ԿարևորՀասարակություն

Ուշ, բայց ոչ ուշացած․ կրթության նոր ռազմավարությունը կառավարությունում է

Առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագիծը, որի հանրային քննարկումները նոր են ավարտվել։  Փորձագետները փաստաթուղթն  ուշացած են գնահատում ՝ հիշեցնելով, որ 2015 թվականից հետո կրթության ոլորտում զարգացման ռազմավարություն չունենք։ Նախագիծը սահմանում է ոլորտի հիմնական առաջնահերթությունները մինչև 2030 թվականը:

2015 թվականից հետո կրթության ոլորտում պետական ռազմավարություն չունենք, և դրա բացակայությունը մասնագիտական շրջանակներում մտահոգությունների առիթ էր դարձել։ Հնգամյա դադարից հետո  հանրության դատին է ներկայացվել կրթության ոլորտի նոր ռազմավարությունը։ Նախագիծը սահմանում է մինչև 2030 թվականը ոլորտի հիմնական առաջնահերթությունները: Առաջին անգամ չէ, որ  ոլորտն առանց ռազմավարական փաստաթղթի է գործում՝  հիշեցնում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝  նկատելով, որ նման մեծ ընդմիջում ունեցել ենք նաեւ 2006-2010թթ․։  5 տարի ծրագիրը մշակվում էր՝ ասում է.

«Մենք 5 տարի ծրագիր ենք ունենում, հետո 5 տարի մշակում ենք հաջորդ ծրագիրը։ Այսինքն՝ խախտել ենք օրենքը, որովհետեւ ծրագիր ունենալը նախ եւ առաջ օրենքի պահանջ է: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու է այսպես լինում, ինչու է ուշանում փաստաթղթի մշակումը»։

Ի վերջո՝ ինչու է այսքան ձգձգվել պետական ռազմավարության մշակումը։ Նախագիծը վերանայվել, փոփոխությունների է  ենթարկվել պատերազմից  և համավարակից հետո, դրանից հետո նորից ներկայացվել հանրային քննարկման՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

«Երեք ռազմավարական թիրախ ենք առանձնացրել․ առաջնայինը սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծումն է, ինչը նշանակում է, որ ամբողջ տեսլալանը կառուցված է այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուրն ունի տաղանդ, որը պետք է բացահայտվի։ Մեր դերն այդ տաղանդի   բացահայտման համար հնարավորությունների ստեղծումն է՝ անկախ իր տարիքից և բնակության վայրից»։

Ռազմավարության հիմքում կրթական համակարգի արդյունավետության բարձրացումն է, նաև հայկական կրթական ծառայությունների և արտադրանքի արտահանումն ու միջազգայնացումը.

«Խոսքը և մեր հանրապետությունում օտարերկրացիների համար գրավիչ կրթական միջավայրի ստեղծման մասին է,   և հայկական տարբեր պրոդուկտների , օրինակ Թումոյի արտահանման կամ այլ երկրներում հայկական կրթական ծառայությունների ներկայացման»։ 

Ռազմավարությունը փաստաթուղթ է, որը նախևառաջ պետք է  կյանքի կոչել՝ նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Մի բան է լավ  փաստաթուղթ ունելը, մեկ այլ բան՝ դրանում ամրագրված դրույթներն իրականացնելը.

«Շատ կարեւոր է ներսի ինստիտուցիոնալ կարողությունը, որ այդ փաստաթուղթը տանի մինչեւ վերջ եւ իրականացնի։ Կա նաեւ հարցի մյուս կողմը` կարող է ընդունվել հրաշալի փաստաթուղթ, որն այդպես էլ չիրականացվի»։

Ծրագրի դրական կողմերից մեկն , ըստ փորձագետի, «ինքնաքննադատությունն» է։ Արժեքավոր շատ տվյալներ կան, որոնք նաև հուշում են համակարգի խոցելի կողմերը։ Սրան զուգահեռ, սակայն, պետք է նաև մշտադիտարկում իրականացնել և պարզել, թե որքանով է ռազմավարությունը ծառայել նպատակին.

«Այս ռազմավարությունը ընդունելուց առաջ  նախարարույթունը չփորձեց հասկանալ, որ  նախ պետք է նախորդ երկու ծրագրերի դասեր քաղել։ Այդ իմաստով այստեղ ինչ-որ մի բան պակաս է նորից։ Մի կողմից՝ արձանագրվում է իրավիճակ, բերվում են փաստեր, թե ինչ խնդիրներ ունենք ոլորտում, և ես գնահատում եմ  նախարարության խիզախությունը։ Բայց հետո  նախարարությունը միանգամից հռչակում է ռազմավարական երեք ուղղություններ՝ ներառականություն, արդյունավետություն, Հայաստանի կրթական պրոդուկտի արտահանում և միջազգայնացում։  Բավական հավակնոտ ռազմավարական ուղղություններ են այս տխուր իրավիճակում միանգամից հռչակվում, և բնականաբար հարց է առաջանում․ եթե դու ունես նման տխուր իրավիճակ, ինչպես ես նման հավակնոտ ռազմավարական ուղղություններ դնում»։

Ըստ ռազմավարական նոր ծրագրի ՝ մինչև 2030 թվականը նախատեսվում է բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նախադպրոցական ծառայությունները, որոնցից ի վիճակի կլինի օգտվել յուրաքանչյուր ընտանիք: Սահմանվում է, որ  դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի պետք է ընդգրկված լինեն նախադպրոցական ծրագրերում,  3-5 տարեկանների առնվազն 95 տոկոսը ներառված լինի նախադպրոցական ծառայություններում, ինչպես նաև բոլոր խոշորացված համայնքներում գործեն մսուրի ծառայություններ:

Հանրակրթության ոլորտում ամրագրվում է, որ ոչ մի երեխա պետք է դուրս չմնա պարտադիր կրթության համակարգից:  Խոսքը ոչ միայն ֆորմալ, այլև արդյունավետ ընդգրկվածության մասին է։ Բոլոր դպրոցները պետք է համալրված լինեն որակավորված, ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն։ Ինչպես նախնական, այնպես էլ միջին մասնագիտական և բարձրագույն  կրթության ոլորտում  որպես հիմնական թիրախ սահմանվում է աշխատանքի անցնելու ցուցանիշը․ ամրագրվում է, որ ուսումնարանն ու քոլեջն ավարտելուց հետո, ըստ մասնագիտության, աշխատանքի պետք է անցնի շրջանավարտների առնվազն 90%-ը:

Նախագիծն առաջիկա շաբաթներին կներկայացվի կառավարության հաստատմանը, հետո կքննարկվի  ԱԺ–ում։ 

Back to top button