ԿարևորՔաղաքական

Բալանսավորված և ճկուն․ վերլուծաբանները՝ հայ–ռուսական հայտարարության մասին

Վերջին օրերին զուգահեռներ են անցկացվում 2 փաստաթղթերի միջև, որոնցից մեկը  Ռուսաստանը կնքեց Ադրբեջանի հետ՝ ուկրաինական  պատերազմից 2 օր առաջ, իսկ մյուսը Հայաստանի հետ՝ նույն պատերազմի երկրորդ փուլում։ Ադրբեջանի հետ կնքված փաստաթուղթը ռազմավարական փոխգործակցության մասին հռչակագիր է՝ կազմված 43 կետից։ Երկու օր առաջ տեղի ունեցած Փաշինյան–Պուտին հանդիպման արդյունքներով ընդունվել է 30 կետանոց հայտարարություն։

Կառավարության նիստի մեկնարկին մոսկովյան այցին ու դրա արդյունքներին վերաբերող  որոշ պարզաբանումներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Մարտի 28-ին ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն էր Երևանում, ապրիլի 1–ին՝ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն, ապրիլի 11–ին՝ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյը, իսկ ապրիլի 18–ին՝ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող  բոլոր միջնորդներն առնաձին–առանձին այցելեցին Հայաստան՝ կարծես ցուցադրաբար փորձելով հերքել  ձևաչափի լուծարման մասին հայտարարությունները։

Այցերն անուղղակի արձագանքն էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների։ Այսօր կրկին նման հայտարարություն է հնչել, բայց արդեն Ադրբեջանի նախագահի կողմից, չնայած Հայաստան–Ռուսաստան 30 կետանոց հայտարարության մեջ ճշգրտումներ են արվել և շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ միջազգային մանդատի կարևորությունը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է․  

«Կարող ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն։ Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները ԼՂ կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում, չնայած հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել։ Բայց առավել ևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը աջակցել ԼՂ կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր է տալիս»։  

Սա հայ–ռուսական հայտարարության այն կետն է, որը վերլուծաբաններին թույլ է տալիս ենթադրել, որ փաստաթղթի 30 կետերը ձևավորվել են ոչ թե մեկ կողմի ցանկությամբ, այլ՝ հաշվի առնելով փոխադարձ շահերը։ Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արմինե Մարգարյանը Մոսկվայում ստորագրված հայտարարության մեջ արտառոց որևէ բան չի նկատել։

«Կարծում եմ, որ պետք է մի փոքր անհանգստանայինք, միգուցե շատ ավելի անհանգստանայինք, եթե այս այցի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև չստորագրվեր որևէ փաստաթուղթ։ Գիտեք, այս փաստաթուղթը որևէ շրջադարձային կետ, ձևակերպում իր մեջ չի պարունակում։ Բավական բալանսավորված են բոլոր ձևակերպումները»։

Վարչապետի ներկայացմամբ՝ մոսկովյան այցի ընթացքում ԼՂ–ին առնչվող բոլոր քննարկումների մանրամասներին  աշխատանքային կարգով տեղյակ է պահվել ԼՂ նախագահը։ Փաշինյանը լավատեղյակ է, թե իր այցերից առաջ ինչ լուրեր են շրջանառվում հատկապես 2020–ի պատերազմից հետո։ Խոսքն ինչ–որ փաստաթուղթ ստորագրելու և Արցախը «հանձնելու» խոսակցությունների մասին է։

 «Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա ԼՂ կարգավորման ոչ մի նախագաիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի։ Ինչ վերաբերում է Արցախը «հանձնելուն», հազար անգամ ներողություն խնդրելով՝ ստիպված եմ արձանագրել, որ Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։ Պարզապես բացառում եմ, որ գոյություն ունենա ստորագրմանը ենթակա շատ թե քիչ մոտ որևէ փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։ Սա երաշխիք է, երկաթյա երաշխիք, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»։

2020–ի նոյեմբերի 9–ին անակնկալ ստորագրված փաստաթղթի հետ համեմատությունները Փաշինյանը տարօրինակ և ոչ տեղին է համարում։ Պնդում է, որ պատերազմի պայմաններում ժամերի և անգամ րոպեների ընթացքում պետք է որոշում կայացվեր հազարավոր մարդկանց կյանքը և Արցախը հայաթափումից փրկելու համար։ «Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի մարտավարությունն է անել այնպես, որ արցախցին ապրի Արցախում և իրեն համարի ղարաբաղցի, արցախցի և հայ։ Այնպիսի իրադրություն, որ այս պայմանները չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ հայկական կողմի համար և ընդունելի չի լինելու երբեք»,– վարչապետը կրկնել է խորհրդարանում ասված իր խոսքերը։ Բոլոր ժամանակների բանակցությունների մասնակիցներին վարչապետը, ըստ էության, մեղադրում է հանրության հետ ճիշտ չխոսելու մեջ՝ նկատի ունենալով այն, որ «Արցախի կարգավիճակի իջեցում» ձևակերպումը քննարկվել է միշտ, բայց պարզապես թաքցվել է։

 «Սա է հարցի առանցքը, մնացածը, կներեք, բաժակաճառ է։ Եվ այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու և Արցախը և հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը, այլև՝ ՀՀ–ն։ Բայց մենք դա թույլ չենք տա անել։ Նաև թույլ չենք տալու, զանազատ սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարագից շեղելու նպատակ ունեն»։

Վերադառնալով Հայաստան–Ռուսաստան հայտարարության տեքստին՝ քաղաքագետ Արեգ Քոչինյանը մատնանշում է փաստաթղթում առկա վտանգները։ Առաջին հերթին խոսքը  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մասին է։ Այդ ուղղությամբ գործող և հետաքրքրված փաստացի երկու հարթակ կա՝ բրյուսելյան և մոսկովյան։ Երկուսն էլ փորձագիտական աջակցություն են առաջարկում։ Այս պահին ուղղությունները դեռ չեն հակադրվում, բայց քաղաքագետը համոզված է, որ գալու է այդ պահը։

«Եթե սկսվում է սահմանագծման և սահմանազատման գործընթացը,  սահմանի «X» հատվածում տարաձայնություն է առաջանում  Հայաստանի և Ադրբեջանի միջև ,  նրանք դիմում են և եվրոպացի փորձագետներին, և ռուս փորձագետներին, ստանում են հակադիր կարծիքներ։ Ի՞նչ է արվում այդ դեպքում։ Եվրոպական միջնորդությամբ սահմանագծումն ու սահմանազատումը նշանակում է իրավական հիմքով դելիմիտացիա, դեմարկացիա։ Ռուսական միջնորդությամբ գործընթացը նշանակում է քաղաքական հիմքով դելիմիտացիա  և դեմարկացիա։ Չեմ ասում, որ մեկը մեզ ավելի ձեռնտու է, քան մյուսը, բայց քաղաքականը իր մեջ պարունակում է շատ ավելի լուրջ վտանգներ։ Քաղաքականը նշանակում է, որ Ռուսաստանի այսրոպեական շահերից ելնող ցանկացած որոշում կարող է գործածվել կողմերից որևէ մեկին պատժելու կամ սիրաշահելու համար, և ընդհանուր խաղի կանոնները շատ ավելի անկանխատեսելի են լինելու»։

Վերլուծաբանները նաև նշում են, որ հայ–ռուսական հայտարարության  ձևակերպումները խիստ ճկուն են և կարող են մեկնաբանվել՝ ըստ կողմերի ցանկության ու շահերի։

Back to top button