Վերնատուն

Պետական վերաբերմունք՝ կինոն մրցունակ դարձնելու համար․ «Վերնատուն»

Արամ Շահբազյանի «Չինչիկ» Ֆիլմը 18 տարի անց առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում։ Ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի է ունեցել Բուսանի կինոփառատոնում։ «Չինչիկը» բնորոշում է անցած տարիների կինոարտադրության «ահն ու աղքատությունը»՝ ասում է կինոռեժիսորը։

Ըստ նրա՝ «Չինչիկ»-ի արտադրական պատմությունը ամենավառ ապացույցն է անցած տասնամյակներում տեղի ունեցող կինոարտադրության սարսափելի վիճակի։ Արամ Շահբազյանն ասում է, որ «Չինչիկ»-ը անկախությունից հետո, եվրոպական երկրների հետ համարտադրվող առաջին նախագիծն էր, որն իր երկրում դատապարտվեց «չարտադրվելու», և մինչ այժմ ֆիլմը սպասում էր իր հետարտադրական՝ 30 տոկոս ֆինանսավորմանը, այդ տարիներին արտադրվում էին մի շարք լիամետրաժ ֆիլմեր, որոնք Կինոկենտրոնի կողմից 100 տոկոսանոց ֆինանսավորում են ունեցել։

Ֆիլմը վերջնական ֆինանսավորում գտել է միայն 2018 թվականից հետո։ «Այս ֆիլմը ամեն րոպե կարող էր չլինել։ Ես այն սկսել եմ 35 տարեկանում և ավարտել 50–ում։ Այդ խնդիրներն այսօր լուծվել են՝ ի պատիվ Կինոկենտրոնի, քանի որ այսօր այն փորձում է հնարավորինս անկաշառ լինել»,– ասում է ռեժիսորը։

Խոսելով կինոոլորտի խնդիրներից՝ Արամ Շահբազյանը նշում է, որ կինոյի ֆինանսավորման կրճատումը իրեն ծայրահեղ հուսահատության է հասցրել․

«Անկախությունից հետո, բոլոր ժամանակներում կինոն եղել է ամենաբարձիթողի վիճակում և այսօր էլ այդ վիճակը շարունակվում է։ Կինոոլորտում կա շատ վատ կրթություն, մասնագետների մի հսկա զանգվածի պակաս, Կինոկենտրոնում ձևավորված մասնագիտական ժյուրին որքան էլ որ անկաշառ է, մասնագիտական կարողություններով զիջում է միջազգային ժյուրիին»։

Արամ Շահբազյանը իր կինոկարիերան սկսել է 90–ականներին, ավելի քան 50 լիամետրաժ, կարճամետրաժ, վավերագրական և հեռուստատեսային ֆիլմերի հեղինակ է։

Ասում է՝ «կրթությունս Ֆրանսիայում չշարունակեի, կկործանվեի, ինչպես իմ սերնդի տաղանդավոր շատ մարդիկ»։

«Ինձ փրկեց Փարիզը, որ մնամ իմ մասնագիտության մեջ։ Հանելով ինձ երկրում տիրող այդ վիճակից, տարավ դեպի կինոաշխարհ»,– ասում է Արամ Շահբազյանը։

«Պետությունը պետք է պայմաններ ստեղծի այն բոլոր նախագծերի համար, որոնք ի վիճակի են միջազգային փառատոններին մասնակցելու, միջազգային շուկայում հայտնվելու և միջազգային վարձույթ մտնելու։ Պետական վերաբերմունքը նրա համար է, որ մեր կինոն դարձնի մրցունակ դրսի շուկաների ու փառատոնների համար», – նշում է կինոռեժիսորը։

Back to top button