ԿարևորՀասարակություն

Գումարների  կորստի ռիսկեր չկան․ ինչո՞ւ է  նվազել կուտակային կենսաթոշակների եկամտաբերությունը

Այս տարվա առաջին եռամսյակի ավարտին կենսաթոշակային կուտակային համակարգի մասնակիցները պարզել են, որ իրենց գումարների եկամտաբերությունը փոքր-ինչ  նվազել է։ Նման իրավիճակ էր նաև անցյալ տարի՝ երրորդ եռամսյակում։ Մասնագիտական դաշտում, սակայն, կարծում են, որ անհանգստանալու կարիք չկա․ ֆինանսական շուկայում հնարավոր են նման իրավիճակներ։ Ազդող գործոնները շատ են։ Փորձագիտական դաշտում նաև հստակ պատասխան չկա, թե ինչու կուտակված կենսաթոշակային գումարները տնտեսության իրականա հատվածում չեն ներդրվում։

Ինչո՞ւ է այս տարվա առաջին եռամսյակում կուտակային կենսաթոշակային ֆոնդերում նախորդ ամիսներից պակաս գումար կուտակվել։ Սա ենթադրո՞ւմ է ռիսկեր կուտակված գումարների համար։ Ֆինանսական շուկայի մասնագետների համար եկամտաբերության նվազումն անկնկալ չէ։ Կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության նվազումը մասնագետներն ու ֆոնդերի կառավարիչները   պայմանավորում են տեղական և արտասահմանյան արժեթղթերի գների անկմամբ, նաև այն ֆոնդերի փայերի արժեքների նվազմամբ, որոնցում ներդրվում են կենսաթոշակային գումարները։  Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝ առաջին եռամսյակում ֆոնդերի փայերի եկամտաբերությունը նվազել է, նվազում արձանագրվել էր նաև դեռ 2021–ի առաջին եռամսյակում.

«Սա հիմնականում պայմանավորված է  տեղական և արտասահմանյան արժեթղթերի գների անկմամբ, որտեղ հիմնականում ներդրվում են այս գումարները, ինչպես նաև ռուս–ուկրաինական պատերազմով ու դրամի արժևորմամբ։ Մենք տեսանք, որ դրամը արժեզրկվել էր, սակայն ԿԲ գործիքակազմով այն արժևորվեց։ Այս արժեթղթերի գինը կարող է ինչպես բարձրանալ, այնպես էլ իջնել, քանի որ այն կայուն եկամուտ չէ»։

Ինչու՞  է փոփոխվել եկամտաբերությունը․ նախ պետք է  հասկանալ, թե  ինչ ակտիվներ են ներառված ներդրումային ֆոնդերի պորտֆելներում։ Ամենախոշոր չափով՝ 30 տոկոսից ավելի,  հայկական պետական պարտատոմսեր են, որոնց գինը պորտֆելի ընթացիկ եկամտաբերության վրա էական ազդեցություն է ունենում։ Ուստի, երբ պարտատոմսերի եկամտաբերությունն աճում է, պորտֆելի ընթացիկ եկամտաբերությունը նվազում է՝ բացատրում է  «Ամբերդ»  հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը․

«Իսկ ինչու՞  են պարտատոմսերի եկամտաբերությունն աճում,  քանի որ ԿԲ բարձրացնում է  վերաֆիանսավորման տոոկադրույքը, աճում է ,ք անի որ  գնաճի տեմպը արագանում է, բնականաբար պետական պարտատոմսերի եկամտաբերությունն է աճում, որը նշանակում է  դրանց գնի նվազում, ինչն էլ նշանակում է կենսաթոշակային ֆոնդերում ներառված ակտիվների գնի նվազում։ Հետևաբար  նաև ընդհանուր պորտֆելի նվազում, որն այսպիսի ազդեցություն է ունենում եկամտաբերության վրա։ Սա բնականոն երևույթ է, բոլոր ժամանակենորւմ այդ տատանումները միշտ լինելու են»։

  Ֆինանսական շուկայում ռուս–ուկրաինական պատերազմը ունենում է  իր ազդեցությունը ՝ փաստում է տնտեսագետ Համլետ Մկրտչյանը։ Փորձագիտական դաշտում միակարծիք են՝ անհնագստանալու կարիք չկա․ բացատրում են՝ ֆոնդերի կառավարիչները դիվերսիֆիկացնում են իրենց գումարները; ներդրումներ կատարում տարբեր ծրագրերում։

«Ռիսկ միշտ կա, հատկապես հիմա, քանի որ ամբողջ համաշխարհային տնտեսության զարգացումն է շատ ռիսկային։ Տնտեսագետների մեծ մասը՝ հաշվի առնելով տարբեր գործոններ,  չի կարողանում անգամ կանխատեսել, թե ինչ է կատարվում պարենային, ֆինանսական  շուկաներում,տնտեսական աճն ինչպիսին է  լինելու։ Ռիսկ կա, բայց դրանք կառավարելի են։ Ֆոնդային կառավարիչներն իրենց ներդրումները հավասարակշռված են իրականացնում, որպեսզի սնանակացումից խուսափեն, ինչն իմ կարծիքով տեղի չի ունենա»

