ԿարևորՀասարակություն

Աշխատանքային փորձի ձեռքբերման ծրագիր՝ 44-օրյա պատերազմի մասնակիցների համար

2020 թ․ պատերազմի մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամների և պատերազմի հետևանքով ՀՀ-ում բնակվող արցախցիների (ԱՀ այն քաղաքացիներն, ովքեր հաշվառված են եղել Արցախի Հանրապետության վերահսկողության տարածքից դուրս մնացած համայնքներում և այժմ բնակվում են Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում) վերապատրաստումների, աշխատանքային փորձի ձեռքբերման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի միջև փոխգործակցության հուշագիր է ստորագրվել։

Ըստ այդմ, կողմերը կհամատեղեն ջանքերը շահառուների շրջանում նոր հմտությունների ձևավորման, աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացի կազմակերպման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ:

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնների միջոցով կհստակեցվի նախագծին մասնակցել ցանկացող գործատուների և շահառուների ցանկը, կկազմակերպվի դիմում-հայտերի ընդունման և մշակման գործընթացը։

Հուշագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կվճարվի ամսական 100,000 դրամ աշխատավարձ (ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները), իսկ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետի համար գործատուին կտրամադրվի 34,000 դրամ։

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության Երևանի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի տարածքային կենտրոններ։

Back to top button