ԿարևորՔաղաքական

Հակադրությո՞ւն, թե՞ փոխլրացում․ Հայաստանի նոր քայլերը` Մոսկվայից և Բրյուսելից հետո

Հանուն Արցախի և հանուն Հայաստանի` այպես ձեւակերպվող նպատակով ընդդիմադիրների հայտարարած պայքարի 5-րդ օրն է Ազատության հրապարակում։ Ընդդիմադիրների ներկայացմամբ՝ Ազատության հրապարակ են գնում մարդիկ, ովքեր երբևիցե հանրահավաքային պայքարի չեն մասնակցել։ Սա թույլ է տալիս իրենց ենթադրել, որ առաջիկայում բողոքի ակցիայի և հայտարարված հացադուլի մարտավարությունը փոխվելու է։

Մինչ ընդդիմադիրները դեռ մտածում են պայքարի ձևերի մասին, իշխանությունը կոնկրետ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող քայլեր է ձեռնարկում միջազգային հարթակներում։ Բրյուսելից հետո իր մոսկովյան այցից և այնտեղի համաձայնություններից Փաշինյանը գոհ է։

Առաջիկա օրերին ընդդիմությունը պատրաստվում է պայքարի ավելի լայնածավալ գործողությունների։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը 5 օր Ազատության հրապարակում անցկացնելուց հետո նկատել է՝ հրապարակ են գնում մարդիկ, որոնք երբևիցե հանրահավաքային պայքարի չեն մասնակցել։ Ընդդիմադիրների համար սա ցուցիչ է։ Առաջիկայում պայքարի դուրս գալու նպատակի մասին հայտարարել է նաև «Հայաստան» դաշինքը։

Կրկին Ազատության հրապարակից են սկսելու ապրիլի 23-ից։ Իսկ ընդդիմադիր արտախորհրդարանական ուժերն իրենց օրակարգով և մարտավարությամբ են առաջ շարժվում։ Վանեցյանի ներկայացմամբ՝ սա ոչ թե ընդդիմության շարքերում տարաձայնության,այլ մարտավարության պատկերն է։

«Արդյունքի հասնելու համար պետք է իրականացվի արդյունավետ պայքար, և այդ արդյունավետ պայքարը մենք համարում ենք, որ պետք է լինի ապակենտրոն, ցանցային, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ ներգրավվեն այդ պրոցեսի մեջ, և կարողանանք գեներացնել այն մարդկանց պահանջը, որոնք իրականում չեն ուզում այս իրավիճակում ապրել, համաձայն չեն այս իշխանությունների քաղաքականության հետ, և հասնենք մեր նպատակին»։

Ընդդիմադիրների դժգոհության ինչ-որ նոր առիթ ունեն` կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ու այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, որոնց արդյունքները հրապարակվեցին 30 կետանոց հայտարարությամբ։ Բայց մեկ օրը Վանեցյանի համար բավարար չէ փաստաթղթում առկա ռիսկերը գնահատելու համար․

«Չեմ ուզում հիմա այդ հարցին անդրադառնամ և մակերեսային պատասխան տամ։ Այդ հայտարարությունը, իհարկե, ընթերցել եմ։ Չեմ ուսումնասիրել, չեմ վերլուծել, չեմ խորացել։ Եկեք պայմանավորվենք, որ առաջիկա օրերին ես դրա հետ կապված իմ կարծիքը կարտահայտեմ, որովհետև այդ հայտարարության մասին խոսել մակերեսային կարծում եմ, ճիշտ չէ»։

Մինչ ընդդիմությունը դեռ փորձում է պատրաստվել գործողությունների ակտիվ փուլի, իշխանությունը միջազգային հարթակներում արդեն գործողություններ է իրականացնում և պայմանավորվածություններ ձեռք բերում։ Երկու շաբաթ տարբերությամբ Փաշինյանը նախ Բրյուսելում էր, հետո` Մոսկվայում։ Երկու այցն էլ երկօրյա էին։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին երկու քաղաքում էլ․ Բրյուսելում` 2 հստակ պայմանավորվածություն, Մոսկվայում` 30 կետանոց հայտարարություն։

Բրյուսելից բերված որոշումներից առաջինով մինչև ապրիլի վերջ ստեղծվելու է երկու մանդատով օժտված երկկողմ հանձնաժողով` սահմանագծման և սահմանազատման հարցերով, նաև ապահովվելու է կայուն անվտանգ իրադրություն սահմանագծի երկայնքով ու մերձակայքում։ Երկրորդ համաձայնությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստման աշխատանքները։ Բրյուսելում տեղի ունեցածը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ձևակերպեց որպես զգալի առաջընթաց։

Մոսկովյան հանդիպումների արդյունքներով տարածված 30 կետանոց հայտարարության առնվազն 10 կետը այս կամ այն կերպ առնչվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային խնդիրներին։ Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ կողմերը նախանշեցին անելիքները․

Ռուսաստանի նախագահը հաստատեց՝ մոսկովյան հանդիպման որոշ մասը հատկացվել է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, Փաշինյանը շեշտեց՝ տարածաշրջանի կարևոր հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է և ռուս խաղաղապահների աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ ՌԴ պաշտոնական այցի արդյունքներից իր գոհունակությունը Փաշինյանը հետո չթաքցրեց։

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Հայաստանի ընդդիմադիրների շրջանում կարծիք կա, թե մոսկովյան 30 կետանոց հայտարարության որոշ հատվածներ հակասում են բրյուսելյան պայմանավորվածություններին և արևմուտքի մոտեցումներին ընդհանրապես։ Իսկ դրան զուգահեռ` Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո հաջորդ օրը ազդակ է հնչել ՀԱՊԿ-ից։

Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում կօգնի ապահովել Հայաստանի անվտանգությունը` երկրի ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում։ Այս մասին գրել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը իր Telegram-ալիքում։

Հավելել է, որ «Ռուսաստանը «անգնահատելի և վճռորոշ» ներդրում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ Իսկ խաղաղապահներն այժմ կանխում են դրա կրկնությունը և կանխում խաղաղ բնակչության հնարավոր ցեղասպանությունը»,-գրել է նա։

Back to top button