ԿարևորՀասարակություն

Ո՞րն է բուհերի օպտիմալացման բնականոն ճանապարհը

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարբեր առիթներով խոսել է  բուհերի օպտիմալացման մասին՝ նկատելով, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանի համար 5 տասնյակից ավելի բուհ ունենալը համաչափ չէ։ Նախարարը նաև ընդգծել է, որ բուհերի քանակը ստիպողաբար և կտրուկ չի կարող կրճատվել: Բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիրը, նախարարի կարծիքով, կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղն այս և հաջորդ տարիներին ընդունելություն չի իրականացնի։ Փակման առաջարկը ԿԳՄՍ նախարարությունը ստացել է բուհից։ Կրթօջախը ներկայացրել է հիմնավորումներ, նախարարությունն էլ ընդունել է ի գիտություն։ Սա, ի դեպ, վերջին մեկ տարվա ընթացքում փակված երկրորդ մարզային բուհն է։ Անցյալ տարի էլ դադարեցվել էր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տարբեր առիթներով խոսել է բուհերի օպտիմալացման մասին՝ միաժամանակ նկատելով, որ բուհերի քանակը ստիպողաբար և կտրուկ չի կարող   կրճատվել: Նախարարի գնահատմամբ՝ բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիր է կառավարման արդյունավետության բարձրացումը:

«Բուհական համակարգը պետք է բավարարի հստակ ստանդարտների։ Արդյունքում, որպես հետևանք, այդ օպտիմալացումը կլինի ինքն իրեն։ Ոչ թե պետք է օպտիմալացնենք, ապա նոր ստանդարտներ մշակենք, այլ եկեք ստանդարտներ մշակենք, իրենք ավտոմատ կօպտիմալանան։ Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ դաշտում մնան այն բուհերը, որոնք բուհ են»։

Բուհերի թիվն իսկապես մեծ է՝ նկատում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Քանակը  պետք է կրճատել, բայց ոչ ուսանողներ կորցնելու հաշվին։ Տեղաբաշխումը պետք է լինի հավասարաչափ, պետք է մտածել մարզային բուհերի և մարզային  համաչափ զարգացման մասին։

«Այդպիսի փոքր մասնաճյուղեր պետք է գոյություն ունենան ամեն դեպքում մարզերում, որովհետև դրանք նպաստում են, որ մարզային կյանքն ավելի հարուստ լինի, մտավորականները չգնան Երևան, Վանաձոր կամ Գյումրի։ Դա նպաստում է, որ  աշխատուժը մնա իր տեղում։ Քանի որ ուսանողների մեծ մասը, երբ մարզերից գալիս է Երևան, հետո հետ չի վերադառնում։ Այսինքն պետք է հաշվի առնվի ազդեցությունների ամբողջ ներկապնակը, որովհետև բուհը միայն կրթություն տալու վայր չէ»։

Հայաստանի նման երկրի համար  հինգ տասնյակից ավելի բուհ ունենալը  շատ է համարում նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նա ևս նկատում է, որ կրճատումը  չպետք է միանգամից լինի։ Այսպես թե այնպես՝ որոշակի փոփոխություններ են լինելու, և շատ բուհեր դուրս են մղվելու, ասում է։

Ինչ վերաբերում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղին, ապա պարզաբանման մեջ նշվում է, որ  2015-2021 թթ․ Եղեգնաձորի մասնաճյուղի առկա բակալավրի պլանային տեղերի միջինում 72%-ն այդպես էլ չի համալրվել։ Բացի դրանից՝ չնայած Եղեգնաձորում ուսման տարեկան վարձն ավելի մատչելի էր, մարզի դիմորդների շուրջ 90 %-ը բարձրագույն կրթությունը շարունակել է Երևանում։ Նաև նշվում է, որ համալսարանն ահռելի վնասներ է կրում՝ չլուծելով ո՛չ որակյալ կրթության, ո՛չ կրթական մատչելիության ապահովման, ո՛չ մարզի գիտնականների ներառման և ո՛չ էլ մարզի տնտեսական կյանքում կատարվող ու հրապարակվող հետազոտություններով դերակատարում ունենալու խնդիրները, ինչն էլ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում ընդունելության դադարեցման պատճառ է դարձել։

Back to top button