ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ նախագահին

Ապրիլի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Հայտնում է Մայր  Աթոռի տեղեկատվական համակարգը։ 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահն անդրադարձել են հայրենական և ազգային կյանքում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված Հայոց Եկեղեցու և տարբեր ազգային հաստատությունների կողմից ձեռնարկվող կրթական, սոցիալական և զարգացման ծրագրերին: 

Զրույցի ընթացքում խոսվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ երկարամյա համագործակցության մասին, որն արդյունավորվել է բազում ազգօգուտ և եկեղեցաշեն ծրագրերով։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է բերել ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին՝ բարձրորեն գնահատելով Միության կողմից դրսևորվող ոգին ու գիտակցությունը և Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին ցուցաբերվող շարունակական զորակցությունը։ 

Ազգի առջև ծառացած արդի խնդիրներին հանդիման Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը հատկապես կարևորել են երիտասարդ սերնդի կրթությանն ու հայեցի դաստիարակությանը, ազգային ինքության պահպանությանն ու ազգային ոգու զորացմանը ուղղված ծրագրերի խթանումը։ 

Մասնավոր անդրադարձ է կատարվել Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումներին, Արցախի ազատ ու անկախ կյանքի դեմ ոտնձգություններին և արցախցիների կյանքում առկա դժվարություններին։ Ընդգծվել է անհրաժեշտությունը համազգային հետևողական ջանքերի գործադրման ի նպաստ Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության և խնդիրների հաղթահարման։

Հանդիպման ընթացքում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն արծարծել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են սփյուռքի համայնքային կյանքին, ձևավորվող նոր համայնքներին, հայապահպանության խնդիրներին, ինչպես նաև երիտասարդության ազգային և հոգևոր պատշաճ խնամատարության և սփյուռքի ազգային կառույցների և հաստատությունների զորացման կարևորությանը։

Կարևոր է նկատվել սփյուռքի ներուժի գնահատումը և համակարգված ծառայեցումը աշխարհասփյուռ համայնքների ազգային կյանքի աշխուժացմանը և հայրենական կյանքի առաջընթացին և բարօրությանը։ Քննարկվել են հնարավոր ուղիները, որոնցով Եկեղեցին և ՀԲԸՄ կարող են սփյուռքին և հատկապես երիտասարդությանը ներգրավել հայրենիքի հզորացմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում։

Back to top button