ԿարևորՀասարակություն

Ընտանեկան բռնության ահազանգերն ավելանում են. SafeYou նոր հավելվածով կարելի է օգնություն կանչել

Կանանց հանդեպ բռնության դեպքերը կանխարգելելու նպատակով շատ ավելի հաճախ է պետք խոսել այդ թեմաներից ու դրանից պաշտպանվելու միջոցներից: Այսուհետ բռնության հավանական վտանգի մեջ հայտնված յուրաքանչյուր ոք ու, հատկապես, կանայք SafeYou բջջային հավելվածի միջոցով կարող է օգնության կանչել ու պաշտպանված լինել: SafeYou բջջային հավելվածի վանաձորյան  շնորհանդեսին ոլորտի մասնագետները նաև  կարծիքներ ու առաջարկներ են հավաքել՝ հավելվածի վերաբերյալ:

Կիբերբռնության ու անվտանգության թեմաներով տեղեկատվական արշավներ՝ ՄԱԿ մանկական հիմնադրամի, Իմփաքթ ինովացիաների ինստիտուտի և  Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի եռակողմ համագործակցության շրջանակում: Վիճակագրություն, օրենսդրություն, իրավիճակ ու կարևոր մի պրոդուկտ՝ SafeYou բջջային հավելված, որի շնորհիվ ամեն ոք, հատկապես կանայք կարող են օգնության կանչել ու պաշտպանված լինել:

Միայն 2021թ.-ին  Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բռնության մասին 5000-ից ավելի ահազանգեր է ստացել: Իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանը հիշատակում է կնասպանության վերջին միջադեպը Զովունիում, երբ ամուսինը պայթեցրել էր իրեն ու նախկին կնոջը: Ցավում է, որ երիտասարդ կնոջը հնարավոր չեղավ զերծ պահել բռնությունից այն պարագայում,  երբ անգամ իրավապահներն էին տեղյակ:

«Թե՛ թեժ գծերը կոալիցիայի անդամ ՀԿ-ների, թե՛ քննչական կոմիտեի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնության հետ կապված զանգերը շատանում են: Մասնավորապես, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի թեժ գծերին անցած տարում եղել է 5000-ից ավելի զանգ, ինչ վերաբերում է քննչականին՝ շուրջ 670 գործեր են քննվել, որոնք վերաբերում են ընտանեկան բռնության դեպքերի՝ ֆիզիկական, սեռական բռնությունների: Մենք անընդհատ խնդիր ունենք իրազեկելու հանրությանը, թե ի՞նչ է ընտանեկան բռնությունը, ի՞նչ ռիսկեր կան»:

Իրավապաշտպանը խոսում է նաև տեխնոլոգիական նորագույն լուծումների մասին՝որպես աջակցող գործիքներ. SafeYou բջջային հավելվածի միջոցով մարդը կարող է բռնության դեպքում դիմել օգնության։

«SafeYou հավելվածն 1-ին հերթին հարթակ է, ուր կանայք կարող են հավաստի տեղեկություն ստանալ, շփվել մասնագետների հետ, որոնք պետք է խորհրդատվություն տրամադրեն կանանց: 2-րդը՝ այն ազդանշանային համակարգն է, որը վտանգի պարագայում կարող  է իսկապես այդ ազդանշանը հասցնել հասցեատերերին»:

17-ամյա Մարիաննա Ստեփանյանը տեղում ներբեռնում է SafeYou հավելվածն ու կիսվում տպավորություններով: Կարծում է՝ օգտակար է ունենալ այն հեռախոսում եթե ոչ իր, գոնե ծանոթ-ընկերներին օգնելու համար:

«Ներբեռնեցի, հետաքրքրեց շատ, կարդալով մյուսների խնդիրները կփորձեմ շատ դասեր քաղել: Ես դառնալու եմ ապագա մայր, ապագա կին, և տեղեկացվածոթյունը նման խնդիրներին շատ կարևոր»:

Հոգեկան առողջության ոլորտի փորձագետ Գոհար Խաչատրյանի կարծիքով էլ՝ հավելվածը տեխնոլոգիական արդյունավետ լուծում է հատկապես փակ հաստատություններում բնակվող անձանց համար, որովհետև բռնության ենթարկվելու  տեսակետից նրանք առավել խոցելի են՝ ասում է

«Շատ կարևոր է, որ նման հավելվածներն ունենան հարմարեցվածություն բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց՝ թե ֆիզիկական, թե մտավոր, թե հոգեկան առողջության խնդրի հիմքով, ու շատ կարևոր է, որ և բովանդակությունը հարմարեցված լինի, թե նաև դիմելու ձևերը, թե ովքեր կարձագանքնեն, խոսքը մասնագետների մասին է»:

SafeYou բջջային հավելված- հարթակի հիմնադիր տնօրեն Մարիամ Թորոսյանի մոտ այս հավելվածի գաղափարը ծնվեց առաջնեկին սպասելիս, երբ բախվեց աղջիկ ունենալու կարծատիպերին ու ավելի հստակ հասկացավ՝ որքան խոցելի կարող են լինել կանայք։  SafeYou-ն կարող է օգնել՝ պաշտպանվել ու պաշտպանել՝ վերահաս բռնության վտանգից՝  պատմում է:

«Մտնում եք հավելված, եթե գրանցված եք, միանգամից սեղմում եք կանչի կոճակին, պահում 3 վայրկյան, բերում է ձեր նախապես ընտրած կոնտակտները, օրինակ՝ ձեր քույրիկին, հարևանուհուն կամ ամուսնուն, ում վստահում եք, որ կօգնեն: Կարող եք սեղմել առաձին կառույցների՝ ոստիկանություն, որոնք կհասնեն օգնության, նաև ՄԻՊ գրասենյակը ընտրել՝ մինչև 7 ուղղություն: Իրենք տեսնում են՝ դուք ով եք, որտեղ եք և որ վտանգի մեջ եք»:

Մինչ օրս SafeYou հավելվածը 700-ից ավելի ահազանգեր է գրանցել: Ներբեռնումների թվով հարևան Վրաստանն է առաջատարը՝ 20.000-ից ավելի:  Հայաստանում ներբեռնումները  4000-ի են հասնում: Գործակցության ծրագրեր կան Ֆրանսիայի, Իրաքի, Ռուանդայի կառավարությունների հետ: Օգնությունից, խորհուրդներից  ու պաշտպանությունից զատ՝ հավելվածը նաև բռնությունների թեմայով ֆորում-քննարկումների, փորձով կիսվելու հարթակ է: Մարիամ Թորոսյանի դիտարկմամբ՝մեր երկրում խնդիր է, որ կան մարդիկ, ովքեր արդարացնում են բռնությունն ու ովքեր ուզում են խոսել, բայց չհասկացված լինելու վախ ունեն։ Նման տեղեկատվական արշավների նպատակը հենց զրուցելն ու բացատրելն է, որ բռնության մասին խոսելն ամոթ չէ, որովհետև բռնությունից ոչ ոք ապահովագրված չէ: 

Back to top button