
Հնում եռանկյունաձև զարդեր կրելու իրավունք ունեին միայն թագուհիները, իշխանուհիները, ազնվական ծագում ունեցող մարդիկ։ Ընդունված էր համարել, որ սուր ծայրով դեպի վերև զարդանախշերը՝ եռանկյունու, բուրգի պատկերով, խորհրդանշում էին մարդու և արարչի կապը։ Այսպես ասած հասարակ մահկանացուները չէին կարող իրենց նման «մտերմություն» թույլ տալ։
Նախնադարում զարդը ոչ թե աչք շոյող աքսեսուար էր, այլ խորհուրդ ու ասելիք ունեցող հաղորդագրություն։ Այժմ հաղորդագրություն պարունակում է թերևս միայն ամուսնական մատանին, որ ոչ թե էսթետիկ, այլ կարգավիճակի մասին հայտնող նպատակ ունի։ Սակայն պարզ երկրաչափական մարմնին՝ շրջանին էլ այժմ լրացնելու են եկել գեղագիտական ատրիբուտներ։
Այնուամենայնիվ՝ այսօր էլ կարելի է տեսնել հայկական զարդանախշերի կոդը, բանաձևն ու հաշիվը և բացահայտել՝ որքանով է այն կապված ճշգրիտ գիտության հետ։
«Հայկական զարդերն ու զարդանախշերը հենց այնպիսի արժեքներ են, որոնցով բացահայտում ենք մեր նախնիների մտածելակերպը և աշխարհայացքը։ Մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր զարդանախշի մեջ թաքնված է կոդ։ Նույնն է, որ դու դնես և սկսես կարդալ ինչ-որ նախադասություն, նույն կերպ հայկական գորգեր, հայկական զարդանախշեր ուսումնասիրող ազգագրագետները կարող են նայել գորգի նախշերին, որոնք ձեր աչքին ուղղակի գեղեցիկ էսթետիկ նախշեր կթվան և կարդալ մի ամբողջ պատմություն գորգ գործողի մասին, գորգի ստեղծման ժամանակաշրջանի մասին»։


Դրանք ոչ թե աբստրակտ, կրեատիվ, տվյալ պահին ստեղծվող զարդանախշային համալիրներ են, այլ դարերի խորքից եկած հաստատուն, իրենց ձևը, ֆորման և այդ ֆորմաների մեջ իրենց գաղափարը պարփակող և սերնդեսերունդ փոխանցող մաթեմատիկական կոդեր են, որոնք ուղղակի պետք է ճիշտ հասկանալ։
Լրագրող, ազգագրագետ Մանան Դաֆին ուսանողական տարիներին մի գրքում տեսավ ականջօղի նկար, ցանկացավ ունենալ դա և բացահայտեց, որ տեսածը հայկական իշխանական զարդ է՝ իր համար դեռևս անհասանելի։ Երկար ուսումնասիրելուց հետո արդեն 2 տարի է զբաղվում հայկական արքայական զարդերի վերստեղծմամբ՝ մեր օրեր բերելով ավելի քան 3000-ամյա զարդանախշերն ու դրանց պատմությունը․
«Մեր զարդանախշերի մեջ մենք կարող ենք տեսնել երկրաչափական զարդանախշեր, թռչնաձև կամ վիշապաձև զարդանախշեր, բայց դրանք բոլորը ունեն երկրաչափական կառուցվածք։ Այսինքն՝ երբ մենք ասում ենք վիշապաձև զարդանախշ, պետք չի այնտեղ վիշապ փնտրել։ Վիշապը ստանում են հստակ երկրաչափական սինվոլիկա կիրառելով, որը կրում է կոնկրետ խորհրդանիշ և ունի կոնկրետ կոդ»։
Մանանը զարդերը վերստեղծելու տեխնիկական մասին չի տիրապետում, բայց հասցրել է հասկանալ՝ մաթեմատիկան ու ճշգրտությունը ոչ միայն զարդի բովանդակության, այլ նաև ձևի մեջ են․
«Ես ինքս ոչ նկարիչ եմ, և ոչ էլ համակարգչային ծրագրին եմ տիրապետում, որով ստեղծվում են մեր զարդերը, բայց երբ նստում եմ մեր դիզայների կողքին և տեսնում եմ՝ իրենք ինչպես են աշխատում, ծրագրի մեջ կան բազմաթիվ պատկերներ, երկրաչափական մարմիններ, կոդեր, որոնցով հավաքվում են զարդերը»։
Կենտրոնական առանցքը գտնելը՝ դրա շուրջ ձևավորելով սրբապատկերներ, զարդամոտիվներ, այն քրիտսոնեական դրախտը, որը արտահայտվում է խաչքարի վրա․ սա իհարկե կրում է մաթեմատիկական հաշվարկումներ։
«Հայկական զարդանախշերի ձևավորման ակունքը պետք է տեսնել նախնադարյան ժամանակաշրջանում, երբ ձևավորվում էր կերպարվեստն ինքնին։ Պարզ է, որ պատկերի ստեղծման հարցում շատ կարևոր էր դրա մաթեմատիկական, հաշվարկային ձեւավորումը»։
Արվեստի պատմության մասնագետ Գայանե Պողոսյանը պատմում է՝ հայկական զարդանախշերը ստեղծվեցին երկրաչափական ու թվաբանական հենքի վրա՝ գեղագիտական լուծումներով և տեղավորվեցին գրեթե բոլոր արհեստներում ու արվեստներում։ Ամենաակնհայտ օրինակներից մեկը՝ խաչքար․


