ԿարևորՔաղաքական

Ընդդիմությունը տեղափոխվեց փողոց․ իշխանությունը 98–ի փաստաթուղթ է հրապարակում

Հայաստանում քաղաքական իրադարձություններն անցնում են ակտիվ փուլ և զարգանում տարբեր ուղղություններով։ Ապրիլի 17-ից ընդդիմությունն անցավ «փողոցային» պայքարի, մինչ այդ այդ թեւում նշում էին՝ մանրակրկիտ մշակում են գործողությունների ծրագիր։ Պայքարի առաջին օրը արդեն գրանցվեց լարված իրավիճակ, քաշքշուք ոստիկանների հետ, եղան անգամ բերման ենթարկվածներ։ Ամեն դեպքում՝ ընդդիմադիրներին հաջողվել է Ազատության հրապարակում տեղադրել վրան և աթոռներ։ Ուշագրավ է, որ ներքաղաքական ակցիաները մեկնարկել են վարչապետ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի նախօրեին։

Իսկ այս բոլոր զարգացումներն «իր աչքով» տեսել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Կառույցի լուծարման մասին խոսակցություններին ի պատասխան՝ նախ ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյն էր եռօրյա այցով Հայաստանում, այժմ ամերիկացի համանախագահն է մեր երկրում բարձրաստիճան հանդիպումներ ունենում։

Խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ-ից տեղափոխվեց Ազատության հրապարակ։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այլևս չի պատրաստվում վերադառնալ խորհրդարան։ Ազատության հրապարակում է լինելու 24-ժամյա ռեժիմով, որքան՝ դեռ չգիտի.

«Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր հայրենիքը ինչ–ինչ պատճառաբանություններով հանձնվի թշնամուն։ Մենք եկել ենք այստեղ ոչ թե որպես կուսակցություն՝ մեր կուսակցության դրոշի տակ, ոչ թե որպես դաշինք կամ խմբակցություն, այլ եկել ենք առանց դրոշների։ Մենք ունենք երկու հայկական պետությունների դրոշը։  Ընդդիմությանը մեղադրում են միշտ գործողությունների բացակայության համար։ Գործողությունները այստեղ են որոշվելու, գործողությունները այստեղ են արվելու, և յուրաքանչյուր մարդուց է կախված՝ մենք երբ, ինչ ճանապարհով կգնանք գործողությունների»։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամները թեև պարբերաբար այցելում են Ազատության հրապարակ՝ աջակցություն հայտնելու գործընկերոջը, բայց զուգահեռ պատրաստվում են սեփական պայքարի՝ ասում է խմբակցությունից Արամ Վարդևանյանը. 

««Հայաստան» դաշինքի մասով մենք ունենք հստակ գործողությունների ծրագիր, որոնց վերաբերյալ մանրամասներն առաջիկայում կներկայացվեն։ Մեր գործողությունները պետք է լինեն շատ հստակ ծրագրված և համակարգված։ Ուզում եմ կարևորել ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկը նաև հենց պարոն Վանեցյանը իրականացնում է, և շատ կարևոր է դա»։

Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը նույնպես հայտարարել են պայքար սկսելու մասին։ Մասնավորապես, «Ապրելու երկիր» կուսակցությունը դիմել է Արտաքին գործերի նախարարությանը՝ ստանալու հավաստում, որ Ադրբեջանի հետ ենթադրյալ կնքվելիք պայմանագիրը կամ նաև որևէ դրույթ(ներ) չեն հակասելու Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1992թ. որոշման 2-րդ մասին, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ընդդիմության գործողությունների ակտիվացմանն արձագանքել է՝ ֆեյսբուքի իր էջում հրապարակելով 1998-ի նոյեմբերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրված «Ընդհանուր պետություն» անունը ստացած կարգավորման առաջարկից երկու դրույթ՝ հիշեցնելով, որ այդ առաջարկները ներկայացվել էին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանն առաջարկն ընդունել էր վերապահումներով, իսկ Ադրբեջանը միանգամից մերժել էր։ Ալեքսանյանը փաստաթղթից հրապարակել է 5–րդ և 6–րդ կետերը.

«ԼՂ քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագրեր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ այդ երկրի օրենքների համաձայն:

ԼՂ բնակչությունն իրավունք ունի ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին»:

Իշխանական պատգամավորի դիտարկմամբ՝ սա համանախագահների առաջարկն է դեռ 1998–ի նոյեմբերին, երբ Ադրբեջանի տնտեսությունը նույնիսկ հեռավոր նմանություն չուներ այժմյանին, բանակը ջախջախված էր, արված չէին միլիարդավոր դոլարի զենքի գնումները։  

Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմադիրները մինչ օրս չեն ներկայացրել փրկության իրենց տարբերակը, փոխարենը հնչեցրել են խոստումներ բաժակաճառերի տեսքով։ ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կարծիքն է․

«Մենք Արցախի հարցը կարող ենք լուծել դիվանագիտությամբ, քաղաքական որոշումներով, երբեմն նաև դժվար որոշումներով։ Բայց 20–30 տարի մենք Արցախի հարցում զբաղվել ենք բառախաղով, պոպուլիզմով, կենացներով, և դրա վերջը տեսել ենք ինչ է։ Եկեք ռեալ հասկանանք ինչ ենք մենք անում, ոչ թե կենացներ խմենք, դրոշ փակցնենք, անտեղի գոռգոռանք և ոչինչ չանենք այդ հարցի լուծման հետ կապված։ Իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի հարցում առկա շատ բարդ գործընթացը հանգուցալուծվի ի նպաստ Արցախի և Հայաստանի ժողովրդի։ Ես կարծում եմ, որ այսօր այն մարդիկ, ովքեր մտածում են Արցախի և Հայաստանի մասին, առնվազն Ազատության հրապարակում անելիք չունեն»։

Պատգամավորը պնդում է, որ հաջողության կարող են հասնել տարբեր հարթակներում Արցախի և Հայաստանի համագործակցության և միասնական դիրքորոշման դեպքում, իսկ Արցախում առկա մտահոգություններին պատասխանում է, որ հայտարարություններ ընդունելու և տարածելու փոխարեն ցանկացած պահի արցախցի պաշտոնյաները կարող են կապ հաստատել Հայաստանի պաշտոնյաների հետ և պարզաբանել անգամ հրապարակման ոչ ենթակա հարցերը։

Back to top button