ԿարևորՄշակույթ

Վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. ապրիլի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Ֆերդինանտ Մանուկյանը:

Ֆերդինանտ Մանուկյանը ծնվել է 1941 թ. ապրիլի 20-ին Լենինականում (այժմ` Գյումրի): 1960 թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1967 թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968-72 թթ. եղել է Գյումրի քաղաքի գլխավոր նկարիչը: Աշխատել է հիմնականում մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության բնագավառներում:

Նկարչի ֆլորենտական տեխնիկայով արված խճանկարներին և որմնանկարներին բնորոշ են ազգային նկարագրի վավերականությունը` «Մուտք Գյումրի» (1970 թ., որմնանկար), «Գյումրեցիներ» (1970 թ.), «Սասունցիների պարը», (1973-75 թթ., խճանկարներ) և այլն: Հաստոցային գործերից են` «Նատյուրմորտ», «Մեկ ամիս գյուղում» (1986 թ., «Տարվա լավագույն աշխատանքի» համար մեդալ), «Կնոջ իրան», «Տիեզերք» (1980-90 թթ.) և այլն: Ստեղծել է նաև 1988 թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված «Երկրաշարժ և վերածնունդ» խճանկարի նախանկարը (1997 թ.), ջրաներկ նկարաշարեր (2000-2004 թթ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1994 թ., 2002 թ., 2012 թ.), Գյումրիում (1995 թ.), Փարիզում (1999 թ.), Փասադենայում (2001 թ.), Հաագայում (2004 թ.) և այլուր:

Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում: 1990 թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2015 թ.` Ժողովրդական նկարչի կոչման:

Ֆերդինանտ Մանուկյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով:

Back to top button