ԿարևորՀասարակություն

Միգրացիոն շարժը՝ դեպի ՀՀ ու ՀՀ-ից դուրս ի՞նչ է ստանում ՀՀ-ում ապաստան հայցողը, ի՞նչ խնդիրների է  բախվում՝  ՀՀ-ից գնացողը

Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով տեղահանվել է ավելի քան 90 հազար արցախցի, հիմնականում՝ կանայք ու երեխաներ։ Տվյալները «Ռադիոլուրին» հայտնել է Միգրացիոն ծառայության պետը։ Արմեն Ղազարյանը խոսել է մի շարք ուշագրավ թեմաներից եւս։ Մասնավորապես, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա՝ անօրինական աշխատող հայերն ամենաշատն այս երկրներում են։ Ռեադմիսիոն հայցերն էլ ամենաշատն այս երկրներից են ստացվում։
Ավելի քան 70 հազար աշխատանքային միգրանտ՝ ՌԴ–ում, ամեն տարի շուրջ այդքան մարդ է մեկնում ՌԴ, մինչդեռ ԵԱՏՄ այլ երկրներ մեկնողները մի քանի տասնյակ են ընդամենը։

2022 թվականի հունվարի 1-ից գործարկվել է աշխատանքի թույլտվության  հարթակը․  www.workpermit.am –ում հայ գործատուն կարող է օտարերկրյա աշխատող գտնել։

  • Ի՞նչ  է տրամադրում կառավարությունն ապաստան հայցողներին։
  • Որքա՞ն մարդ է եկել ու գնացել 2021–ին։
  • Հակասո՞ւմ է խստացված ՌԴ միգրացիոն օրենսդրությունը ԵԱՏՄ պայմանագրի հոդվածներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Միգրացիոն իրավիճակն ակտիվացած է ռուս–ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով․ այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ անձնագրերով Հայաստան է  մուտք գործել ավելի քան 142 հազար անձ, մեկնել՝  ավելի քան  130 հազարը։ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում արձանագրում է՝ ավելացել է  նաև Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիների հոսքը։ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ կրկնակի ավելացել է Ուկրաինայի, մոտ 6 անգամ էլ  Բելառուսի քաղաքացիների մուտքերը։ Ուկրաինայի 90-ից ավելի քաղաքացի է  դիմել միգրացիոն ծառայություն՝ ապաստան ստանալու հայցով։ Նրանց կեսից ավելին հայեր են՝ հիմնականում խառն ամուսնությունների դեպքեր։ Գործընթացը 3-6 ամիս է տևում,սակայն այս պարագայում ակնհայտ է, թե ինչ է կատարվում ու գուցե գործընթացն արագանա։ Այս պահին դեռ որոշում չկա։  

Ի՞նչ  է տրամադրում կառավարությունն ապաստան հայցողներին  

Ապաստանի դիմում ներկայացնելուց հետո օգնության որոշակի սխեմաներ են գործում ՝ պետականից մինչև միջազգային տարբեր կառույցներ։ Պետական աջակցությունն առավել փոքր ծավալով է, ներառյալ՝ կացարանով ապահովումը։ Ապաստանի տրամադրման գործընթացի շրջանակում որոշակի ժամկետով մարդիկ կարող են տեղավորվել կացարանում, կացարանում չտեղավորվելու դեպքում տրվում է  եռամսյա ֆինանսական օժանդակություն ՝ ընտանիքի գլխավորի մասով՝ 20 հազար դրամ, մյուս անդամների համար՝ 15–ական։ «Եթե ընտանիքը բաղկացած է 4 անձից, ապա նրանց ամսական  65 հազար դրամ կտրամադրվի»,– ասում է միգրացիոն ծառայության պետը։

Քանի՞ ՀՀ քաղաքացի է Ուկրաինայից երրորդ երկիր գնացել

Մոտավոր են տվյալները, թե Ուկրաինայից երրորդ երկրներ ՀՀ քանի քաղաքացի է տեղափոխվել։  Հիշեցում՝ երրորդ երկրների քաղաքացիների համար գործում է 2001թվականին ընդունված «Ժամանակավոր պաշտպանության տրամադրման մասին» դիրեկտիվը։ Ղազարյանը մանրամասնում է՝ եթե երրորդ երկրի քաղաքացին Ուկրաինայում ունեցել է մշտական կացության կարգավիճակ և չի կարող իր հայրենիք վերադառնալ, այդ պարագայում ԵՄ անդամ երկրները նրան մինչև 1 տարի ժամկետով ժամանակավոր պաշտպանություն են տրամադրում։ Իսկ եթե երրորդ երկրի քաղաքացին Ուկրաինայում ունեցել է ժամանակավոր կացության կարգավիճակ կամ ուղղակի օրինական հիմքերով է գտնվել այդ երկրի տարածքում, ապա ԵՄ երկրները կարող են տրամադրել ժամանակավոր պաշտպանություն։

Տեղահանվել է ավելի քան 90 հազար արցախցի, հիմնականում՝ կանայք ու երեխաներ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով  ՀՀ–ում հաշվառվել է ավելի քան  91 հազար տեղահանված արցախցի, որոնց 88 տոկոսը՝ կանայք ու երեխաներ։ Արցախի օպերատիվ շտաբի տվյալներով՝ նրանց  70 տոկոսից ավելին վերադարձել է։

