ԿարևորՔաղաքական

ԵԽ նախագահը լիակատար աջակցություն է հայտնում տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի վարչապետի ջանքերին


ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի վարչապետի ջանքերին՝ ուղղված «խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասի զարգացմանը»։

Այս մասին Շառլ Միշելը գրել է Twitter-ի իր էջում, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո։

«Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հետևելու Բրյուսելում մեր վերջին քննարկումներին։ Լիակատար աջակցություն նրա և բոլոր ջանքերին՝ նպաստելու խաղաղ, կայուն և անվտանգ Հարավային Կովկասին»,-գրել է Միշելը Twitter-ում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի,  տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին: 

Փաշինյանը և Միշելը  քննարկել են նաև ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ դոլար հատկացնելու պայմանավորվածության կատարման  ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ  իրագործման կարևորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է  Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը և ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարևորությունը:

Back to top button