ԿարևորՀասարակություն

«Դպրոցից դեպի տիեզերք». այց Արցախ և ՀՀ մարզեր

Շարունակվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և Հայկական աստղագիտական ընկերության կողմից անցկացվող «Դպրոցից դեպի տիեզերք» դպրոցական աստղագիտական դասախոսությունների 2022թ-ի ծրագիրը։

Օրերս ծրագրի շրջանակներում ԲԱ տնօրեն, առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը և Հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը քառօրյա աշխատանքային այցով եղել են Արցախում (ԱՀ)։ Սա շարունակությունն է արդեն երկար տարիներ տևող նման համագործակցության։ Այդ ընթացքում նրանք հանդիպում են ունեցել նաև ԱՀ ԿԳՄՍ ներկայիս նախարար Անահիտ Հակոբյանի հետ։

Արցախ այցի շրջանակներում Ա․ Միքայելյանը դասախոսություններով հանդես է եկել Ասկերանի շրջանի Պատարա գյուղի միջնակարգ, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի Ազատամարտիկների անվ․ թիվ 1, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղի և Մարտակերտ քաղաքի Վլ. Բալայանի անվ․ թիվ 1 միջնակարգ դպրոցներում, ինչպես նաև Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան դպրոցում՝ Ստեփանակերտ տարհանված Հադրութի շրջանի Հադրութ քաղաքի միջնակարգ (հոսքային) և Շուշիի Դանիել Ղազարյանի անվ․ միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցների աշակերտների համար։

ԲԱ և ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոնի միջև նախորդ տարի ստորագրվել էր համագործակցության հուշագիր, և հիմնադրվել էր աստղագիտական լաբորատորիա։

Այդ նույն ժամանակահատվածում ԲԱ այլ գիտաշխատողներ՝ ավագ գիտաշխատող Հովհաննես Պիկիչյանը, գիտաշխատող Հայկ Մալխասյանը, ավագ գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանը և կրտսեր գիտաշխատող Նաիրա Ազատյանը, այցելեցելել են Կոտայքի գ․ Մայակովսկու Հ. Հովհաննիսյանի անվ․ միջնակարգ, Նոր Հաճնի թիվ 1 հիմնական, Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցներ, Լոռու Սպիտակի թիվ 5 հիմնական, Վանաձորի Ա. Խլղաթյանի անվ․ թիվ 18 միջնակարգ դպրոցներ և Գեղարքունիք գ․ Զոլաքարի Ալվարդ Վարդանյանի անվ․ թիվ 2 միջնակարգ, գ․ Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվ․ թիվ 1 հիմնական դպրոցներ։

Այցելությունների ընթացքում երեխաներին հանրամատչելի ձևով ներկայացվել են աստղագիտական տարբեր թեմաներ։ Իսկ այցի ավարտին ավանդույթի համաձայն՝ աշակերտներին և դպրոցների գրադարաններին տրամադրվել են աստղագիտական հանրամատչելի նյութեր` գրքեր, բրոշյուրներ և այլն:

Դասախոսությունների ծրագիրն իրականացվում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ։

Back to top button