ԿարևորՀասարակություն

Զենք ձեռք բերելը վարորդական իրավունք ստանալու պես․ շրջանառության մեջ նոր օրինագիծ է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրենքի նախագիծը։ Հեղինակները կարծում են, որ քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում իրավահարաբերությունները պատշաճ կարգավորված չեն, հակասական են ու վերանայումների կարիք ունեն։ «ՈՄԱ» գումարտակի մարտիկներից Իշխան Գևորգյանը նախաձեռնությունը կարևոր է համարում։ Նախագծի անհրաժեշտությունը վաղուց կար՝ ասում է, բայց նաև կարևորում  կարգավորումների նրբությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանը  շրջանառության մեջ են դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին»  նոր օրենքի նախագիծը։

Հիմնավորման մեջ հեղինակները նշում են, որ ոլորտը կարգավորող  միակ ՝ «Զենքի մասին» օրենքը,  ընդունվել է 1998 թ. և ընդունումից ի վեր բովանդակային փոփոխության չի ենթարկվել: «Գործող օրենքը, փաստացի, կրկնօրինակում է ԽՍՀՄ օրենսդրության հիմնական դրույթները, որով կարգավորում էր զենքի շրջանառությունը: Դրույթների մեծամասնությունն անախրոնիզմ է եւ չի կարգավորում հաստատված հանրային վերաբերմունքը զենքի շրջանառության ոլորտում», – նշում են հեղինակները:

Այն հարցում, որ զենքի շրջանառության կարգավորումները թերի են ու  վերանայումների կարիք ունեն, համաձայն է նաև «Ազատազեն»-ի խորհրդի նախագահ Իշխան Գեւրգյանը։ Նա ընդհանուր առմամբ համամիտ է նախագծում առաջարկվող մոտեցումներին։ Փոփոխություններ անելը ժամանակի պահանջն է՝ ասում է։

«Դա օրենքի բարելավում է, որը հնարավորություն կտա նոր մշակույթ ձևավորել։ Խոսքը զինված հայի կերպարի, զենք կրելու մշակույթի մասին է։ Ես այդպիսի մարդկանց տեսել եմ՝ զենքը ձեռքներին, բայց ոչ մի բան չգիտեն, քանի որ որեւէ մեկը չի պարտադրել ինչ–որ բան իմանալ։ Զենքը ձեռքներին գալիս են կրակելու եւ փորձանք են դառնում թե իրենց, թե իրենց հարազատների ու  շրջապատի համար։ Հիմա ոչ մեկն առանց սովորելու չպետք է կարողանա զենք կրել»։

Օրինագծով  սահմանվում է, որ քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը 21 տարեկանն է։ Սա գործող օրենքի համեմատ խստացում  է, քանի որ 3 տարով բարձրացվում է զենք կրելու իրավունքի արտոնումը։

Առաջարկվում է չեղարկել զենք ձեռք բերելու համար սահմանված՝ Որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, ինչպես նաև ակոսափող հրազեն ձեռք բերելու համար 5 տարվա ողորկափող հրազեն ունենալու պարտադիր պահանջը:

Գործող օրենքի այս պահանջն Իշխան Գեւորգյանն անիմաստ է համարում,  քանի որ հարթափող համարվող շատ զենքեր այսօր արդեն  ակոսափողի հնարավորություն են տալիս, այսինքն՝ վտանգավոր են, պարզաբանում է զրուցակիցս, բացատրում՝ հարթափողը երկփողանի որսորդական հրացանն է, իսկ ակոսափողը «Կալաշնիկով» ավտոմատի տարատեսակը։

Իշխան Գեւրգյանը շտապում է փարատել  զենք կրելու թույլտվությունից բխող ռիսկերի մասին հարցերը։ Զենք կարող են կրել նրանք, ովքեր թմրամոլ չեն ու հաշվառված չեն հոգեբուժարանում․

«Զենքի մեջ վտանգ կա, բայց շատ բաների մեջ վտանգ կա։ Վթարներից մահանում են մարդիկ, բայց մենք երթեւեկությունը չենք դադարեցնում։ Ուղղակի հայրենիք ոչ ոքի չի տրվում։ Եթե մենք տեր չլինենք մեր երկրին, ուրիշները սրտանց տեր կլինեն»։

44-օրյա պատերազմի մասնակից, «ՈՄԱ» գումարտակի դիպուկահարների հրամանատար Իշխան Գևորգյանը վստահեցնում է՝ մարզված հայը գրագետ մարտ վարող է մարտի դաշտում եւ հաջողություններ գրանցող։ Սովորելու համար պայմաններ են պետք ու հմտություններ։ Այդ ուղղությամբ ախատանք տարվում է՝ ասվում է․

«Ես հիմա հրաձգարանից եմ խոսում, որը կառուցվում է, եւ շուտով լիցենզիան կլինի։ Այն ողջ ՀՀ–ում  միակ մեծ քաղաքացիական հրաձգարանն  է լինելու։ Այսինքն՝ մինչեւ հիմա մի տեղ չկա, որ կարողանամ պարապել՝ երկիրը պաշտպանելու համար , եթե կռիվ լինի նորից։ Մենք պարապել ենք սարերում, հանդերում, քանի որ օրենքը այդպես էր»։

Նոր օրինագծով չեղարկվում  է փամփուշտների քանակի սահմանափակումը, հստակեցվում են զենքի տեսակները:

Թույլատրվում է ձեռք բերել մինչև 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ նախկին 5–ի փոխարեն։ Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։ Սա Իշխան Գեւորգյանը ճիշտ է համարում, ասում է՝ ինչպես ավտոմեքենաների տեսակներն են շատացել, ու հնարավորություն կա ընտրություն անելու, նույնը կարող է լինել զենքի դեպքում։

Զենք ձեռք բերելու, պահելու, կրելու և տեղափոխելու թույլտվության ժամկետը սահմանվում է 10 տարի՝ նախկին 5 տարվա փոխարեն։

 «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նախագծով սահմանվում է զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգը․

«Զենքը առանց գիտելիքի  ոչ մեկի ձեռքը տալու բան չէ, ինչը արվում է այսօր։ Անհնար է մարդուն զենք տալ՝ առանց տեղեկացնելու, սովորեցնելու, թե ինչպես նա պետք է վարվի այդ զենքի հետ։ Դա քննություն է, որը մարդը պետք է սովորի ու հանձնի»։

Հեղինակները նախագծի վերաբերյալ առաջարկների ու նկատառումների սպասում են մինչև մայիսի 18–ը։

Իսկ  ՈՄԱ–ի հրամանատարը ցանկանում է, որ նախագիծը հնարավորինս շուտ ընդունվի, քանի որ կարծում է՝  ավելի լավ է զենք, քան, ասենք, թանկարժեք հեռախոս ունենալ։

Back to top button