Այս պահին իր հետագա կենսաթոշակը կուտակում է մոտ 406 հազար մարդ։ Նրանից շուրջ  81 հազարը պետական, մնացածը՝  մոտ 325 հազարը, մասնավոր հատվածից  են։ Ընդհանուր առմամբ, կուտակային կենսաթոշակային ֆոնդերում այսօր կառավարվում է ավելի քան 650 հազար մարդու կենսաթոշակային խնայողություն։ Մինչև  2023 թվականն այս բարեփոխման համար անցումային շրջան է։ Անցյալ տարի կենսաթոշակ կուտակողն իր աշխատավարձից տրամադրում էր  3․5 տոկոս,  պետությունը դրան ավելացնում է իր մասը՝ աշխատավարձի 6․5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 32 500 դրամ։ Իսկ արդեն 2022–ի հունվարից աշխատողի գրպանին կենսաթոշակ կուտակելը փոքր-ինչ ծանրացել է․ անձը վճարում է իր աշխատավարձի 4,5 տոկոսը, պետությունը  դրան ավելացնում է 5․5  տոկոս։ 2023-ից արդեն այս հարաբերակցությունը կհավասարվի՝ կես-կես։ Բայց պետության մասնակցությունը սահմանափակվում է 25 հազար դրամով։

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է ոչ թե պետությունը, այլ լիցենզավորված երկու կազմակերպություն՝  ֆրանսիական «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։ Դրանցից յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային: Մասնագետները վստահեցնում են՝ չնայած որպես կենսաթոշակ կուտակվող գումարների եկամտաբերությունը փոքր-ինչ նվազել, է, բայց դրանք վստահելի ձեռքերում են։   ֆոնդերի կողմից տնտեսության իրական հատվածում գրեթե ներդրումներ չկան։ Ֆոնդերի ակտիվների շուրջ 35 տոկոսը ներդրվում է արտասահմանյան ընկերությունների բաժնետոմսերում։ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հաշվարկներով՝  2020 թվականին Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կազմել են ՀՆԱ-ի 6%-ը: Ինչո՞ ւ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չեն արվում․պատասխան կա՝ ավելի ռիսկային են։ Համլետ Մկրտչյանի դիտարկմամբ. 

«Բնականաբար, արդյունավետությունը կախված է, թե որ  ֆինանսական շուկայում են ներդրում կատարում, և ինչ տոկոսային հարաբերակցությամբ ու եկամտաբերությամբ։ Կառավարությունը հավաքագրվող գումարները տվել է կառավարման մասնավոր ընկերություններին, որոնք նաև ՀՀ–ում են գործունեությունը  իրականացնում։ Կառավարությունը  գործիքակազմի միջոցով կարողացել է ռիսկերը սահմանափակել, կարելի է  ասել պատվիրակել է այդ ընկերություններին։ Հետևաբար , կուտակային համակարգի միջոցով հավաքագրված գումարների պատասխանատվությունը մնում է այդ  ֆոնդերի տիրույթում,թե ո՞ր ոլորտում և ի՞նչ եկամտաբերություն կապահովեն»։

Կենսաթոշակային ֆոնդերը ֆինանսական ինստիտուտներ են՝ հիշեցնում է  տնտեսագետ Նարեկ Կարապետյանը, ուստի գումարները հենց ֆինանսական գործիքներում են ներդրվում։ Բացատրում է՝ քանի որ շուկայում այդ գործիքները սահմանափակ են,   իրական հատվածն էլ հազվադեպ է դիմում իրենց, ուստի կենսաթոշակային ֆոնդերը նման գործիքներում ներդնելու քիչ ընտրություն ունեն.

«Մենք գյուղատնտեսական որևէ կազմակերպություն չունենք, որը բաժնետոմս կամ պարտատոմս թողարկած լինի։ Արդյունաբերական ընկերություններից ունենք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»–ը, «Յուքոմ»–ը, որոնք պարտատոմսեր են թողարկել։ Այդ գործիքներում, վստահաբար, ֆոնդերը լինում են, բայց դա գաղտնիք պարունակող տեղեկատվություն է, և չգիտենք, թե կոնկրետ որ գործիքներում են ներդնում»։

Մարդիկ գերադասում են ընտրել պահպանողական ֆոնդերը՝ պակաս շահութաբեր, բայց առավել կայուն։ Հայաստանում այսօր իր վաղվա թոշակը կուտակող 642 հազար մարդկանց 99 տոկոսը պահպանողական ֆոնդն է նախընտրել։ Մյուս երկու՝  կայուն եկամտային եւ հավասարակշռված ֆոնդերի մասնակիցների թիվը շատ ավելի փոքր է (համապատասխանաբար՝ 2175 եւ 1968)։ Տնտեսագետ,  «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանը հորդորում է ֆոնդերի եկամտաբերությունը գնահատել  ոչ թե կարճաժամկետ, այլ՝ երկարաժամկետ հորիզոնում․

«Կարծում եմ, որ մեր քաղաքացիները պետք է ուշադրություն դարձնեն ոչ թե ընթացիկ եռամսյակում եկամտաբերությանը, այլ ավելի երկարաժա մկետ հորիզոնում։ Երբ երկարաժամկետ ենք նայում, ապա մեր ֆոնդերի արժեքը ստեղծման օրից գրեթե կրկնապատկվել է»։

Համակարգի ստեղծման պահից՝ 2014 թվականից, յուրաքանչյուր մասնակցի գումարի եկամտաբերությունը 8-9 տոկոս է։ Կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուները 1974թ․ հունվարի 1–ից հետո ծնվածներն են, բարեփոխումները մեկնարկեցին 2014 թվականից։ 2037 թվականին համակարգին միացած առաջին շահառուները կստանան կուտակած գումարները։

Back to top button