Որքա՞ն մարդ է եկել ու գնացել 2021–ին

2021-ին ՀՀ մուտքերի ու ելքերի տարբերությունը ՀՀ քաղաքացիների մասով 73 հազար է, իմիգրանտների (մուտք գործելուց հետո 1 տարուց ավելի ժամկետով ՀՀ–ում մնացածն է ) ու էմիգրանտների (ելք գործելուց հետո 1 տարուց ավելի չվերադարձածը) տարբերությունը՝ -4200։ Սա միգրացիոն ծառայության պետը լավ ցուցանիշ է համարում։ Անկախության տարիներին այս ցուցանիշի դրական տարբերությունը միայն  2020-ին էր՝  + 3400 ․ սա պայմանավորված էր համավարակով ու սահմանափակումներով։   

Հակասո՞ւմ է խստացված ՌԴ միգրացիոն օրենսդրությունը ԵԱՏՄ պայմանագրի հոդվածներին

2021թ-ի դեկտեմբերի 29-ից ուժի մեջ են մտել Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրության փոփոխությունները, որոնք վերաբերում են երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիներին անխտիր։ Փորձագետների դիտարկմամբ՝ սա հակասում է  ԵԱՏՄ պայմանագրի 96-98 հոդվածներին։ Հայաստանի միգրացիոն ծառայության պետն արձանագրում է՝  մինչ ԵԱՏՄ անդամ երկրները քննարկում են հարցը, արտահայտում կարծիքներ, ՌԴ-ն որոշակի մեղմացումներ արդեն կատարել է օրենսդրությունում։ Օրինակ՝  միգրանտները տարին 4 անգամ բուժզննում անցնելու փոխարեն տարին մեկ անգամ կհետազոտվեն։ Մեկ այլ ցուցանիշ՝ վերջին տվյալներով մի քանի անգամ նվազել է ՌԴ-ում մուտքի արգելք ունեցողների թիվը։

Ավելի քան 70 հազար աշխատանքային միգրանտ՝ ՌԴ–ում

Տարեկան մոտ այդքան մարդ է մեկնում Ռուսաստան՝ աշխատելու։ Դրա կողքին Բելառուս  կամ Ղազախստան աշխատանքի նպատակով մեկնում է մոտ 100 , Ղրղզստան՝ մոտ մեկ տասնյակ հայ։ Սա ունի իր բացատրությունը՝  ՌԴ աշխատաշուկայի ծավալը, տարածքը, զբաղվածություն գտնելու հնարավորությունները շատ ավելի մեծ են, կապերն՝ ավելի ամուր։  

2022 թվականի հունվարի 1-ից գործարկվել է աշխատանքի թույլտվության  հարթակը

www.workpermit.am –ն էլեկտրոնային հարթակ է, որի միջոցով գործատուները կարող են օտարերկրացի աշխատողների ներգրավել։ Նախկինում գործատուն պետք է զբաղվածություն գործակալություն դիմեր (այժմ այն ներառվել է  միասնական սոցիալական ծառայության մեջ), ստանար աշխատանքի թույլտվություն, ապա օտարերկացին պետք է  դիմեր ոստիկանություն՝ առանձին ստանալով կացության կարգավիճակ։ Այս երկու վարչարարական գործընթացները մեկտեղվել ու թվայնացվել են։ Ներկայում գործատուն լրացնում է  համապատասխան աշխատանքի նկարագիրը, նախ փորձ է արվում միասնական սոցիալական ծառայության միջոցով թափուր հաստիքը համալրել ՀՀ քաղաքացու միջոցով։ Եթե հաստիքը լրացնում է  ՀՀ քաղաքացին, գործն ավարտվում է։ Եթե ոչ՝ մուտքագրվում են օտարերկրացու տվյալները, համապատասխան ստուգումներն անցնելուց հետո կացության կարգավիճակ է  տրվում մինչև 1 տարի ժամկետով։ Այդ ընթացքում արտասահմանցի աշխատողը կարող է նաև աշխատել Հայաստանի տարածքում։ Փաստացի՝ այդ գործընթացում վարչարարությունը կրճատվել է գրեթե կիսով չափ։

Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա՝  ռեադմիսիոն հայցերն ամենաշատն այս երկրներից են ստացվում

2021-ին Հայաստանը ռեադմիսիոն1300 հայց է ստացել, որոնց 80 տոկոսի դեպքում  հաստատվել է հայցերում նշվածների քաղաքացիությունը, նրանք վերադարձվել են հայրենիք։

Եվրոստատի տվյալներով՝ Եվրոպական Միության տարածքում տարեկան 600 հազարից ավելի անօրինական միգրանտ է հայտնաբերվում։ Այս «սև շուկայում» ՀՀ քաղաքացիների թիվն  ավելի քան 2 հազար է՝  հայտնաբերվածների 0․3–0․4 տոկոսը, որոնք հիմնականում հայտնաբերվում են Ֆրանսիայի ու Գերմանիայի տարածքում։

Back to top button