ԿարևորՏնտեսական

Կայացել է Փաշինյան-Միշուստին հանդիպումը

ՌԴ կառավարությունում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ վարչապետ Միխայիլ ՄԻշուստինի հանդիպումը։ Հանդիպման սկզբում ՌԴ վարչապետն ընդգծել է նախօրեին Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը՝ դրանք բնութագրելով որպես մասշտաբային։ Դրանք առնչվում են բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների խորացմանը։

«ՌԴ կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները՝ բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- ասել է Միշուստինը։

Ռուսաստանը Հայաստանի կարևոր արտաքին տնտեսական գործընկերն է:

Անցյալ տարի ապրաքաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև աճել է շուրջ 13 տոկոսով։ 2020-ի համեմատ միտումը շարունակում է աճել։ Հունվար-փետրվարին ապրանքաշրջանառությունն ավելացել է 42 տոկոսով՝ կազմելով շուրջ 430 միլիոն դոլար։

Ռուսական ներդրումների ծավալը Հայաստանի տնտեսությունում անցնում է 2 միլիարդ դոլարից։ Միշուստի խոսքով՝ հետաքրքրված են հարաբերությունների խորացման և նոր ծրագրեր գործի դնելու հարցում։ Թվարկել է ոլորտներ՝ էներգետիկա, ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքներ, դեղագործություն, ագրոարդյունաբերական համալիր, բարձր տեխնոլոգիաներ։

Միջկառավարական հանձնաժողովն այժմ զբաղվում է փաստաթղթերի մշակմամբ, ռուսական կողմն առաջարկում է արագացնել և ստորագրման պատրաստել նոր փաստաթուղթ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության մասին։

Հայաստանի վարչապետը նշել է, որ ՌԴ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է։ Փաշինյանն ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտում հարուստ փորձ և ինտենսիվ ռազմավարական ծրագրեր ունեն այդ ոլորտը զարգացնելու համար։ Միջկառավարական խորհուրդը պետք է դառնա հիմնական հարթակը, որը կզբաղվի այս այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների կատարման գործով։

ՀՀ և ՌԴ վարչապետերի ողջույնի խոսքերից հետո մոտ մեկ ժամ նախատեսված է կառավարության անդամների հանդիպում ընդլայնված կազմով։ Հայաստանի կողմից մասնակցում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ, արդարադատության, ԿԳՄՍ նախարարները։

Այս այցով ավարտվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին պաշտոնական այցի մոսկովյան հատվածը։ Այցը կշարունակվի Նիժնի Նովգորոդում։

Back to top button