Երաժշտական եռանկյունի

Մշակութաբանական ասպեկտը դասական արվեստի ընկալումներում․ «Երաժշտական եռանկյունի»

Հաղորդման մասնակիցներն են օպերային երգիչ, բաս Հայկ Տիգրանյանը և «Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների միություն» ՀԿ-ի մշակութային ծրագրերի համակարգող Արմինե Տիգրանյանը:

Հրավիրելով հյուրերին՝ չէի սպասում, որ զրույցը դուրս կգա ավանդական շրջանակներից և մենք կդիտարկենք օպերային արվեստը մշակութաբանության բարձունքներից:

Երգչի անհատական ուղին և մշակութաբանի ընդարձակ և խորը վերլուծությունը առիթ հանդիսացան բաժանելու մեր զրույցը երկու մասի:

— Հայկ, այնպիսի տպավորություն է, որ Դուք անցել եք երաժշտության ամենատարբեր ուղիներով և աստիճաններով՝ և՛ կրթության առումով, և՛ մասնագիտական աշխատանքի։
— Այո, այդպես է, նախ ավարտել եմ երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, այնուհետև կոնսերվատորիայի փողային գործիքների բաժինը՝ որպես հոբոյահար, և միայն դրանից հետո ավարտել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը։

Որպես հոբոյահար աշխատել եմ մեր Օպերային թատրոնի, Յակուտսկի (Ռուսաստան) Օպերային թատրոնի նվագախմբերում և Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայի Օպերային ստուդիայի նվագախմբում՝ որպես հոբոյահար և կոնցերտմայստեր:

— Կարելի է ասել, որ իմ՝ որպես փողային նվագարանների նվագողի կարիերան բավականին հաջող է ընթացել և հեռանկարային կլիներ, եթե չլիներ երգեցողության նկատմամբ իմ մեծ սերը: 2003 թ. արդեն աշխատում էի Ալ.Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում, 2008-ից՝ որպես մեներգիչ: Կարծում եմ՝ իմ պարագայում բախտորոշիչ էր ուսուցիչներիս՝ Գեղամ Գրիգորյանի և Պատրիցիա Պաչեի ուղղորդումը, որոնց վարպետության դասընթացներին մասնակցելու երջանկություն եմ ունեցել:

37 տարեկան օպերային երգչի երգացանկը զարմացնում է՝ Վերդի «Աիդա» և «Տրավիատա», Բելինի «Նորմա», Մոցարտ «Դոն Ժուան», Բիզե՝ «Կարմեն», Ռախմանինով՝ «Ալեկո», Չայկովսկի «Եվգենի Օնեգին», Ռոսսինի, Գունո, Բորոդին, Պուչինի – ցանկը կարելի է շարունակել: Երաժշտի կենսագրությունը հարուստ է նաև հյուրախաղերով, այլ երկրներում ներկայացումներով և համերգներով՝ Ռուսաստան, Իտալիա, Վրաստան, Հարավային Ամերիկա՝ Ուրուգվայ, Արգենտինա, Բրազիլիա: Նաև աշխատանքով դիրիժորներ Էդուրադ Թոփչյանի, Կարեն Դուրգարյանի, Գեորգի Իսահակյանի, Ջորդանիա Գայոզիի, Իրկին Գաբիտովի հետ:

— Արմինե, ինչպե՞ս է համատեղվում Ձեր աշխատանքը երաժշտության ոլորտում Ձեր հիմնական մասնագիտության՝ մշակութաբանության հետ:

— «Ֆիլհարմոնկ նվագախմբի բարեկամներ» կազմակերպությունը շատ վաղուց իր աջակցությունն է ցուցաբերում Ազգային ֆիլհարմոնիկին՝ կազմակերպչական աշխատանքներ, հյուրախաղեր, լուսաբանում, և շատ համահունչ է նաև իմ մասնագիտության հետ, որն ընդհանուր մարդաբանության մաս է կազմում՝ հետազոտելով և վերլուծելով այն ընթացքները, որոնք ձևավորում են հասարակության, ընտանիքի և անհատի մշակութային կերպը»:

— Հետաքրքիր է՝ մշակութաբանական առումով ինչպե՞ս է համադրվում դասական արվեստը՝ հատկապես օպերայինը, այն մշակութաբանական իրողությունների հետ, որոնք հատուկ են մեր երկրին և հասարակությանը: Չե՞ք տեսնում արդյոք իրարամերժություն բարձրաշխարհիկ և զանգվածային մշակույթների միջև:

— Անշուշտ, արժեքավորը հաճախ մերժողական հարաբերությունների մեջ է մտնում միջավայրում ընդունված ավանդույթների, աշխարհայացքի բարքերի հետ և մշակութաբանությունը կոչված է համակարգելու այդ ամենը՝ կրթական ոլորտից մինչև մեդիա տիրույթներ, շտկելու արժեհամակարգերը, նկարագրելու և ելքեր հուշելու: Հաղորդման ընթացքում հնչում են Հայկ Տիգրանյանի մի շարք կատարումներ:

Ցուցադրել ավելի
Back to top button