Մոռացված ֆիլմերի ստվերները

«Բաղդասարը բաժանվում է կնոջից» ֆիլմի ստեղծման ոդիսականը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

1975 թ․-ի ամռանը՝ Սև ծովի լողափերից մեկում, Գրիգոր Մելիք-Ավագյանը նկարահանում էր «Բաղդասարը բաժանվում է կնոջից» ֆիլմը։ Ծովափնյա տեսարանները նկարահանվեցին մեծ դժվարությամբ։ Բայց Երևան վերադառնալուց հետո կինոռեժիսորին մեծ հիասթափություն էր սպասվում. նկարահանված նյութն ամբողջովին խոտան էր։

Կինոռեժիսոր, սցենարիստ Գրիգոր Մելիք-Ավագյանի անունը տարիներ շարունակ կապվում էր «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմի հետ միայն։ Մինչդեռ անցյալ դարի 50-ականների առաջին կեսին, Համամիութենական կինոինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի՝ Իգոր Սավչենկոյի արվեստանոցն ավարտած տաղանդաշատ ռեժիսորը նկարահանել է բազմաթիվ ֆիլմեր, դարձել նաև հայկական կինոյում մյուզիքլի ժանրի հիմնադիրը։

Գրիգոր Մելիք-Ավագյան

Հայ օպերային երգիչ Արթուր Այդինյանի մասնակցությամբ «Սիրտն է երգում» ֆիլմը նրա առաջին կինոմյուզիքլն էր, որին հաջորդեցին «Մոր սիրտը», «Ինչո՞ւ է աղմկում գետը», «Քայլերգ», «Խնձորի այգին» և այլ գեղարվեստական ու վավերագրական կինոնկարներ։ Բայց ինչպես իրավացիորեն նշում է կինոգետ Սիրանույշ Գալստյանը՝ Գրիգոր Մելիք-Ավագյանի նկարահանած բազմաթիվ ֆիլմեր անարդարացիորեն անծանոթ մնացին հայ հանդիսատեսին։

«Կորսված, մոռացված ու աննկատ մնացած բազմաթիվ գոհարներ կան հայկական կինոժառանգության մեջ։ Փաստորեն և՛ ժամանակին, և՛ առավել ևս այսօր բազմաթիվ  ֆիլմեր կան, որոնք անհայտ են մնացել հայ կինոդիտողին։ Ավաղ այսպիսին է հայ կինոյի պատմությունը»,- ափսոսանքով նշում է Սիրանույշ Գալստյանը։ 

Սիրանույշ Գալստյան

70-ականների երկրորդ կեսին Գրիգոր Մելիք-Ավագյանն որոշեց էկրանավորել Հակոբ Պարոնյանի «Բաղդասար աղբար» պիեսը։ Մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի կատակերգությունը կինոսցենարի վերածելու գործը նա վստահեց իր վաղեմի ընկերոջը՝ գրող, արձակագիր Աղասի Այվազյանին։ Սցենարը, որն անվանվեց «Բաղդասարը բաժանվում է կնոջից», արագ հաստատվեց, և Գրիգոր Մելիք-Ավագյանն սկսեց ընտրել դերասաններին։

Գլխավոր դերակատարի՝ Բաղդասարի դերը փայլուն մարմնավորեց Մհեր Մկրտչյանը, նրա կնոջ՝ Անուշի կերպարում, հանդես եկավ Լաուրա Վարդանյանը, Անուշի սիրեցյալին՝ Կիպարին խաղաց Ալեքսանդր Խաչատրյանը, իսկ խորամանկ փաստաբան Օգսենի դերում Գրիգոր Մելիք-Ավագյանը հաստատեց Երևանի՝ Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնի առաջատար դերասան Ռաֆայել Քոթանջյանին։

Ռաֆայել Քոթանջյան

Պարոնյանի այդ գործի հաճույքը Քոթանջյանը վայելել էր Սունդուկյանի թատրոնի բեմադրությամբ և Օգսենի կերպարի առաջարկն ընդունեց մեծ ոգևորությամբ։ Տարիներ անց ցավով հիշում է, որ «Հայֆիլմ» կինոստուդիայի սպասարկող անձնակազմի թերացումների պատճառով նկարահանումները ուղեկցվում էին մեղմ ասած ոչ հաճելի անակնկալներով։

«Ֆիլմում շատ լավ մտածված էր փաստաբան Օգսենի անբարոյական կանանց հրաժեշտ տալու տեսարանը: Օդային համբույրներ բաժանելուց հետո Օգսենը պիտի վերևից թռներ, հայտնվեր կառքի երթիկի վրա և կառքը միանգամից շարժվեր։ Շատ գեղեցիկ մտածված տեսարան էր, ես էլ հաճույքով պատրատվել էին նկարահանմանը։ Եվ, երբ ամեն ինչ պատրաստ էր, ես թռա կառքի վրա, կտորը պատռվեց և ես կիսով չափ հայտնվեցի կառքի մեջ: Պարզվում է, որ մինչև նկարահանումը ոչ մեկի մտքով չէր անցել ստուգել կառքի երթիկի կտորի ամրությունը: Գրիգոր Գեորգևիչը զայրացավ, պահանջեց անմիջապես կարգի բերել կառքը»,- ասում է Ռաֆայել Քոթանջյանը:

Մհեր Մկրտչյան

Ռաֆայել Քոթանջյանը նշում է, որ Մհեր Մկրտչյանի հետ նույն հրապարակում աշխատելը և՛պարտավորեցնող էր, և՛ հաճելի։ Սիրված դերասանը պատմում է, իսկ նրա ձայնի մեջ խոսում է այն անցած օրերի կարոտը, երբ հայ կինոն ստեղծում էին տաղանդավոր, պրոֆեսիոնալ և բարձրարվեստ մարդիկ։ 

«Ուզում եմ շեշտել այն, որ ինչքան կարևոր է, երբ քո կողքին հանճարեղ դերասան է, որը օժտված է այնպիսի մարդկային հատկություններով, որ քեզ պարտավորեցնում է, որ դու էլ այդպիսին լինես մնացած բոլոր դերասանների հանդեպ»։

Գրիգոր Մելիք-Ավագյանի 68 րոպե տևողությամբ «Բաղդասարը բաժանվում է կնոջից» երաժշտական ֆիլմը, չնայած իր մասշտաբային նկարահանումներին և գունագեղությանը, էկրան բարձրանալուց հետո դասվեց հազվադեպ ցուցադրվող ֆիլմերի շարքին։

Մնում է հուսալ, որ Գրիգոր Մելիք-Ավագյանի կինոն ճանաչողները կգտնեն այն ճանապարհները, որոնց  միջոցով հայ կինոդիտողը ի վերջո հնարավորություն կունենա լիովին  ծանոթանալու՝ յուրօրինակ կինոմտածողությամբ  նկարահանված այս ֆիլմին:

Back to top button