«Արվել է ուղղանկյուն սալի վրա, օգտագործվել է միայն արևմտամետ կողմը, որի վրա կենտրոնական առանցքը զբաղեցրել է խաչի գաղափարը, իսկ մենք ունենք հավասարաթև խաչ հասկացություն, որն ինքնին իր մեջ կրում է մաթեմատիկական սկզբունքներ, հաշվարկներ և դա պետք է կառուցել երկչափ հարթության վրա։ Խաչքար անելիս` խաչքարագործ վարպետները միշտ էլ առնչվել են այդ հաշվարկների հետ, որ ստանան ճիշտ կառուցված ներդաշնակ, համաչափություններով պատկերագրական համակարգ»։
Քարի և հայկական զարդանաշխերի համադրությունը կարող ենք տեսնել նաև տարբեր ճարտարապետական կոթողների արտաքին պատերին։ Այստեղ քանդակագործից հատուկ ուշադրություն է պահանջվում, քանի որ խրթին կառուցվածքով զարդանախշը պատին փորագրելիս սխալվելու իրավունք չկա․ քարը չի հասկանում «ctrl+z» հրամանը։
Զարդ պատկերելիս հաշվարկների մեջ սխալվելը ոչ անդառնալի, սակայն լուրջ դժվարություններ առաջացնող խնդիր կարող է դառնալ հայկական արվեստի մյուս կարևոր ճյուղի՝ գորգագործների համար։


Ամեն ինչ և՛ պետք է տեղավորվի տարածքի մեջ, և՛ պետք է համապատասխանի էսքիզին։ Նույնիսկ մեկ զույգ թելի տարբերությամբ գործելուց կարող է խնդիր առաջանալ։
«Վերցնում ենք աջից առաջին թելը, անցկացնում ենք մեր գործելու գույնը, ձախից վերցնում ենք դանակի կեռիկը ու երկուսի մեջտեղով անցկացնում ենք թելը, վերջում դանակով կտրում ենք։ Աջից կա երկու մանուշակագույն, մենք արդեն տեղադրել ենք երկու մանուշակագույները, հետո, ըստ էսքիզի, գալիս է 7 մարմնագույն, հետո էլի 2 մանուշակագույն ու այդպես արդեն ըստ էսքիզի գործում ենք»։
Նելլի Անանյանի աշխատանքային սենյակում դազգահների վրա տարբեր գորգեր կան։ Մեկն իր օժիտի գորգն է․ հատուկ ուշադրությամբ է գործում։ Մի անգամ սխալվել ու ստիպված է եղել աշխատանքի մեծ բաժինը քանդել, նորից սկսել․


«Հայկական գորգերն ունենում են 36 խտություն։ Խտությունը այն հաշիվն է, թե 10 սմ հատվածում քանի զույգ թել ենք մենք օգտագործում։ Խտությունից որոշվում է նաև գորգի որակը։ Ինչքան խտությունը բարձր է, այնքան գորգն ավելի թանկարժեք է։ Լինում են մետաքսյա գորգեր, որտեղ խտությունը կարող է 10 սմ-ում մինչև 100-120 հասնել»։
Գորգագործությունը սկսվում է էսքիզը պատկերելու գործընթացից․ վանդակավոր թղթի վրա ճշգրտությամբ նկարվում է գորգի նախագիծը։ Այստեղ կարևոր է յուրաքանչյուր հանգույցի դերը․
«Հանգույցների քանակը շատ մեծ նշանակություն ունի, եթե էսքիզով տրված է, օրինակ, 250 հանգույց, պետք է էդ 250 հանգույցն էլ անպայման լրացվի։ Եթե սովորական նկար լինի, մենք ուղղակի չենք տեսնի հանգույցների քանակը, որը գորգագործը պետք է իմանա»։
Գորգագործը էսքիզի համաձայն մեկը մյուսի հետևից շարում է հանգույցները, հաշվում թելերը, համադրում գույները, իսկ ամիսներ անց արվեստի գործ է ստեղծվում։ Խաչքարագործը որոշում է քարի կենտրոնը, հաշվարկում խաչի պարամետրերը և ստեղծում դրախտային պատկեր՝ հենվելով ճշգրիտ գիտության վրա։ Քանդակագործը շենքի պատին է զարդ նկարում, զարդագործը՝ գոտու կամ վզնոցի վրա։ Եվ մինչ մարդը վայելում է հայկական զարդանախշերի գեղեցկությունը՝ գեղագիտական հաճույք ստանալով, ազգագրագետները դրանցում պատմություն, արհեստավորները՝ նաև ճշգրիտ գիտություն են տեսնում։
Քանզի առանց մաթեմատիկական հաշվարկների ու երկրաչափական պատկերների նույնիսկ ազգի պատմությունը վավերագրող արվեստը չի կարող լիարժեք լինել։ Իսկ թե մեր կյանքի մյուս որ ոլորտն է ամբողջացնում մաթեմատիկան՝ կպարզենք արդեն հաջորդ շաբաթ։