ԿարևորՔաղաքական

Ռազմավարական և դաշնակցային կապերի հետագա զարգացում. Փաշինյանի մոսկովյան այցի ուշագրավ կողմերը

Մոսկվայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպումը ՌԴ նախագահի նստավայրում էր՝ «Նովո Օգարյովո» ընդունելությունների տանը։ Մոսկովյան այցի ընթացքում վարչապետին ուղեկցում է ներկայացուցչական պատվիրակություն՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, Արտաքին գործերի, արդարադատության և ԿԳՄՍ նախարարները, ԱԺ-ի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինից Մոսկվա պաշտոնական այցի հրավերը ստացել էր դեռ փետրվարի 21-ին՝ հեռախոսազրույցի ժամանակ։ Փաշինյանի մոսկովյան պաշտոնական այցի առանցքային հանդիպումը Պուտինի հետ է։ Առանձնազրույցի համար ընտրվել է ՌԴ նախագահի նստավայրը՝ «Նովո Օգարյովո» ընդունելությունների տունը։ Հայտարարություն, հարց ու պատասխան ԶԼՄ ներկայացուցիչների համար նախատեսված չէ։ Բայց պաշտոնապես ձևակերպված է, որ երկու երկրների ղեկավարների քննարկման առանցքում հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումն է։ Բնականաբար, ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Երկրների միջև ընդհանուր առմամբ 3 եռակողմ հայտարարություն է ստորագրվել՝ նպատակ ունենալով կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը և հարաբերությունները։

Ուշագրավ է, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը հաջորդում է Փաշինյանի բրյուսելյան այցին, երբ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Վերլուծական շրջանակներն այժմ ենթադրում են, որ Փաշինյանի մոսկովյան այցը յուրօրինակ տեղեկատվական-խորհրդատվական նպատակ կարող է ունենալ, ինչպես սովոր են ղեկավարները ձևակերպել «ժամացույցների ճշտման» նպատակով։ Ռուսական կողմը մշտապես պնդում է, որ առաջին ժամկետային պայմանավորվածությունները կողմերի միջև ձեռք են բերվել հենց Ռուսաստանի միջնորդությամբ եւ ոչ Բրյուսելում, և առնչվել են ապաշրջափակման հարցով հանձնաժողով ստեղծելու ժամկետներին։

Մյուս կողմից՝ այս այցը ուշագրավ է նրանով, որ կայանում է Ռուսաստանի համար բարդ ժամանակահատվածում, երբ այդ երկիրը  պատժամիջոցների կիզակետում է։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այցից առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում ասել էր․

«Միջազգային ասպարեզում ստեղծված ներկա իրավիճակում հատուկ նշանակության իրադարձություններ են տեղի ունենում։ Պուտինը կշարունակի նաև տնտեսության մեջ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցությունների շարքը․ զրույց կլինի նաեւ մետաղագործության ոլորտի վիճակի մասին»։

Առանձին հանդիպումներ իրենց ռուս գործընկերների հետ արդեն ունեցել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Վարչապետի երկօրյա առաջին օրը եթե առանցքային է, ապա երկրորդ օրը կարելի բնութագրել իբրև հագեցած։ Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, Պետդումայում՝ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային խորհրդում՝ նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Հանդիպման երկրորդ օրվա երկրորդ կեսից պատվիրակությունը Մոսկվայից կմեկնի Նիժնի Նովգորոդ՝ շրջայց է ծրագրված «ԳԱԶ» ընկերության գործարանում,  հաջորդիվ Նիժնի Նովգորոդի հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում վարչապետ Փաշինյանը կհանդիպի հայ համայնքի հետ։ Սա մոսկովյան այցի վերջին հանդիպումն է։

Ի դեպ, այցի ընթացքում հայ լրագրողները բախվել են ՌԴ դեմ միջազգային հանրության կիրառած պատժամիջոցներին․ խոսքը կապի միջոցների և ինտերնետի հասանելիության մասին է։ Այս իրավիճակում նաև լրատվամիջոցներն են փորձում հարմարվել և աշխատելու ելքեր փնտրել։

Back to top button