Առաջին դասարաններում տեղերը կբավարարեն թե՛ տեղացիներին, թե՛ Հայաստան ժամանածներին


Այս տարի ևս Հայաստանի պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց: Մինչև հայտագրումը նախ անհրաժեշտ է ստուգել երեխայի տվյալները stugum.emis.am կայքի միջոցով, որպեսզի հայտագրման ժամանակ տեխնիկական խոչընդոտներ չառաջանան։ Հայտագրման կարգում այս տարի որոշակի փոփոխություններ են կատարվել, որոնք ավելի մատչելի կդարձնեն գործընթացը։
Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգի նպատակը մեկն է՝ դպրոցի ընտրության հավասար պայմաններ բոլոր երեխաների համար։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հայտագրումը կսկսվի մի քանի օր ավելի ուշ՝ հունիսի 21-ից։ Կիրականացվի երեք փուլով՝ ըստ առաջնահերթության։
Յուրաքանչյուր ծնող աշխարհի ցանկացած ծայրից իր երեխային կարող է գրանցել առցանց համակարգով։ Որպես առաջնահերթություն դիտարկվում է նույն դպրոցում հայտագրվող երեխայի քրոջ կամ եղբոր սովորելու, ինչպես նաև ծնողի աշխատելու հանգամանքը։ Առաջին փուլով կարող են հայտագրվել նաև ռուսերեն դասարաններում։ Այս փուլով հայտագրումը կիրականացվի 14 օրվա ընթացքում։ Երկրորդ փուլը հուլիսի 6-ից կիրականացվի ընդհանուր հիմունքներով՝ հայերենով ուսուցում իրականացնող հանրակրթական պետական հաստատություններ դիմող բոլոր առաջին դասարանցիների համար, «Ռադիլուրի» հետ զրույցում հայտնեց Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։
«Համակարգը հավասարապես բաց կլինի արդեն բոլոր ծնողների համար։ Նոր համակարգով բոլորը հավասարապես հնարավորություն ունեն փորձելու հայտագրել իրենց երեխաներին այն դպրոց, որտեղ իրենք ցանկանում են։ Այս համակարգը ի սկզբանե հնարավորություն չի տալիս խախտել լիցենզավորման կարգը ու բացառում է բոլոր կոռուպցիոն ռիսկերը։ Այլևս կարիք չկա խնդրել, զանգահարել կամ ծանոթ գտնել երեխային դպրոց ընդունելու համար։ Համակարգը ցույց է տալիս, թե քանի լիցենզիոն տեղ ունի և քանիսն են զբաղված»։
Երրորդ փուլում, այսինքն՝ հուլիսի 12-ից հայտագրում կիրականացվի նաև օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցողների, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների երեխաների համար՝ իրենց ընտրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում։
Այս կարգավորումը վերաբերում է նաև այն երեխաներին, որոնց ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, մյուսը` ոչ: Ինչ վերաբերում է Արցախի մեր հայրենակիցներին, ապա համակարգով նրանց համար առաջնահերթություն սահմանված չէ, բացառությամբ այն երեխաների, որոնց քույրը կամ եղբայրը արդեն իսկ սովորում են տվյալ դպրոցում։
«Ստուգման ժամանակ դուք մուտքագրում եք սոցիալական քարտերի համարները, լրացնելու եք ծնողի անուն, ազգանունը, հեռախոսահամարը։ Այլ փաստաթուղթ համակարգ չի ներբեռնվում»։


Արտակ Պողոսյանը հորդորում է հետևել կարգին, համակարգ մուտք գործել ճիշտ ժամանակին և ոչ թե խորամանկել ու փորձել ժամանակից շուտ լրացնել երեխայի տվյալները, ինչպես օրինակ եղել էր անցյալ տարի, երբ շատ ծնողներ անհամբերությունից չէին սպասել համակարգի թարմացմանը և փորձել էին րոպե առաջ հայտագրել իրենց երեխաներին, ինչի հետևանքով ընդունելությունը ձախողվել էր։
«Հունիսի 11-ին՝ առավոտյան 08։55-ին, մուտք եմ գործել ծրագիր, լրացրել եմ հայտը, 09։01 ինձ նամակ եկավ, որ տեղերը սպառված են։ Երկար սպասումից հետո չկարողացա իմ աղջկան ընդունել իմ նախընտրած դպրոց»։
Համակարգն ընտրում է հերթականությա՞մբ, թե՞ պատահականության սկզբունքով․ պատասխանելով այս հարցին՝ Արտակ Պողոսյանն ասաց, որ համակարգի հիմքում արագությունն է․ առավելությունը տրվում է նրան, ով ավելի արագ կսեղմի վերջին հրահանգը։ Ինչ վերաբերույմ է այն դպրոցներին, որոնք բնակավայրում միակն են, ապա դրանցում առցանց հայտագրվելու կարիք չկա․ տվյալ բնակավայրի բոլոր երեխաները կարող են ընդունվել այդ դպրոց՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերից։
Միակ պարտադիր պայմանը բոլոր դպրոցներում, որը ևս այս տարվա նորամուծություններից է, այն է, որ մինչև սեպտեմբերի 5-ը ծնողները պետք է այցելեն դպրոց և տնօրենի անունով դիմում գրեն, հակառակ դեպքում երեխան ավտոմատ կերպով դուրս կմնա համակարգից՝ իր տեղը զիջելով մեկ այլ առաջին դասարանցու։
Հայտագրումը կշարունակվի ուսումնական ողջ տարվա ընթացքում։ Հարցիս, թե արդյո՞ք հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որոնցով պայմանավորված կարող է առաջին դասարանցիների թիվը կտրուկ ավելանալ, հնարավոր է արդյոք դպրոցներում տեղերի սղություն առաջանալ, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը բացառեց այդ սցենարը՝ պարզաբանելով՝ տեղերը շատ են և ոչ միայն կհամալրվեն, այլև, հնարավոր է, թափուր մնան։