ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է ամրագրվում 30 կետանոց փաստաթղթով

30 կետանոց հայ-ռուսական փաստաթուղթ է ստորագրվում Մոսկվայում, ըստ որի՝ամրապնդվում է ռուս-հայկական բազմակողմ արտոնյալ դաշինքը:

Կա՞ն համագործակցության նոր ուղղություններ այս փաստաթղթում, որ չկային նախկին փաստաթղթերում, և արդյո՞ք այս փաստաթղթով փարատվում են այն մտահոգիչ հարցերը, որոնք բարձրաձայնվում են քաղաքական և հասարակական շրջանակներում:

Վարչապետի մոսկովյան հանդիպման մասին ինչպես և ակնկալվում էր կարծիքները կրկին բաժանվել են երկու մասի:

Մոսկովյան վերջին բարձրաստիճան հանդիպման ժամանակ ստորագրված երկկողմ փաստաթուղթը ինչ է ենթադրում եւ երկու երկրների արդեն ռազմավարական ամենաբարձր մակարդակի հարաբերությունների համատեքստում ինչ նոր զարգացումներ է խոստանում։ Հայաստանի վարչապետը գնահատում և համառոտ ամփոփում է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը ասելով՝

«Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկել, ընդունել ենք համատեղ կարևոր հայտարարություն, համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը ՌԴ պետդումայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում 30 կետանոց փաստաթուղթը և տալի՞ս է այն հարցերի պատասխանը, որոնք հետաքրքրում են հանրությանը: Հայտարարության 1-ից 21-րդ կետերը ռուս-հայկական երկկողմ գործակցության  մասին են։ Հաջորդ 9 կետերն  ամրագրում են եռակողմ հայտարարության դրույթների իրագործում, ռուսական խաղաղապահ զորախմբի վճռորոշ ներդրում անվտանգության ապահովման համար, Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի համար բարենպաստ եւ անվտանգ պայմանների ստեղծում, տնտեսականից մինչև ճանապարհների ապաշրջափակում։ Անդարադարձ կա կրոնական շփումներին՝ ի նպաստ «կամուրջների կառուցման», ողջունվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և հեռանկարային է դիտարկվում 3+3 հարթակի արդյունավետությունը:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներում Ռուսաստանը հայտարարում է, որ ինքն է մոդերատորը։ Այդ դերը մինչ նախօրեի հանդիպումը փորձում էր ստանձնել Եվրամիությունը՝ նպատակ ունենալով արագացնել խաղաղության պայմանագրի կնքումը։ 

«Ի պատասխան՝ Ռուսաստանը կազմակերպեց վարչապետի այցը Մոսկվա, որտեղ կետերով նշված է, որ Ռուսաստանը պետք է անի այդ մոդերացիան»:

Համաձայնագրի 24-րդ կետում խոսվում  է տարածաշրջանի կայունության, ռուսական խաղաղարար առաքելության, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունների և Լեռնային Ղարաբաղի  կարգավորման մասին,  նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորության մասին՝ դրա միջազգային մանդատին համապատասխան։ Ստեփան Դանիելյանն արձանագրում է՝ այս հարցում ևս Ռուսաստանն ուզում է ամրապնդել իր դիրքերը՝ Արցախի հարցով բանակցությունները և որոշումներն իր տիրույթում պահելով:

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են նաև, համաձայն 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների, արագացնել Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի տարածքում սահմանազատման և անվտանգության հարցերի երկկողմ հանձնաժողովի ստեղծումը։ Քաղաքագետ Արեգ Քոչինյանն արձանագրում է, որ Ռուսաստանի ներգրավումը որոշ վտանգներ է ենթադրում։   

«Քաղաքական գործընթացը, հաշվի առնելով էներգակիրների պահանջարկը, ենթակառուցվածքների խնդիրը, մեծագույն առումով լինելու է հօգուտ Ադրբեջանի: Փոխարենը արևմտյան միջնորդությունը դելիամիտացիայի և դեմակարցիայի հարցում հնարավորություն է ստեղծում իրավական ճանապարհով, որի պարագայում հստակ են հիքերը, և կամայական որոշումներ կայացելը գրեթե անհնար է»:   

Մյուս կարևոր կետը, որն առանձնացնում  են քաղաքագետները,  վերաբերում են ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։  Կողմերը Մոսկվայում կարևորել են եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Հարավային Կովկասում բոլոր տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահության ներքո։ Ուշագրավ է ռուսական կողմի հայտնած պատրաստակամությունը՝ մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի, այդ թվում՝ Սյունիքի և Հայաստանի այլ մարզերի երկաթուղու վերականգնման ծրագրերին։

Back to top button