ԿարևորՀասարակություն

Քովիդի ու պատերազմի հետևանքները՝ Հայաստանի ժողովրդագրական պատկերում

Ըստ ՄԱԿ-ի դասակարգման՝ եթե բնակչության շրջանում տարեցների տեսակարար կշիռը բարձր է 7 տոկոսից, ապա երկիրն արդեն  ծերացողների շարքում է։

Հայաստանի բնակչության մեջ  տարեցների տեսակարար կշիռը   շուրջ 14 տոկոս է, կանխատեսումները 2050-ի համար շատ ավելի մտահոգիչ են։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետազոտության համաձայն՝ Հայաստանում  2020 թվականին մահերի բացարձակ թիվը 10 հազարով աճել է՝ կազմելով 36 170, 2021-ին  պատկերն աննշան է փոխվել։

Ժողովրդագիրներն ասում են՝ ցուցանիշերն արտացոլում են նաև քովիդի ու պատերազմի հետևանքները։  

Ինչո՞ւ է ծերանում Հայաստանի բնակչությունը, ի՞նչ անել ժողովրդագրական խնդիրները լուծելու համար։ Վիճակագրությունը փաստում է՝  այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ծնունդների բացարձակ թվաքանակը նվազել է, աճել է մահացածների թիվը, արձանագրվել է  բնական հավելաճի բացասական ցուցանիշ։ Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում ծնվել է  2476, մահացել՝ 3241 մարդ։ Սակայն փորձագիտական դաշտում կարծում են, որ տարեվերջին պատկերը կփոխվի։ Վերլուծելով տվյալները՝  ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանն ասում է՝ սովորաբար տարեվերջին ծնունդներն ավելի շատ են լինում։

Ժողովրդագիրներին անհանգստացնում է ոչ միայն այս, այլև բնակչության ծերացման ցուցանիշը։ 

ՄԱԿ-ի դասակարգմամբ՝ եթե տարեցների տեսակարար կշիռը բնակչության շրջանում 7 տոկոսից բարձր է, ապա այդ  երկիրը ծերացող երկրների շարքում է։  Իսկ Հայստանում այդ ցուցանիշը 7 տոկոսից գրեթե կրկնակի բարձր է։

«ՀՀ-ում տարեցների տեսակարար կշիռը   մոտավորապես 14 տոկոս է, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն դասվում է ծերացող երկների շարքին։ Նման երևույթ բնորոշ է աշխարհի բոլոր այն երկրներին, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է և ունի նվազման միտում»։

Ժողովրդագրական կանխատեսումներով՝ 2050-ին այս ցուցանիշը  22-24 տոկոսի կհասնի։ Իսկ դա նշանակում է, որ հինգ մարդուց մեկն արդեն տարեց  կլինի։

Պատերազմի, համավարակի, ինչու չէ՝ նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքները ավելացրել են ստրեսային իրավիճակները հասարակությունում։  Մահացության բացարձակ թվի մեծացումը նաև սրանով է  պայմանավորվում ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը։

«Դեռևս նախանցյալ տարի մենք ունեցանք դեպոպուլյացիայի առաջին դեպքը, երբ Լոռու մարզում մահերը գերազանցեցին ծնունդները։ Սա Հայաստանի պատմության մեջ  խորհրդային տարիներից ի վեր առաջին դեպքն  էր։ Նկատելի էր, որ նույն եզրագծին է նաև մարզերի զգալի մասը»։ 

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի վերլուծության համաձայն՝ մարզերում ոչ թե ծնունդներն են նվազել, այլ մահերն են ավելացել։ Կառույցի մասնագետները պատճառների թվում  նշում են մարզային առողջապահական ծառայություններից մարդկանց դժգոհ լինելը, դրանց չվստահելը։  

Հետազոտության համաձայն՝ Հայաստանում  2020 թվականին մահերի բացարձակ թիվը աճել է 10 հազարով՝ կազմելով 36 170։ Այս ցուցանիշն  արտացոլում է նաև քովիդի և պատերազմի արդյունքում գրանցված  մահերը: 2021-ին թիվը շատ քիչ է  նվազել՝ 34 600։ Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ 2020 թվականին, բոլոր մարզերում, բացի Գեղարքունիքից ու Երևանից, մահերը գերազանցել են ծնունդները, մահացության ցուցանիշն ամենաբարձրն է եղել Լոռու մարզում:

Վերջին 10 տարիների ընթացքում մեր երկրում երիտասարդների թիվը նվազել է 240 հազարով: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը  ցուցանիշը խիստ մտահոգիչ  է համարում՝ բացատրելով՝ երիտասարդներն  ապագա աշխատանքային տարիք մուտք գործող տարիքային խումբն  են։ Ըստ նույն հետազոտության  տվյալների՝ մեր երկրում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը բարձր է. աղջիկների շրջանում՝ 34,5, տղաների շրջանում՝ գրեթե 27 տոկոս:

2020–ին Հայաստանում նաև ամուսնությունների ամենացածր ցուցանիշն է գրանցվել՝ մոտ 12 հազար, իսկ 2021-ին ՝ ցուցանիշը շուրջ 40 տոկոսով ավելացել է՝ 17 հազար։ Ժողովրդագրության մեջ սա կոչում են «հետաձգված ամուսնություններ», երբ ինչ-որ համգամանքներով, այս դեպքում՝ համավարակով ու պատերազմով պայմանավորված, ամուսնությունները հետաձգվում  են։ 2021-ին 33 տոկոսով ավելացել է նաև ամուսնալուծությունների թիվը։ 

«Մայրանալու միջին տարիքը  24-ից բարձրացել է մինչև 29-ը։ Որքան մարդը ուշ է մտնում վերարտադրողական գործընթացի մեջ, այնքան քիչ ժամանակ է ունենում  իր վերատրադորղական պոտենցիալն իրագործելու համար։ Մեր կանխատեսումներով՝ 2050 թվականին առաջին անգամ մայրանալու միջին տարիքը կմոտենան 30-ին»։

Աշխարհում գոյություն ունի նաև մեկ այլ ցուցանիշ՝ NEET-ը, որը այն երիտասարդների տեսակարար կշիռն է, որոնք ո՛չ կրթություն են ստանում, ո՛չ զբաղված են, ո՛չ էլ ներառված են որևէ կրթական ծրագրերում։ Հայաստանն այս ցուցանիշով ամենաբարձրն է ամբողջ աշխարհում՝ ասում է Աննա Հովհաննիսյանը:     

Ժողովրդագրական այս տեմպերը շարունակվելու դեպքում ՄԱԿ-ը կանխատեսում է, որ 2022 թվականին Հայաստանում 5 բնակչից մեկը լինելու է 65 տարեկանից բարձր, իսկ 2050 թվականին՝ 3 բնակչից մեկը՝ տարեց:

Փորձագիտական դաշտում կարծում են, որ պետք է տարեցների ներուժը ճիշտ օգտագործել, նրանց ներգրավել տարբեր աշխատանքներում։  Իսկ հարցին, թե Հայաստանում իրականացվող ժողովրդագրական ծրագրերը  արդյունք կտա՞ն, թե՞ ոչ, դեռ դժվարանում են պատասխանել, բայց փաստում են, որ դրական տեղաշարժ նկատվում է։

Back to top button