Ծովահայեր

Դա Վինչիի ձեռագրերն ուսումնասիրող հայ գիտնականը. «Ծովահայեր»

Աշխարհի նախկին գերտերություններից մեկի՝ Խորհրդային Միության ստորջրյա հնագիտության կամ հիդրոհնագիտության առաջամարտիկը մեր հայրենակիցն է՝ Ռուբեն Օրբելին, հայտնի եղբայրներից ավագը։ Ստորջրյա հնագիտությանը վերաբերող հսկայական գրականություն և արխիվային նյութեր է ուսումնասիրել Ռուբեն Օրբելին։

Հին հունական ու հռոմեական երկեր կարդալիս, եթե հանդիպենք օրինակ՝ «ուրինատոր», «Կուլումբետես» տերմիններին կամ «Ոդիսական»-ում հանդիպենք օրինակ՝ «առնեուտեր» և  «կուբիստետեր» տերմիններին, դժվար թե մեզ որևէ բան հուշի։ Օրբելին պարզել է, որ այս տերմիններով էին հին հույներն ու հռոմեացիները բնութագրում սուզորդներին։ 

Ռուբեն Օրբելին խոշորացույցի և հայելու օգնությամբ ուսումնասիրել է Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերը: Նա գրում է, որ Լեոնարդո դա Վինչին եղել է Հայաստանում և իր ձեռագրերում հիշատակել է նաև Հայաստանի գետերը:

1934 թվականին Ռուբեն Օրբելիին հրավիրում են աշխատելու հայտնի «ЭПРОН»-ի՝ հատուկ նշանակության ստորջրյա արշավախմբի կազմում, որտեղ նա զբաղեցնում է գիտական խորհրդատուի, գիտական և տեխնիկական խորհրդի անդամի և պատմագրագետի պաշտոնները, և ձեռնարկում ջրասույզ հնագիտական հուշարձանների փնտրտուքը՝ պատմական աղբյուրներում:

1937 թվականին Ռուբեն Օրբելին ձևավորում է առաջին ստորջրյա արշավախումբը և աշխարհում առաջին անգամ ջրասուզական կազմակերպությունը դառնում է գիտության դրոշակակիրը։ Ծնունդ է առնում պատմական գիտության նոր ճյուղ` ստորջրյա հնագիտություն կամ հիդրոհնագիտություն:

Ռուբեն Օրբելու ղեկավարած արշավախմբերը հայտնաբերում են ստորջրյա հունական քաղաքի մնացորդներ Ղրիմում, հնադարյան նավահանգստային կառույցներ Օլվիայում, Խերսոնում: 1939 թվականին արշավախումբը Բուգ գետից հանում է մոտ 2500 տարի առաջ սուզված սկյութական նավակ։ Օրբելին տալիս է ստորջրյա կառույցները պաշտպանելու նպատակով ծովափերն ամրացնելու գաղափարը, առաջարկում հնագույն իրերը ջրից հանելու և պահպանելու եղանակներ:

Ռուբեն  Օրբելու կյանքն ավարտվում է 1943 թվականին։ Պրոֆեսորին հուղարկավորում են Մոսկվայի հայկական գերեզմանատանը: Ռուսաստանում հիդրոհնագիտության զարգացման նոր փուլը սկսվում է 1950-ականների կեսերից և մեծ զարգացում ապրում մինչև մեր օրերը։

Խորհրդային միությունում Լևոն և Հովսեփ Օրբելիների փառքը կարծես թե ավելի հնչեղ էր, քան Ռուբեն Օրբելունը։ Թե ինչո՞ւ էին խորհրդային իշխանություններն ստվերում ականավոր գիտնականի փառքը՝ «Ծովահայերի» տաղավարում պատմում է Օրբելի եղբայրների տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գերասիմ Մկրտչյանը։

Back to top button