ԿարևորՄիջազգային

Թուրքիան չեզոքացնում է նույնիսկ երևակայական անվտանգային սպառնալիքները

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն. Իրաքում սցենարային նման զարգացումները բխում են Թուրքիայի շահերից` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է քրդագետ Վահրամ Պետրոսյանը` շեշտելով` այդ երկրի անվտանգային ընկալումները կարող են լինել ինչպես իրատեսական, այնպես էլ` երևակայական։ Ըստ քրդագետի՝ հաշվի առնելով առկա իրողությունները՝ Թուրքիայի ոչ մի հարևան չի կարող իրեն ապահով զգալ։

Թուրքական բանակի ստորաբաժանումները ապրիլի 18-ի գիշերը հատել են Իրաքի սահմանը։ Պաշտոնական Անկարայի պնդմամբ՝ Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող գործողության թիրախը Քրդական բանվորական կուսակցության ճամբարներն են։ Թուրքական բանակը ռազմական ինքնաթիռներից բացի՝ նաև անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ է կիրառում։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի` «երկրի զինված ուժերը թուրքական պետությունը փրկում են 40 տարի հետապնդող ահաբեկչական սպառնալիքից»։

Դիտարկելով ապրիլի 18-ի գիշերը թուրքական ներխուժումը Իրաքի ինքնիշխան տարածք` քրդագետն ընդգծում է․ «Թուրքիայից եկող հիմնական սպառնալիքն այն է, որ նմանատիպ գործողություններ Անկարան կարող է իրականացնել հարևան ցանկացած պետության դեմ, որտեղից անվտանգային սպառնալիքներ է տեսնում»։ Վահրամ Պետորսյանի կարծիքով՝ տեղի ունեցողը ինքնիշխանության խախտում է։ Թուրքական կողմը հմտորեն օգտագործում է ստեղծված իրավիճակը՝ արմատախիլ անլեով Թուրքիային ուղղված «սպառնալիքները»՝ ասում է քրդագետը և հավելում՝  ռազմականացման ֆոնին զինաթափման մասին խոսելն ավելորդ է, գերիշխողը ուժային «թրենդն է»։

Back to top button