ԿարևորՀասարակություն

Շուրջ 3000 արցախցի բնակարան կունենա․հիփոթեքային նոր ծրագիրը հաստատվել է

44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարությանը եւ քաղաքացիներին աջակցելու նպատակով 2020թ. նոյեմբերից մինչեւ 2021թվականի ավարտը Հայաստանի կառավարությունն իրականացրել է երկու տասնյակից ավելի միջոցառում՝ 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով։ Տվյալներն օրերս ամփոփել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նաև նշել, որ 2022-ի համար շուրջ  144 մլրդ դրամի աջակցություն է նախատեսվում։  Աջակցության ուղղությունները տարբեր են՝ բնակարաններով ապահովելու հարցում օժանդակությունից մինչև ուսման վարձերի փոխհատուցում։

Երևանի 2022 թվականի բյուջեից 22 միլիոն 330 հազար դրամ կուղղվի պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծմանը։ Որոշումը միաձայն ընդունվեց ավագանու նիստում։ Նախագիծը ներկայացրեց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը․

«Հիմք ընդունելով Կառավարության 2022 թ․մարտի 10-ի, 2021 թ․ դեկտեմբերի 23-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ գումար հատկացնելու մասին  որոշումը ՝ նախատեսվում է Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասով ընթացիկ նպատակային հատկացումները, սուբվենցիաները ավելացնել  22 մլն 330 հազար դրամով»։

44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարությանը եւ քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարությունը 2020թ. նոյեմբերից մինչեւ 2021թվակլանի ավարտը իրականացրել է երկու տասնյակից ավելի միջոցառում՝ 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ՝ Կառավարությունը փոխհատուցել է նաև 2020-2021թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի այն ուսանողների ուսման վարձը, որոնք մասնակցել են մարտական գործողություններին կամ եթե այդ գործողություններին մասնակցել են նրանց ծնողները կամ ամուսինները: Ծրագրից օգտվել է 4210 ուսանող: Իրականացվել են նաեւ այլ ծրագրեր․

«Կառավարության որոշմամբ՝ դեռևս 2020 թվականի վերջից պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում կամ ռազմական, կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժած անձանց անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում: 2021թ. մինչ օրս ապահովվել է անվճար ուղեւորափոխադրում՝ Երեւան-Ստեփանակերտ երթուղով, որի համար միայն 2021թ. ընթացքում հատկացվել է շուրջ 175 մլն դրամ: Հայաստանի կառավարությունը 2020թ. նոյեմբերին միանվագ 68 հազար դրամի չափով աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց, նաեւ՝ հավելյալ 15 հազար դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 7.3 մլրդ դրամ։ Միջոցառումից փաստացի օգտվել են շուրջ  100 հազար անձ»։

Աջակցություն է տրամադրվել նաեւ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին. ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ հատկացվել է 300 հազար դրամ: Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 10,6 մլրդ դրամ, շահառու է եղել 35 հազար անձ:

Հրետակոծության հետեւանքով Արցախում բնակարանը, տունը կորցրած կամ վնասներ կրած ընտանիքի յուրաքանչյուր անդամ՝ 5388 անձ, միանվագ ստացել է 250 հազար դրամ. ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ:

Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի կառավարությունն իրականացրել է նաեւ մի շարք միջոցառումներ՝ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած ընտանիքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով․

«2022-ի համար հատկացումների տարեկան չափը սահմանվել է 144 մլրդ դրամ»։ 

Օրերս հաստատվել է նաև Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցում պետական աջակցության կարգը։ Դիմողը պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի Միասնական սոցիալական ծառայություն։ Պահանջներին համապատասխանելու դեպքում՝ նրան կտրվի շահառուի կարգավիճակ։ Տվյալները պետք է նույնականացվեն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից,  դիմողը բնակարանային ապահովության պետական աջակցության որևէ այլ ծրագրի շահառու չպետք է լինի։ Նախնական հաշվարկով ծրագրից կօգտվի  շուրջ 3000 արցախցի ընտանիք։ Նրանք հնարավորություն կունենան ձեռք բերել կամ կառուցել իրենց սեփական բնակելի տներն ու բնակարանները՝ «Ռադիոլուրի» հոտ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը․

«Ծրագրի շրջանակում շահառուն ստանում է սերտիֆիկատ նախարարության կողմից, որը երաշխավորում է, որ պետությունը տվյալ շահառուի փոխարեն սահմանված սուբսիդավորման ենթակա սահմանաչափերին համապատախան իրականացնելու է հիփոթեքային վարկի ամսական մարումները։ Եթե վարկի չափը գերազանցում է սահմանաչափերը, տարբերությունը վճարվում է շահառուի կողմից»։

Երևանում հիփոթեքի ամսական վճարների մարման համար սահմանված է հանրագումարային մինչև 8 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 8% գումարի գծով, մարզային բնակավայրերում՝ 10 մլն դրամ մայր գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող մինչև 10% գումարի գծով, Արցախի Հանրապետությունում՝ մինչև 12 մլն դրամ մայր գումարի և մինչև 12% գումարի գծով․

«Երևանում կարողանալու են անշարժ գ ույք ձեռք բերել միայն այն ընտանիքները, որոնք ժամանակին ունեցել են Երևանի հաշվառում։ Մարզային բնակավայրերում  կարող են ձեռք բերել, ովքեր երբևէ ունեցել են որևէ մարզի կամ Երևանի վրա հաշվառում, իսկ այլ երկրների, Արցախի հածվառում ունեցողները միայն Արցախի Հանարպետությունում են կարող ձեռք բերել։ Երբ ասում եմ ՀՀ մարզ, չկա որևէ սահմանափակում, ՀՀ բոլոր մարզերի մասին է խոսքը։

Ապրիլի 18-ի դրությամբ ծրագրի շահառու դառնալու համար դիմել է 600 քաղաքացի։ Դիմումներն ընդունվելու են  մինչև այս տարվա դեկտեմբեր։

Back to top button