատնանշում՝ Հայաստանում շատ են անհարկի դիահերձումները։  ՀՀ-ում 2020 թվականին իրականացվել է դիահերձում մահերի 90 տոկոսի դեպքում։ Օրենքում փոփոխություն կատարելով մասնավոր դիահերձարանների փակումը, սակայն, հարուցել է այս տնտեսվարողների դժգոհությունը, որոնք պնդում են՝ զգալի ծախսեր են արել դիահերձարան բացելիս։

Լաբորատորիան բերել պատճառ ու նաև դրա հետևանքով փակել դիահերձարանը՝ ճիշտ չի համարում Արթիկի տարածաշրջանի միակ դիահերձարանի տնօրեն Մառլեն Ղազարյանը։ Այս դիահերձարանը չունի լաբորատորիա, սակայն այլ լաբորատորիաների հետ ունի պայմանագիր՝  ասում է զրուցակիցս․

«Մենք չունենք, չի նշանակում, որ սխալ դիագնոզ ենք դնում։  Պրեպարատներն ուղարկում ենք, մեզ 10-օրյա  ժամկետում պատասխանը  տալիս են»։

Միայն մասնավոր լաբորատորիաները չէ, որ չունեն հյուսվածաբանական լաբորատորիա։ Կան պետական դիահերձարաններ եւս, որոնք չունեն նշված լաբորատորիաները՝ ասում է ոլորտում գործող տնտեսվարողը։ Արթիկի դիահերձարանը գործում է 2019 թվականից։ Մինչ գործունեություն սկսելը՝ կառույցը ստացել է անժամկետ գործելու լիցենզիա։ Իսկ լիցենզիայի չափանիշերի մեջ չի եղել հյուսվածաբանական լաբորատորիա ունենալու պահանջ։

Նարեկ Զեյնալյանը հարցին այլ կողմից է է մոտենում։ Անհարկի դիահերձումներից հնարավոր կլինի խուսափել, եթե հստակեցվեն նաև դիահերձման հիմքերը․

«Երբ առկա է եզրափակիչ ճշտված ախտորոշում, դիահերձում իրականացնելու պարտադիր պայմանն առաջարկում ենք հանել։ Դա կլինի միայն հարազատների ցանկությամբ»։

Ո՞րն է անհարկի դիահերձումը, երբ դրանով ախտորոշվում է մահվան պատճառը՝ կրկին հակադարձում է Արթիկի դիահերձարանի տնօրենը։ Այո, երկրում մահերի 90 տոկոսի դեպքում դիահերձումներ են իրականացվում, սակայն դրան զուգահեռ նվազել է մահվան պատճառները թաքցնելու հանցագործությունների թիվը։

«Կլինիկական ախտորոշում է, թե ուռուցքով հիվանդ է,  թե թոռը  բարձով խեղդում է տատիկին,  տանում հուղարկավորում է։ Օրենքի բաց կա, կրիմինալի մեծ վտանգ կա»։

Հանցագործությունների կանխարգելումը որևէ  կերպ առողջապահական համակարգի գործառույթների շրջանակում չէ։ Դրանց կանխարգելման համար ՀՀ-ն ունի բազմաթիվ կառույցներ՝ ոստիկանությունից սկսած։ Առողջապահական համակարգի փորձագետ Դավիթ Մելիք–Նուբարյանը համարում է, որ սա առողջապահական համակարգի վրա ավել ծանրաբեռնվածություն է․

«Ոստիկաններ կան, թող կասկածի դեպքում գնան տներ։ Այցելեն, դիակի արտաքին զննում անեն, ի վերջո՝ նշանակեն դատաբժշկական փորձաքննություն։ 11-12 տարվա մեջ մեկ–երկու նման դեպք է գրանցվել, ու  այդ դեպքերի հիման վրա չի կարելի տարեկան  մոտ 30.000 քաղաքացու դնել ծանր կացության մեջ, անհարկի ծախսեր անել տալ»։ 

Մելիք-Նուբարյանն իր հերթին է պնդում՝ եթե մահվան հանգեցրած հիվանդությունը հայտնի է , ապա դիահերձումն անհարկի է։ Իսկ  որ Հայաստանն աշխարհում դիահերձումների թվով առաջատար է, այս պատկերը ԵՊԲՀ դասախոսն ավելի շատ բիզնես է որակում։ Ըստ նրա՝ հասարակությունը պետք է իմանա, որ շատ դեպքերում կարող է հրաժարվել դիահերձումներից։ Իսկ դիակի նախապատրաստության համար կարելի է դիմել ուղակի բալզամացիայի․  

«Դիահերձման քողի տակ իրականում արվում է բալզամացիա։ Մարդիկ դրա համար վճարում են, պետությունը սոցանապահովների համար է վճարում, ու առաջանում են անիմաստ ու անհարկի ծախսեր»։

Հայաստանում ախտաբանաանատոմիական գործունեության լիցենզիա ունի 49 կազմակերպություն, որից 40-ը՝ հիվանդանոց։ Մնացած 9-ը գործում է հիվանդանոցից դուրս, ստացվում է՝ նաեւ վերահսկողությունից դուրս։ Ոլորտը վերահսկող կառույցը՝ առողջապահական  եւ աշխատանքի տեսչական մարմինը, փաստացի, մասնավոր դիահերձարաններում ստուգում-ստուգայց անելու իրավասություն չունի։ Այս կառույցն ավելի վաղ հայտարարել էր դիահերձման կարգի խախտումների մասին՝ արձանագրելով մահվան բժշկական վկայականի տրամադրման խնդիրներ։ Արտառոց էր դիտարկվել երեւույթը, որ մարզերում տնային հերձումներ են կատարվում, քանի որ դիահերձարանները հեռու են, ու դին այնտեղ հասցնելը ծախսեր ու տեխնիկական խնդիրներ է ենթադրում։

Արտահիվանդանոցային դիահերձարանների ղեկավարները դժգոհում են իրենց բնորոշմամբ ծածուկ որոշումներից։  Թեեւ օրենքի նախագիծը մինչեւ խորհրդարան է հասել ու քննարկվել հանձնաժողովներում, իրենք ասում են, թե իրենց հետ դա չի քննարկվել։ Սրա կողքին օրենքում դրված հիմնավորումներն են ու մանագիտական դիտարկումները, որ դիահերձման բիզնեսը երբեմն անցնում է բարեխղճության սահմանները։

Back to top button