ԿարևորՀասարակություն

Բնակարանամուտ՝ Որոտանում, շինարարություն՝ Շուռնուխում. պատերազմի  «խլած» տները փոխարինվում են

Սյունիքի սահմանամերձ Շուռնուխ  գյուղում կառավարության ֆինանսավորմամբ 13 նոր առանձնատուն է կառուցվում 44-օրյա պատերազմի հետևանքով տները կորցրած շուռնուխցիների համար։ Տները շահագործման կհանձնվեն այս տարեվերջին։ Իսկ սահմանամերձ Որոտանում արդեն 6 ընտանիք  բնակարան է ստացել։ Բնակարանամուտը Սյունիքի սահմանամերձ գյուղերում շարունակական է լինելու՝ խոստանում են մարզի պատասխանատուները, իսկ գյուղում բնակարան ստացողներն էլ պատրաստվում են աշնանն արդեն որդի ամուսնացնել։

«Եթե ըստ հերթականության տան 5-րդ տունը պիտի լինի իմը, եթե ներքևի համարներով  տան, եսիմ, որը կտան՝ թող տան»։

Շուռնուխցի Սասուն Արամյանն է ամեն օր անցնում կառուցվող տների մոտով, հաշվում, թե որը կարող է լինել իր առանձնատունը։ Ասում է՝ տարբերություն չկա, բոլորն էլ նույն որակով են կառուցվում։ Սասուն Արամյանը 13 շուռնուխցիներից մեկն է, որոնց տները 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունից հետո մնացին ադրբեջանական հսկողության ներքո։

Ինքն ու կինը հիմա ժամանակավոր  մի տնակում են ապրում, իսկ տղան, հարսն ու երկու թոռը՝ Գորիսում։ Հույս ունի՝ շուտով միասին Շուռնուխում կապրեն։ Սասուն Արամյան․

«Ասենք թողալ ենք քեցալ՝ քինամ շտեղ։ Հա, տեղ շատ կա, բայց դե ստեղ մնալու  ենք»։

Կառավարության ֆինանսավորմամբ 170 քմ մակերեսով 5 սենյականոց  տները նախատեսված են միջինը 5 անդամ ունեցող ընտանիքի համար։ Մեկ տան հաշվարկով կառավարությունը հատկացրել է  55 մլն դրամ:  Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է ծանոթանում աշխատանքների ընթացքին։ Նորակառույց թաղամասն ունենալու է մանկապարտեզ, իսկ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը  խթանելու համար կառուցելու են խելացի անասնագոմեր՝ սպանդանոցով, սառնարանային տնտեսությամբ։ Շինաշխատանքներն իրականացնում է «Արտ կոնսալտ» ընկերությունը, որի ներկայացուցիչ Արման Ջավարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝ 4 տան տանիքներն արդեն տեղադրվել են, ներքին հարդարման աշխատանքներն են սկսվել։ Շինարարության ընթացքը մի քիչ դանդաղեց ճանապարհը երկարելու պատճառով։  Արման Ջավարյան․

«Ճանապարհը մի քիչ դժվարացրեց աշխատանքը, շինանյութը բերում ենք Կապանով, երկու-երեք անգամ երկարել է ճանապարհը, բայց ամեն դեպքում տարեվերջին շահագործման կհանձնենք»։

Եթե շուռնուխցիները սպասում են իրենց բնակարանամուտին, ապա սահմանամերձ մյուս բնակավայրում՝ Որոտանում, 6 ընտանիք արդեն ստացավ նոր բնակարանների բանալիներ։ Գորիս համայնքի ֆինանսական միջոցներով Որոտանում համայնքային նշանակության չօգտագործվող շենքը հիմնովին նորոգվել է։ Բնակարան ստացող  6 ընտանիքներից 3-ն Արցախից տեղահանվածներ են, իսկ 3-ը՝ տեղացիներ։ Համեստ Դալինյանը  Արցախից է տեղափոխվել Որոտան։

«Ես շատ եմ սպասել այս պահին, կորցնելով ամեն ինչ, փարատելով իմ հույսերն այս ձորակում, երազանքս կատարվեց։ Ասում են՝ քո տունը քո ամրոցն է, ես ունեցա իմ ամրոցի բանալին։ Ցանկանում եմ բոլորը ստանան այսպիսի բանալիներ»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, կարևորելով Որոտանում բնակարանամուտը, վստահ է՝ սյունեցին մնալու ու արարելու է Սյունիքում։ Ռոբերտ Ղուկասյան.

«Չափազանց կարևոր է ֆիքսել, որ սյունեցին մնում է Սյունիքում, մնալու է Սյունիքում, արարելու է, երեխաներ են ծնվելու ու շատանալու են Սյունիքում։ Սյունիքը ինչպես  հազարամայկներ շարունակ ապացուցել է, և կապացուցի, որ ոչ ոք չի կարող կոտրել սյունեցու  ոգին, սյունեցու հպարտությունն ու խիզախությունը։ Այս տարի Շուռնուխում կունենանք 13 նոր տուն, բայց գիտեմ, որ Գորիսի համայնքապետարանը էլի ունի տներ՝ նորամուտ նշելու, և սա պիտի լինի շարունակական։ Միասնական լինենք, հավատանք մեկս մյուսին»։ 

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը շնորհակալ է որոտանցիներին, որոնք ոչ միայն ապրում են հակառակորդի հարևանությամբ, այլ բնակարանամուտ են տոնում։ Արթուր Սարգսյան․

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ մնացել ու ապրում եք էստեղ։ Հերոսը հենց Դուք եք։ Ես ուզում եմ Որոտան համայնքի բոլոր բնակիչներին շնորհակալություն հայտնել իրենց հայրենասիրության համար»։

Երկու սենյականոց բնակարանի բանալիներից մեկը 44-օրյա պատերազմի մասնակից 24-ամյա Կարեն Մարգարյանինն էր։ Կարենի մայրը՝ Նունե Բակունցն է պատմում՝ ամուսինը վաղուց է մահացել և միայնակ է մեծացրել որդուն և աղջկան.

«Մենք Որոտանում ենք ապրում՝ մի փայտե տնակում, այն վիճակի չի եղել, որ մեջը մնանք, տղաս ուզում է ամուսնանալ, խնդրել էի, որ բնակարան տան, որպեսզի տղաս ամուսնանա»։

Զրույցն ընդհատվում է տուն մտած հյուրերի շնորհավորանքներից։ Տիկին Նունեն, դիմավորելով հյուրերին, հրաժեշտ է տալիս մեզ՝ աշնանը հրավիրելով Որոտան՝ որդու հարսանիքին։

Back to top button