ԿարևորՀասարակություն

Գաղթականի թոռն այլևս գաղթական չի դառնա․ Թաթուլ Կրպեյան

1991 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Արցախում ծավալված բռնությունների ալիքը հասավ իր գագաթնակետին։ Հայերին տեղահանելու նպատակով ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ, փաստորեն,  բացահայտ պատերազմ սկսեցին Շահումյանի և Գետաշենի հայ բնակչության դեմ։ «Օղակ» գործողության արդյունքում՝ դաժան մարտերից հետո, նրանք գրավեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Հենց այս տխրահռչակ գործողության ժամանակ էլ զոհվեց հայկական ինքնապաշտպանության ջոկատի մարտիկ Թաթուլ Կրպեյանը, նույն ինքը՝ Գետաշենի արծիվը։ Ապրիլի 21-ը ազգային հերոս ԹաթուլԿրպեյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 57 տարեկան։ Ալիսա Գևորգյանի անդրադարձը

Նա ծնվել էր Ժորժիկ և Սեդա Կրպեյանների ընտանիքում 1965 թվականին Թալինի Արեգ գյուղում։ Ընտանիքի վեց զավակներից Թաթուլը կրտսերն էր, մեծացել էր էրգրի մասին գաղթական տատից լսած երգերով ու հեքիաթներով։ Լսել  ու դեռ մանկուց ուխտել էր․ գաղթականի թոռն այլևս գաղթական չի դառնա։ «Հայրենապաշտ էր բառի ամենաիսկական իմաստով»,-ասում է Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը՝ հիշելով եղբոր հետ վերջին հանդիպումը․

«Վերջին անգամ Գետաշենից եկավ հունվար ամսին, եկավ,  ասաց՝ մամային խաբել եմ։ ես կգնամ, հետո կզանգես մամային կասես, որ գնացել եմ։ Պատուհանի մոտ կանգնած զգում էի, որ Թաթուլին վերջին անգամ եմ ճանապարհում»։

  1986 թվականին նա  ընդունվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ընդունվեց ու չհասցրեց ավարտել։  Պատմության  ֆակուլտետի ուսանողների մեջ Թաթուլը միակն էր, որ արձագանքեց որպես մանկավարժ Արցախ մեկնելու առաջարկությանը։ Հենց այսպես Թաթուլ Կրպեյանը հայտնվեց Գետաշենում, որտեղ ավելի ուշ  նա տեղի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարն էր։  Ազատամարտիկ Գևորգ Գրիգորյանը Գետաշեն էր մեկնել որպես բժիշկ, տհաճ միջադեպի պատճառով նրա ու Թաթուլի առաջին հանդիպումն առանձնապես ջերմ չէր եղել, իսկ հետո․․․

«Կնճռոտ հարցը արագ հարթվեց, իսկ հետո մենք ընկերացանք, բարեկամացանք։ Թաթուլը մինչև վերջ հավատարիմ  մնաց իրեն․ վերջին նռնակը պահում էր իր մոտ։ Մի անգամ նա փրկեց գերի ընկած ազատամարտիկին․ բռնեց նռնակը, մոտեցավ ռուս սպային, թևանցուկ տարամ մի կողմ ու ասաց՝ կպայթեցնեմ, եթե մեր ազատամարտիկին բաց չթողնեք։  Տղային ազատեցին»։

Նույն հնարքը Թաթուլն օգտագործեց «Օղակ» գործողության ժամանակ, սակայն այս անգամ հնարքը չհաջողվեց։

«Չարաբաստիկ ապրիլի 30-ին  Թաթուլը զրահամեքենայից օձիքից բռնած դուրս քաշեց ռուս զինվորական Մաշկովին՝  նռնակը ձեռքին գոռալով․ «Կպայթեցնեմ, եթե հրաման չտաք օմոնականներին ու զորքին դուրս գալ Գետաշենից»։ Թիկունքից շրջանցելով նրան խփել էին, և վերջին պահին Թաթուլը նռնակը պայթեցրել էր։ Նա զոհվեց, բայց դրանով կանխվեց Գետաշենի սպանդը»։

Երբ Թութալը զոհվեց, նրա միակ դուստրը՝ Ասպրամն ընդամենը մեկ տարեկան էր։ Հոր հետ կապված կենդանի հիշողություններ, բնականաբար, չունի, բայց Թաթուլի մարտական ընկերների ու հարազատների փոխանցած հիշողությունները լիուլի բավարար են, որպեսզի մեծ հպարտությամբ կրի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը լինելու պատասխանատվությունը․

«Հայրս այդ ժամանակ եղել է լեռներում, նրանք հնարավորություն են ունեցել ուղղակի թողնել ու գյուղից հեռանալ, բայց  հայրս ասել է, որ միայն իր դիակի վրայով գյուղ կմտնի թշնամին և միայն իր դիակի վրայով կկարողանա որևէ թիզ հող զավթել։ Եվ հենց այդպես էլ եղավ»։

Թաթուլ Կրպեյանը զոհվեց 1991 ապրիլի 30-ին չարաբաստիկ «Օղակ» գործողության ժամանակ, երբ ընդամենը 26 տարեկան էր։  Գաղթականի թոռը մինչև վերջին շունչը  պայքարեց, որպեսզի գետաշենցին ու մարտունեցին գաղթական չդառնան։ Ավելի վաղ Թաթուլն ասել էր․ «Վախենու՞մ եք մահից, հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել, հողի և ազգի։ Ես ոչ մի անգամ Երևանի օդանավակայան չեմ իջնի ասելով՝ Գետաշենը հանձնեցինք։ Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով։ Երևանյան վերջին այցի ժամանակ նա հաստատել է՝ գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն։

Back to top button