ԿարևորՀասարակություն

Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում քննարկվել են Արցախին վերաբերող մի շարք հարցեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ազգային գրադարանային շաբաթա շրջանակում կազմակերպվել է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով սեմինար-քննարկում, որին իրենց մասնակացությունն են ունեցել գիտնականներ, հետազոտողներ, ոլորտով հետաքրքրված մասնագետներ: Բանախոսներին և ներկաներին ողջունել է Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

Արժանապատիվ Տեր Հայրը կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս ոլորտի մասնագետներին համակողմանի անդրադառնալ առկա խնդիրներին և առաջարկել լուծումներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը զեկույց է ներկայացրել «Սուրբ Էջմիածնի դերը Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գործում» թեմայով: Նա ներկայացրել է իր ղեկավարած գրասենյակի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու ծրագրերը:

Մշակույթի վաստակավոր գործիչ, հուշարձանագետ Սլավա Սարգսյանը բանախոսության ընթացքում անդրադարձել է Արցախի պատմաճարտարապետական հուշարձաններին, հատկապես՝ եկեղեցիներին ու վանքերին:

ԵՊՀ Քաղաքագիտության ամբիոնի դասախոս, ք.գ.թ. Սիրանուշ Մելիքյանի զեկույցի առանցքը հոգևոր-մշակութային անվտանգության հիմնախնդիրների նոր օրակարգն էր՝ Արցախյան երրորդ պատերազմից հետո: Բանախոսն ուշադրության է արժանացրել այս ոլորտում առկա խնդիրները՝ ազդարարելով դրանց անհապաղ լուծման անհրաժեշտությունը:
 
«Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանը եզրափակել է միջոցառումն իր «Արցախի հոգևոր, պատմամշակութային ժառանգությունը «Գիտական Արցախ» պարբերականի էջերում» բանախոսությամբ: Սեմինար-քննարկման վերջում տեղի է ունեցել մտքերի փոխանակում, առանձնացվել են մի շարք կարևոր խնդիրներ, որոնց մեջ առանցքայինը «Արցախ» մատենագիտության կազմման անհրաժեշտությունն է:

Back to top button