ԿարևորՀասարակություն

Գիտնականը պլաստիկը քայքայող մանրէ է փնտրում․ ինքնատիպ հետազոտություն Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ գիտնականները փնտրում են մանրէներ, որոնք կյուրացնեն պլաստիկը։ Նման մանրէ 2016 թվականին գտել են ճապոնացի գիտնականները։ Այժմ Հայաստանում են փնտրում այդպիսիք։ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայում աշխատող գիտական խումբը նաև բազմամետաղակայուն մանրէների փնտրտուքով է զբաղվել։ Այժմ փորձում են հասկանալ՝ ինչպե՞ս կարող են պոչամբարներ լցնելուց առաջ հանքարդյունաբերական հոսքաջրերն ու թափոնները ֆիլտրել՝ կրկին մանրէների միջոցով։

Հայաստանում տարեկան կուտակվում է մոտ 5000 տ պոլիէթիլենային թափոն։ Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների` մեր երկիր տարեկան ներմուծվում է ավելի քան 622 տ, արտադրվում` ավելի քան 200 տ պոլիէթիլենային տոպրակ: Այս տոպրակների մեծածավալ կիրառման դեմ կառավարությունը փորձեց պայքարել, բայց ընդամենը երկու ամիս անց պոլիէթիլենային տոպրակների խնդրի բնապահպանական կողմը ոչ միայն չլուծվեց, այլեւ ավելի սրվեց։ Օրենքի արդյունավետությունն ավելի նկատելի կլինի, եթե վերահսկողությունն ուժեղանա՝ «Ռադիոլուր»-ին ասում է շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։

«Կարծում եմ՝ վերահսկողական համակարգի առավել բարելավման դեպքում կաշխատի։ Եթե գնահատումներ արվեն, հետագայում միգուցե, քանի որ սա դիտարկվել է որպես միջանկյալ լուծում՝ աստիճանական կրճատմանն ուղղված, կարող ենք մտածել օրենսդրական նոր փոփոխությունների մասին։ Բայց վերահսկող մարմինը ՏԻՄ-երն են, որոնց հետ մինչ օրս համագործակցում ենք այդ վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ»։

Եվ ահա, այստեղ է, որ օգնության է գալիս գիտական միտքը։ ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի Կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնում պլաստիկը դեգրադացնելու մանրէներ են փնտրում։ Մինչ 2016 թվականը գիտական աշխարհում էլ էին վստահ, որ պլաստիկը չի քայքայվում, բայց ճապոնացի գիտնականները փոխեցին պատկերացումները։ Կենսաքիմիայի, մանրէաբանության եւ կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արմինե Մարգարյանը նկատում է․

«2016թվականին ճապոնացի գիտնականները հայտնաբերեցին Ideonella sakaiensis» մանրէն, որը սինթեզում է պոլիէթիլենը քայքայող ֆերմենտ, որը կարող է նաև յուրացվել այլ մանրէների կողմից» ։

 Մանրէները, շնորհիվ ճկուն նյութափոխանակության, զարգացնում են նոր կատաբոլիկ ուղիները՝ մասամբ քայքայելու տեխնածին պլաստիկները՝ որպես ածխածնի և էներգիայի աղբյուրներ։ Եվ ահա,ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայում գիտական մի խումբ հենց այս խնդրով է զբաղվում։ Այն հետազոտության անհրաժեշտ նմուշները հավաքել է պլաստիկե շշերով, պոլիէթիլենային տոպրակներով աչքի ընկնող վայրերից` հիմնականում Լոռու մարզից։

«Առաջին անգամ է նման հետազոտություն արվում Հայաստանում։ Փորձում ենք այն պլաստիկները վերցնել, որոնք հողում երկար են մնացել՝ փորձելով նրանց տարանջատել արտաքին տեսքով։ Վերցնում ենք ձևափոխված նմուշները՝ ենթադրում ենք, որ հենց մանրէները կարող են նպաստել այդ ձևափոխությանը»։

Պլաստիկի աղտոտված նմուշներում գերակշռել են Oxalophagus և Filifactor ցեղին պատկանող բակտերիաները, որոնք, ենթադրաբար, կարող են մասնակցել պլաստիկ նյութերի յուրացմանը՝ ասում է զրուցակիցս․

«Բնության մեջ կա այդ մանրէն, որը կարող է քայքայել պլաստիկը։ Գտել են ճապոնացի գիտնականները։ Շատ այլ հայ գիտնականների նույնպես ներկայացրել են մանրէներ, որոնք ևս նպաստում են քայքայմանը։ Ցույց է տրված, որ մեկ ամիս հետո պլաստիկը 20 սմ տրամագծով կարող է քաշը կորցնել մոտ երկու անգամ։ Դա մեծ հաջողություն է։ Բնականաբար դա կարող է լինել այն միջավայրում, որտեղ կան այդ մանրէները»։

 Սպիտակ խալաթն ու բժշկական ձեռնոցները գիտական այս լաբորատորիայում աշխատանքի անբաժան մասն են։ Այստեղ ամեն ինչ կարգ ու կանոնով է՝ ժամանակակից պահանջներով։ Գիտաշխատողներն ասում են, որ մանրէների հետ աշխատելը շատ հետաքրքիր է։ Արմինե Մարգարյանն ուսումնասիրել է նաև մետաղակայուն մանրէները։ Այս անգամ ,այսպես ասենք, թիրախում հանքարդյունաբերության ոլորտն է։ Այս խմբում պարզել են՝ կան մանրէների համակեցություններ, որոնք, երկար տարիներ բնակվելով մետաղների թունավոր պարունակության մեջ, կայունության տարբեր մեխանիզմներ են ձևավորել։

«Փորձել եմ բոլոր հանքատեղիներից նմուշներ վերցնել։ Շատ դեպքերում դա անհնար էր, քանի որ ձեռներեցները թույլ չէին տալիս մոտենալ հանքերին, բայց նմուշներ վերցրել եմ Վարդենիսից՝ Զոդի հանքից, Կապանից, Քաջարանից, Արծվանիկի պոչամբարից, Թեղուտի պոչամբարից, Ախթալայից»։

 Հենց հետազոտությունների ընթացքում են պարզել, որ կարող են բակտերիաների հիմքով կենսաֆիլտրեր ստեղծել, որոնք էլ կօգտագործեն թափոնաջրերի կամ հոսքաջրերի մաքրման համար։ Հետազոտությունների ու արդյունք ստանալու համար ոչ միայն ժամանակ, այլեւ նյութեր են անհրաժեշտ։ Շատ հաճախ դրանք արտերկրից են ձեռք բերվում գնումների միջոցով, իսկ դա կարող է երբեմն մի քանի ամիս տևել՝ հետաձգելով վերջնարդյունքին հասնելը։

Back to top button