ԿարևորՀասարակություն

Եթե աշխատանք գտնենք, կմնանք Հայաստանում․ ուկրաինահայ ընտանիքը՝ ինտեգրման խնդիրների մասին

Ռուս ուկրաինական պատերազմի 57 օրերի ընթացքում ուկրաինացի փախստականների թիվը հատել է 5 միլիոնը։ ՄԱԿ–ի տվյալներով՝  շուրջ 3 միլիոն մարդ ապաստանել է հարևան Լեհաստանում, շուրջ 800 հազարն էլ՝ Ռումինիայում։ Ուկրաինայի հայ համայնքից «Ռադիոլուրին» հաղորդում են, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, փորձում են հումանիտար օգնություն ուղարկել երկրի այս կամ այն հատվածում մնացած հայերին։ Տեղի հայ համայնքի տվյալներով՝ ուկրաինահայերը հիմնականում Արևմտյան Եվրոպա են տեղափոխվել, Հայաստան վերադարձած ընտանիքների թիվն ավելի փոքր է։

Ուկրաինայի Խարկով քաղաքի բնակչուհի Սիրուշ Սայադյանը արդեն 2 շաբաթ 2 աղջիկների հետ Հայաստանում է։ Պատերազմի 30-րդ օրը դուրս են եկել Խարկովից, նախ՝ արևմտյան Ուկրաինայում, հետո Լեհաստանում ապաստանելուց հետո ի վերջո տեղափոխվել են Հայաստան։ Պատմում է՝ Խարկովում ռումբերի տակ տունն ու ամուսնուն է թողել։

«Պարբերաբար կրակում են, գնդակոծում են․ կամ գիշերն ա հանգիստ, կամ ցերեկը, բայց, ընդհանուր առմամբ, կրակոցները շատ են։ Ծանոթներ ունենք, որոնք դեռ Խարկովում են, ասում են,  որ մեր տունը դեռ կանգուն է, չնայած քաղաքի մեկ չորրորդն ամբողջությամբ ավերված է»։

Հայաստանում էլ դժվարություններ ունենք՝ պատմում է տիկին Սիրուշը, սկզբում օդանավակայանում քովիդի թեստի գումար են պահանջել, չնայած իրենք գիտեին, որ Ուկրաինայից եկածների համար թեստավորումն անվճար է, հետո երկար հարցուփորձ են արել, անձնագրերը ստուգել։ Հիմա Տիկին Սիրուշը երեխաների հետ ամուսնու ծնողների տանն է ապրում՝ Վայքում, ասում է՝ եթե Երևանում երեխաների համար ավելի շատ հնարավորություններ լինեն, գուցե տեղափոխվեն Երևան։

«Շատ կուզեի, որ իրենք ստեղ ապրեին, աշխատեին, մեծ աղջիկս միջազգային իրավունքի մասնագետ է, հիմա մագիստրատուրայում է սովորում։ Նա էլ է ասում՝ եթե գոնե ժամանակավոր աշխատանք գտնենք, կմնանք Հայաստանում»,– պատմում է Սիրուշ Սայադյանը։

Աղջիկները Երևանից Ուկրաինա շարունակում են ուսումը,  մինչև Հայաստան հասնելը դասեր են բաց թողել, բայց հիմա արդեն ինտերնետ կապ ունեն և շարունակում են հեռավար սովորել։

«Այստեղից ամեն օր միանում են դասերին, քննություններ են հանձնել։ Դասախոսներ ունեն, որ նկուղներից են միանում դասերին կամ այլ երկրներից, բայց պարտաճանաչ դասերը շարունակում են»։

Միգրացիայի ծառայությունից «Ռադիոլուրին» հայտնում են՝ 2022թ առաջին եռամսյակում Հայաստան է եկել Ուկրաինայի շուրջ 6000 քաղաքացի․ նրանցից ավելի քան 90–ը դիմել է ՀՀ–ում փախստականի կարգավիճակ ստանալու համար։

Ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան են եկել նաև դպրոցահասակ երեխաներ։ ԿԳՄՍ նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցեցին՝ Հայաստանում ռուսերենով ուսուցում իրականացնող դպրոցները 45-ն են։ Միայն մարտի 1-ից ապրիլի 8-ն այս դպրոցներում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների թիվն ավելացել է 75-ով․ նրանք հիմնականում ՌԴ-ից ժամանած երեխաներ են:

ՄԱԿ–ի տվյալներով՝ ռուս–ուկրաինական պատերազմի 57 օրերի ընթացքում Ուկրաինայում զոհվել է շուրջ 170 երեխա, 5 միլիոն երեխա էլ ստիպված լքել է իր տունը։ ՄԱԿ-ն ընդգծում է, որ զոհերի և տուժածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ  շարունակվող ռազմական գործողությունների պատճառով տեղեկություններն ուշացումով են ստուգվում ու հաստատվում։ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ամփոփմամբ՝ ուկրաինացի փախստականների թիվն արդեն անցել է 5 միլիոնը։

Ավելի վաղ Ուկրիաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել էր, որ վերջին օրերին չի հաջողվել պայմանավորվածություններ ձեռք բերել հումանիտար միջանցքների վերաբերյալ։ Նախնական պայմանավորվածություն է ստացվել միայն Մարիուպոլից կանանց, երեխաներին և ծերերին տարհանելու համար՝ հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետը։ Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է․

«Խարկովից հաջողվել է մի քանի ընտանիքի դուրս բերել, մենք էլ հումանիտար օգնություն ենք ուղարկել այնտեղ։ Արդեն Խարկովում մեր համայնքի ներկայացուցիչներն օգնությունը փոխանցում են տեղաբնակներին։ Ամենաբարդ իրավիճակը, հումանիտար ճգնաժամը Մարիուպոլում է, ուր չենք կարողանում ոչինչ ուղարկել»,– ասում է Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչը։

Դավիթ Մկրտչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ վերջին օրերին իրավիճակը հարաբերական կայուն է մայրաքաղաք Կիևում, Սումի և Չերնիգով քաղաքներում, և լարված՝ երկրի հարավում և արևելքում․ մասնավորապես  Մարիուպոլն ու  Խարկովը գրեթե 24 ժամ ռմբակոծվում են։

Back to top button