Դպրություն

Հերոսների վերականգնողական քաղաքը սերտացնում է կրթություն–աշխատաշուկա կապը․ «Դպրություն»

Մարտական գործողություններին մասնակցած և այդ գործողություններից ներազդված երիտասարդներ՝ Երևանից և ՀՀ մարզերից, նոր հնարավորություն ունեն մասնագիտական կողմնորոշման և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու։

Հերոսների վերականգնողական քաղաքում այս տարի լինելու են նաև մարքեթինգային դասեր: Դա հնարավորություն կտա տեղում լավ համակարգիչների, մոնտաժային ծրագրերի և օպերատորական սարքավորումների կիրառմամբ լավագույն կրթությունը ստանալ:

Դասավանդման ընթացքում տղաները կսկսեն ֆինանսավորող ընկերությունների համար անհրաժեշտ պրոդուկտի մշակում, իսկ ավարտելուց հետո կունենան նաև աշխատանքի հնարավորություն մի շարք խոշոր ընկերություններում:

ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ դեռևս 2019 թ․-ին Երևանում և Արագածոտնի, Կոտայքի ու Արարատի մարզերում անցկացվել է «Կինոդպրոց առանց սահմանների» հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, լրացուցիչ և շարունակական կրթությանը կինոարտադրության ոլորտում, ավելի սերտացնել կրթություն-աշխատաշուկա կապը։

Հատկանշական է, որ նրանցից շատերը հիմնադրամի աջակցությամբ արդեն իսկ աշխատում են տարբեր ոլորտային կազմակերպություններում կամ ներգրաված են հիմնադրամի ընթացիկ նախագծերում:

Հովհաննես Մարտիրոսյան

44-օրյա պատերազմի մասնակից, ուսանող Հովհաննես Մարտիրոսյան․ Ես ուզում եմ վավերագրական կամ փաստագրական ֆիլմ նկարել, բայց դա կապված է իմ հոգեվիճակի հետ։ Այդ դեպքում պետք է փորձեմ հնարավորինս արդարացնել և՛ ինձ, և՛ իմ կատարած աշխատանքը՝ հասցնելով պրոֆեսիոնալ մակարդակի։ Եթե կարողանամ պրոֆեսիոնալ մակարդակով անել այդ աշխատանքը՝ կանեմ, եթե ոչ՝ ոչ։

Դավիթ Ավանեսյան

44-օրյա պատերազմի մասնակից, ուսանող Դավիթ Ավանեսյան․ Ես ուզում եմ նկարել հետպատերազմյան շրջանի ֆիլմ և ոչ մի կերպ չանդրադառնալ պատերազմային դրվագներին, քանի որ հասկանում ենք ինչ է կատարվել և մարդկանց մոտ ինչ հոգեվիճակ է։ Ես չեմ ցանկանա, որ մարդիկ նույն ցավը ապրեն՝ տեսնելով պատերազմի մասին ֆիլմեր, հոլովակներ։

Ես ցանակնում եմ տարբեր ժանրային ֆիլմեր ստեղծել՝ թեկուզ կարճամետրաժ, թեկուզ՝ սոցիալական հոլովակներ։ Ուզում եմ հմտանալ իմ մասնագիտության մեջ, որ հասկանամ, թե ապագայում որ ուղղվածությամբ կարող եմ աշխատանքս անել։ Եվ իհարկե կարևոր է, որ աշխատաշուկայում կարողանաս գտնել տեղդ։

Գուժ Թադևոսյան

«ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» ընկերության ներկայացուցիչ, «Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյան․ Ինչքան շուտ տղաները վերադառնան կյանք, ինչքան շուտ զբաղվեն մասնագիտական աշխատանքով, այնքան շուտ կհաղթահարեն խոչընդոտները։ Այն սովորողներին, ովքեր կավարտեն դասընթացները, մենք կօգնենք իրենց տեղը գտնել աշխատաշուկայում։ Սրանով նաև կապահովենք ոլորտում սերնդափոխությունը։

«ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենց․ Փորձը ցույց է տվել, որ պատերազմի մասին խոսել պարզապես չի կարելի, որովհետև չեմ կարծում, որ մարդասպանությունը լավ բան է և այդ հիշողությունները պետք է անընդհատ արթնացնել։ Տղաները ուզում են իրենց գործերով կյանք ներարկել այն ծնողների մեջ, ովքեր ցավոք զավակներ, ամուսիններ են կորցրել։ Եվ իրենց ֆիլմերով ուզում են կյանքը, ապագան ցուցադրել։

«Կինոդպրոց առանց սահմանների՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար» կրթական ծրագրի նախորդ տարվա մասնակիցներ, ուսանողներ Հովիկ Մարտիրոսյան և Դավիթ Ավանեսյան։

Back to top button