Գերդաստաններ

Զապել Եսայան․ խիզախ կինը Սիլիհտարի պարտեզներից․ «Գերդաստաններ»

Հին հունական Խրիսուպոլիս քաղաքի տեղում է գտնվում Պոլսի Սկյուտար թաղամասը, որը մայրամուտին ճաճանչափայլ լույսերի մեջ է հայտնվում, քանի որ, երբ արևը մայր է մտնում, բոլոր ճաճանչներն անդրադառնում են Սկյուտարի վրա, որի պատճառով էլ նրան «ոսկի քաղաք» են անվանում։ Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ շատ ծաղիկների տեսակներ էին բերվում, ու ողջ Սկյուտարը մի հրաշք ծաղկաստան էր դառնում, իսկ այստեղ գտնվող Սիլիհտարի պարտեզներ կոչվող փողոցը՝ մի բոցավառ վարդաստան։

Ձմռան ամիսներին այստեղ ահեղ փոթորիկներ են լինում, և նույնիսկ դուրս գալն անհնար է դառնում։ Ահա այդ ահեղ փոթորիկներից մեկի ժամանակ՝ 1878 թվականի փետրվարի 5-ին, Սիլիհթարի կարմիրով ներկված փայտաշեն տներից մեկում ծնվեց մի դալուկ, վտիտ աղջնակ, որին Զապել կոչեցին։

ՆԿարը՝ evnreport.com

Սիլիհտարի պարտեզներում հայեր և հույներ շատ կային, որոնք մեծ ոգևորությամբ էին տոնում հայկական տոները։ Վարդավառին «ամենալուրջ» հարևաններն անգամ իրար վրա դույլերով ջուր էին շաղում, իսկ Կաղանդի նախօրեին տղաները շրջում էին փողոցներով, դռներ թակում ու երգում։ Ահա այսպիսի կոլորիտային թաղամասում էր մեծանում Զապելը։

Տնից քիչ հեռու Կարապետ աղայի դպրոցն էր, որտեղ էլ հենց սկսեց հաճախել Զապելը։ Կարապետ աղայի ձանձրալի դասերից իրեն և ընկերներին փրկելու նպատակով, Զապելը մի օր մոր և մորաքրոջ գլխարկների վրայից պոկած արհեստական ծաղիկներով զարդարում է քնած Կարապետ աղային ու բեմադրում նրա թաղումը։

Եսայանը Փարիզում իր ընտանիքի հետ հայկական դրոշով:
Նկարը՝ Զապէլ Եսայեանի ՖԲ էջից

Բեմադրությունն այնքան հաջող էր, որ անմիջապես պայթում է երեխաների անզուսպ ծիծաղը։ Աղջկան մի կերպ թաքցնում են Կարապետ աղայի կույր կատաղությունից և փակում սենյակում։

Զապելը հաճախ էր կռվում տղաների հետ և երբ տուն էր գալիս պատառոտված շորերով, մայրը հանդիմանում էր և նույնիսկ լաց լինում, որ աղջիկը նման պատմություննների մեջ էր ընկնում։ Օրինակ՝ մի անգամ նա տղաների հետ վիճել էր, որովհետև նեղացրել էին մի որբուկի։ Մի անգամ վեճի առիթն այն էր, որ ուժեղ խփել էին կատվին։

Նրա կյանքում մեծ դեր ունեցավ հայրը: Մի օր Զապելի հայրը բերեց թերթում տպագրված մի հոդված և առաջարկեց աղջկան կարդալ այն։

1888 թվականին Զապելը մեկնում է Փարիզ։ Սորբոնում նա գրականության դասեր է վերցնում որպես ազատ ունկնդիր։ Այստեղ նա ծանոթանում է քաղաքական-հասարակական բազմաթիվ գործիչների, գրողների հետ, որոնք մեծ դեր են ունեցել նրա աշխարհայացքի ձևավորման գործում։

Հենց այս տարիներին էլ նա հանդիպում է տաղանդավոր նկարիչ Տիգրան Եսայանին և սիրահարվում։ Նրանք նաև գաղափարակիցներ էին, պատմում են Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Փայտյանը։

Նկարը՝ Զապէլ Եսայեանի ՖԲ էջից

Զապելը հասարակական ճանաչում գտավ հատկապես 1909 թվականին, երբ Ադանայի ջարդերից հետո ներգրավվեց այն հանձնաժողովում, որը հենց Կիիլիկիայում տեսավ այդ ոճրագործության իրական ծավալները և դրանք ներկայացրել հանությանը, այդ թվում` եվրոպական շրջանակներին։

1915 թվականին Զապել Եսայանը միակ հայ կինն էր, որը հայտնվել էր երիտթուրքերի կողմից կազմած 600 հայ մտավորականների սև ցուցակում։ Նա կարողանում է խուսափել իրեն հետևողներից։

Լեզուների իմացությունը նրան հնարավորություն տվեց ժանդարմներին ներկայանալ որպես հույն ասեղնագործուհի և թաքնվել հիվանդանոցում, իսկ հետո փրկություն գտավ եվրոպական երկրներում։ Այստեղ շատ էր կարոտում դստերը և մի արժանահիշատակ նամակ ունի՝ ուղղված  նրան, որտեղ կարևորում է կնոջ կրթված լինելու հանգամանքը։  

1936 թվականին Հայաստանի գրողների միության համագումարում Զապելը ելույթ ունեցավ ի պաշտպանություն Չարենցի։ «Նրա տաղանդը շողշողուն լույսի պես շլացնում է մեզ»,- այսպես հակադարձում էր նա միության նախագահ Դրաստամատ Տեր-Սիմոնյանին։

Եսայանը Ադանայում՝ 1909թ․
Նկարը՝ Զապէլ Եսայեանի ՖԲ էջից

Ենթադրվում է, որ սա դարձավ նրա ձերբակալության պատճառը։ Եվ ահա, Զապել Եսայանը խորհրդային դատարանի սրահում իրեն մեղավոր է ճանաչում ո’չ թե լրտեսության մեջ, ինչպես գրված էր մեղադրանքում, այլ պարզապես կապ ունենալու համար այն անձանց հետ, ովքեր արդեն իսկ հայտարարվել էին ժողովրդի թշնամի կամ կասկածվում էին լրտեսության մեջ։

Նրա հետ նույն խցում գտնվող Գայանե Գյուլիքեխվյանը գրում է. «Զապելը լուցկու տուփի ներսի կողմից ասեղի ծայրով սեփական արյունով գրել է, որ ինքը ոչնչում մեղավոր չէ, և որ ծանր է կյանքից հեռանալ՝ հուսալով, որ ինչ-որ մեկը կկարդա դա ու  ճշմարտությունը կհաղթանակի։ Զապելից վերջին նամակը որդին՝ Հրանտը, ստացել է 1945 թվականի ապրիլին։ Անհայտ են Զապելի մահվան հանգամանքները, ժամանակը, վայրը։

Զապել Եսայանն ասում էր․«Այն  ինչ արեցի ազգիս համար, արեցի։ Լավը վերցրեք, վատի համար ներող եղեք…»։

Ցուցադրել ավելի
Back to top button