ԿարևորՀասարակություն

ՀայՓոստը ստացել է փոստի մշակման և ծրարավորման նոր համակարգ

Ավստրալիայում բնակվող բարերար Հերոս Դիլանչյանը ՀայՓոստին է նվիրել փոստի մշակման և ծրարավորման երկրորդ համակարգը, որի  շնորհիվ կրկնակի արագացել են ծրարավորման աշխատանքները:

Աշխարհում լավագույններից համարվող համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել հասցեավորված փոստային փաստաթղթերի լիարժեք մշակման գործընթացը ընդհուպ մինչև հասցեավորում, ծրարավորում և տեսակավորում: 

Ավստրալիայում բնակվող մեր հայրենակից, բարերար Հերոս Դիլանչյանը, ով ղեկավարում է փոստային համակարգերի արտադրությամբ զբաղվող IM Connect ընկերությունն, վերջին 15 տարիներին մշտապես աջակցել է ՀայՓոստին: Դեռևս 2006թ.-ին Դիլանչյանը ՀայՓոստին է նվիրաբերել փոստի մշակման և ծրարավորման առաջին համակարգը, որի օժանդակությամբ ընկերությունը հսկայական աշխատանք է կատարում:

Ինչպես նշում է IM Connect ընկերության ղեկավար Հերոս Դիլանչյանը,- «Իմ համոզմունք է, որ սփյուռքում աշխատող և ապրող յուրաքանչյուր հայ պետք է ընդառաջ գնա ցանկացած հնարավորությանը կամ ինքը ստեղծի առիթներ՝ աջակցելու Հայաստանին, նպաստելու հայրենիքի զարգացմանը։ Ես համարում եմ, որ ՀայՓոստի դերը մեր երկրում անչափ կարևոր և անփոխարինելի է՝ որպես տնտեսական զարգացման, հասարակական կապի և քաղաքացիական վստահության ամրապնդման միջոց»:

«Շնորհակալ ենք պրն Դիլանչյանին ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար արժեցող  փոստի մշակման և ծրարավորման ևս մեկ համակարգ նվիրաբերելու և մեր ընկերությանը մշտապես աջակցելու համար:   Այսօր պրն Դիլանչյանը Հայաստանում է և կարող է տեսնել, թե ինչ հսկայական աշխատանք են կատարում իր նվիրած սարքերը Հայաստանում և որքան են նպաստում մեր աշխատանքի ավտոմատացմանն ու արագությանը»,- նշեց ՀայՓոստ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար Գևորգ Խանգելդյանը նշեց,- «Փոստի մշակման և ծրարավորման նոր համակարգի շնորհիվ կարողացել ենք երկու անգամ արագացնել ծրարավորման աշխատանքները  և ավելի արդյունավետ իրականացնել այն՝ խնայելով ռեսուրսները և բարելավելով մատուցվող ծառայությունների որակը»:

Փոստի մշակման և ծրարավորման համակարգը հնարավորություն է տալիս ՀայՓոստին 1 ժամում թողարկել շուրջ 12 հազար ծրար, ինչպես նաև այժմ հնարավոր է ծրարներում միանգամից դնել ներդրանք՝ խնայելով ժամանակային և մարդկային ռեսուրսները:

Back to top button