ԿարևորՔաղաքական

Հայ-ռուսական հայտարարության անվտանգային ուղերձները

Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած 30 կետանոց հայտարարության ամենաուշագրավ կետերը վերաբերում են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին։  

Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները երեկվա հանդիպումից հետո տարածած հայտարարությունում մտահոգություն են  արձանագրել՝ միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ: Կողմերը նշել են, որ մտադիր են ամրապնդել փոխգործակցությունը՝ բացասական միտումներին հակազդելու նպատակով:  «Առաջնորդները ելնում են նրանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չի կարող և չպետք է ապահովի իր անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին»,-ասված է հայտարարության մեջ:

Փորձագետներն այս արձանագրումն Ուկրաինայի շուրջ ձևավորված նոր աշխարհաքաղաքական նոր իրավիճակիով են պայմանավորում։ Սա աշխարհաքաղաքական նոր իրողություններում երկու պետությունների անվտանգությունն ապահովագրելու փորձ է ՝ կարծում է Կարեն Հովհաննիսյանը։ 

«Այս կերպ նաև փորձ է կատարվում կանխել հնարավոր, այսպես ասած, այլ գործընթացներում կամ այլ պետությունների ազդեցության գոտիներում հայտնվելը»։ 

Հարավային Կովկասում իրավիճակին վերաբերող հատվածում շեշտվում է «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում։  Նշվում է, որ այդ համատեքստում երկու երկրների ղեկավարները հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան։  

Տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նկատում է՝ Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրների միջև  փաստացի սառը հակամարտություն է ընթանում։ Հենց այդ պատճառով էլ կարևորվում է համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործումը, բայց այն  շեշտադրմամբ, որ որոշիչ դերակատարություն Ռուսաստանինն է։ Փորձագետի դիտարկմամբ՝ այստեղ նկատելի է նաև Ռուսաստանի որոշակի, այսպես ասած, նեղացածությունը.  

«Ընդհանրապես, Ռուսաստանի, կարծես թե, նեղացկոտ դիրքորոշումը, որ Մինսկի խումբը չի չեղարկվել, բայց իրեն չեն դիտարկում որպես Մինսկի խմբի անդամ։ Նեղացկոտության պատճառով  Ռուսաստանը փորձում է ա՛յս կերպ ազդել Արցախի կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացների կարգավորման վրա և որոշիչ դերակատարությունը վերցնել իր ձեռքում»։       

Փաշինյանը և Պուտինը ողջունել են ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը:

Հայտարարության ամենավերջին կետով կողմերը նշել են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջող մեկնարկը, որն, ըստ փաստաթղթի, լրացուցիչ հնարավորություններ է տալու տարածաշրջանի բոլոր երկրներին երկխոսության և բազմապլանային համագործակցության համար:  

Հայ փորձագետները, սակայն, 3+3 ձևաչափի կենսունակության մասով կասկածներ ունեն։

Ռազմական  փորձագետ Կարեն Վրթանեսյան. «Դա Թուրքիայի ցանկությունն է, և իր դիրքերը Հարավային Կովկասում հաստատելու համար թուրքական դիվանագիտությունը գործում է բոլոր ճակատներում։ Ինչո՞ւ Ռուսաստանը չի մերժում։ Հավանաբար չի մերժում, որպեսզի մեղադրանքներ չլինեն ապակառուցողական լինելու մեջ»։        

Տարածաշրջանային փորձագետ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ «3+3» ձևաչափը չի կարող արդյունավետ լինել, ինչը հստակ պատճառներ ունի։

«Առնվազն մեկ երկիր մյուս երկրին համարում է թշնամի։ Տվյալ դեպքում՝ Վրաստանը Ռուսաստանին համարում է թշնամի և այս պարագայում չի կարող «3+3»-ը գործել։ Մյուս կողմից, ընդհանրապես, սա մեզ համար շատ վտանգավոր է, որովհետև այստեղ մուտք է գործում արդեն Թուրքիան։ Այսինքն՝ մինչև հիմա Թուրքիան երբեք ու երբեք ընդգրկված չի եղել ոչ մի բանակցային գործընթացներում կամ որևէ խորհրտվական մարմնում՝ որևէ խորհրդատվական ձևաչափով, բայց այս փուլում մենք Թուրքիային կարծես թե բերում ենք դաշտ և այլևս Թուրքիան հակամարտության հարցում սկսում է իր որոշիչ դերակատարությունը նույնիսկ ունենալ, ինչը շատ վտանգավոր է»։    

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ Ռուսաստանը նույնպես  լրջորեն չի պատրաստվում այդ ձևաչափը գործարկելուն։ 

«Ես չեմ կարծում, որ այս ձևաչափը կենսունակ է։ Նաև ծիծաղելի է մտածել ինչ-որ ձևաչափ, որտեղ միասին նստած լինեն Թուրքիան ու Ադրբեջանը, կարող է Հայաստանի համար ինչ-որ անվտանգություն ապահովել։ Թեկուզ նաև Վրաստանի համար։ Մեղմ ասած՝ քիչ հավանական է, որ նման ձևաչափով ռեալ ինչ-որ անվտանգություն հնարավոր լինի ապահովել»։       

Այլ է ռուս խաղաղապահների վերաբերյալ արձանագրումը։ Փորձագետների գնահատմամբ՝ ըստ այդ կետի խաղաղապահների գործունեությունն ավելի ընդգրկուն և հիմնավոր է դառնում Արցախում։ Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ խաղաղապահների դերակատարության այս կարևորմամբ հիմք է ստեղծվում, խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման համար։ 

«Խաղաղապահների այս, այսպես ասեմ, դրույթը կամ կետը Արցախում բնակվողների՝ արցախահայության համար շատ կարևոր կետ է և, կարծում եմ, այդ առումով, դրական մեսիջ է»։

Back to top button