ԿարևորՀասարակություն

Սոցիալական ծրագրերի ապակենտրոնացում համայնքներում. քննարկում Արմավիրում

ԵՄ ֆինանսավորմամբ և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ Արմավիրի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի  մարզերում առաջարկվում է  ստեղծել ծառայություններ՝ տարեցների խնամքի, 18-ից  բարձր տարիքի հաշմանդամություն  ունեցող անձանց և  դժվար իրավիճակներում հայտնված ընտանիքներին աջակցելու համար: Արմավիրում ծրագիրը դրվել էր հանրային քննարկման: Ծրագիրը համայնքահեն է, ինչը նշանակում է, որ համայնքն է հոգալու հետագա ծախսերը:

Արմավիրի քաղաքային զբոսայգու 2 տաղավարներից մեկում միշտ տարեցներ են․շփվում են, կիսվում մտահոգություններով, նարդի, շաշկի ու շախմատ  խաղում: Նրանցից ոմանք միայնակ են. խնամքի, հոգատարության ու շփման կարիք ունեն: Ամռանը տաղավարում հարմար է, իսկ ձմռանը հավաքվելու տաք անկյուն չկա: Միայնակ ապրող Հմայակ Հակոբյանը հաճախ է այնտեղ լինում.

«Ես կուզեի, որ մեր տարեցներին շատ ուշադրություն դարձնեն, շատ զբաղվեն նրանցով: Մեր տարեցները հավաքվում են այգում, ձմռանը ցուրտ է, ու ոչ մի տեղ չունեն գնալու: Նրանք խնամքի կարիք ունեն, իրենց դա շատ է անհրաժեշտ: Մեղք են, մարդիկ կան, որ սոված են»:

ԵՄ ֆինանսավորմամբ և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ Արմավիրի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի  մարզերում առաջարկվում է  ստեղծել ծառայություններ՝ տարեցների խնամքի համար,  18-ից  բարձր տարիքի հաշմանդամություն  ունեցող անձանց և դժվար իրավիճակներում հայտնված ընտանիքներին աջակցելու համար: Արմավիրի մարզում ծրագրի իրագործման պատասխանատուն «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունն է։ Նախագահ Քնարիկ Գարանֆիլյանն ասում է, որ տարեցների համար հնարավոր է կազմակերպել ցերեկային խնամքի ծառայություն.

«Տարեցների ծրագրով նախատեսվում է ոչ միայն խնամք, այլև սոցիալական, հոգեբանական աջակցություն, կկազմակերպվի նրանց ժամանցը, որովհետև տարեցները շփման կարիք ունեն: Կենտրոնում նրանք կկարողանան մասնակցել տարբեր մշակութային միջոցառումների»:

Տեղաշարժման խնդիրներ ունեցող տարեցների համար ծառայությունները կլինեն շարժական: Արմավիրում ծրագիրը դրվել էր հանրային քննարկման, մասնակցում էին  սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններ: «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Առաքելյանի նպատակը Արմավիրում սոցիալական համայնքահեն ծրագրերի ներդրումն է.

«Հիմա նպատակային ենք գտնում, որ մարզում ստեղծվի տարեցների ցերեկային խնամքի կենտրոն, բայց միայն ծրագրի շրջանակներում հնարավոր չի լինի իրագործել: Շատ կարևոր է համայնքի ներդրումը տարածքի տրամադրման  և  հետագա աջակցության առումով: Շատ կարևոր է, որ համայնքը կարիքի գնահատում ունենա և կարողանա միջոցներ փոխանցել»:

Համայնքահեն ծրագրի նպատակներից մեկը  սոցիալական ծառայությունների ապակենտրոնացումն է և  համայնքի բյուջեի սոցիալական հատվածի պլանավորումը՝ որակյալ ծառայություններ մատուցելու համար: Քնարիկ Գարանֆիլյանն ասում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն 3 տարի սոցիալական ծառայությունները պատվիրակում է հասարակական կազմակերպություններին.

«Մենք ուզում ենք, որ այդ ծառայությունները լինեն համայնքինըհամայնքն ունենա իր բյուջեն և, որպես առաջնային օղակ, կարողանա որոշել՝ ինչպիսի  ծառայություններ մատուցի»: 

Հանրային քննարկման մասնակից  «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մատինյանը սոցիալական ծրագիր է իրականացնում բռնության ենթարկված ընտանիքների կանանց ու երեխաների համար:  Առաջարկում է ընտանիքների աջակցության բազմաֆունկցիոնալ փաթեթ.

«Այսինքն՝ ունենալ ընտանիքների ընդհանուր աջակցության ծառայություն, և չկենտրոնանալ միայն բռնության ենթարկված անձանց վրա: Կարող են լինել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք, կրթությունից դուրս մնացած երեխաներ: Բայց այստեղ պետք է  հստակ չափորոշիչներ լինեն՝ ովքեր կարող են ներառվել ծրագրում և ինչպիսի աջակցություններ պետք է ստանան»:

Առաջարկությունները դեռ մշակվում են, որից հետո նախագիծը քննարկվելու է Արմավիրի ավագանու նիստում: Ծրագրի առաջին փուլը կիրականացնի այն հասարակական կազմակերպությունը, որի  ներկայացրած ծրագիրն ավելի մրցունակ կճանաչվի:

Back to top button