ԿարևորՄշակույթ

Օպերաներ սուլելու վարպետը․ Էդիկից Կարեն Դեմիրճյան դառնալու ուղին

ՀՀ ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ  ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988 թվականներ), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (1999 թվական) Կարեն Դեմիրճյանն ապրիլի 17-ին կդառնար 90 տարեկան։ Ապրիլի 15-ին ԳԱԱ-ում տեղի է ունեցել Դեմիրճյանին նվիրված գիտաժողով, 17-ին տեղի կունենա այց պանթեոն, միջոցառումները կշարունակվեն տարվա ընթացքում։ Դեմիրճյան անհատի եւ նրա անցած հասարակական-քաղաքական ուղու մասին  «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում են Կարենի Դեմիրճյանի անվան թանգարանի ավագ գիտաշխատողներ Արուսյակ Ղամբարյանն ու Արմենուհի Այվազյանը:

Պապերը դարբիններ էին։ Ինքը զենքեր չէր սիրում, փոխարենը սիրում էր սուլել օպերաներ, շախմատ,  ազգային երաժշտություն։  Ինչու եւ երբ Էդիկը դարձավ Կարեն, ինչու էր արդեն հայտնի քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանը բարկացել, երբ իր 50-ամյակին գորգ էր նվեր ստացել։ Ի՞նչ էր զգուշացրել Դեմիրճյանը  եղբորը մահվանից առաջ, ու ի՞նչ է պատմել եղբայրն իրենց վերջին հանդիպման մասին։

Ազգային հերոս, հայտնի քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանում եմ, որը բացվել է Դեմիրճյանի 75-ամյակին՝ 2001 թվականին՝ կառավարության որոշմամբ։ Ապրիլի 17-ին Կարեն Դեմիրճյանը կդառնար 90 տարեկան։ «Ռադիոլուրին» քաղաքական հայտնի գործչի կյանքից ուշագրավ դրվագներ են պատմում թանգարանի ավագ գիտաշխատողներ Արուսյակ Ղամբարյանն ու Արմենուհի Այվազյանը։

«Սկսում ենք ծնողներից․ Դեմիրճյանի հարազատների մասին տեղեկությունները շատ աղքատիկ են, որովհետև Ցեղասպանությունից փրկվել է միայն Դեմիրճյանի հայրը՝ 11-ամյա Սերոբը, մայրական կողմից՝ Կարախանյանների գերդաստանից, 9-ամյա Լուսիկը,  և գերդաստանի մասին պահանված հուշերիը միայն նրո ծնողների հուշերն են։ Կարեն Դեմիրճյանի եղբայրը՝ Կամո Դեմիրճյանը, ԽՍՀՄ գլխավոր էներգետիկն է եղել, ակադեմիկոս, և նա շատ հուշեր ունի Կարեն Դմեիրճյանի մասին, ասում է, որ ֆանտաստիկ է  դպրոցում սովորել։ Կարեն Դեմիրճյանի անունն ի սկզբանե եղել է Էդիկ։  Երբ արդեն ժամանակն է գալիս անձնագիր ստանալու, Կարենի հայրը՝ Սերոբը, փոխում է անունն ու որդուն անվանում է Կարեն, որովհետև ինքն Էրզրումից էր, այդ վայրն անվանում էին նաև Կարին, և ի պատիվ իր ծննդավայրի է անունը փոխել հետո։
Դեմիրճյանը սովորում է Մոսկվայի պոլիտեխնիկական ինստիտուտում, հետո սկսում աշխատել Լենինգրադում, բայց ընդամենը մի քանի ամիս աշխատելուց հետո վերադառնում է Հայաստան»,-
ասում է Արուսյակ Ղամբարյանը։

«Դեմիրճյանի ապուպապերը դարբիններ են եղել․ տեղեկությունը պահպանվել է նրա հոր հիշողություններից։ Երբ մանկատանը մոտենում են Ցեղասպանությունից մազապուրծ տղային, որպեսզի գրանցեն, ազգանունն են հարցնում, ասում է՝ իրենց անվանել են Դամրչի, ինչն էլ նշանակում է դարբին, և այդտեղից էլ ձևավորվել է Դեմիրճյան ազգանունը»,-ասում է Արմենուհի Այվազյանը։

«Երևանյան լճի կառուցումն ավարտելուց հետո Դեմիրճյանն անցավ Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի բացմանը, և շատ արագ Ցեղասպանության 60-ամյակին կառուցվեց համալիրը։ Իսկ բացման օրը նրա ելույթը հեռուստատեսությամբ ուղղակի չլսված բան էր ողջ խորհրդային միությունում։ Դա անվանվեց որպես բացառիկ խիզախություն, որովհետև բացեիբաց առաջին անգամ նա խոսեց Ցեղասպանության մասին և դատապարտեց այդ ոճիրը»,-ասում է Արուսյակ Ղամբարյանը։

«Տեսեք այստեղ՝ նրա աշխատասենյակում, գորգ է պատից կախված, սա նրան նվիրել են Իջևանի գորգագործական ֆաբրիկայից՝ 1982-ին՝ իր 50 ամյակին։ Գորգի վրա Դեմիրճյանի դիմանկարն է, ինչպես տեսնում եք՝ այս գորգը նա չի վերցնում և բարկանում է՝ ասելով՝ ի՞նչ է, ես պարսից շահ եմ, որ դիմանկարս պատկերել եք գորգի վրա։ Հետագայում՝ շատ տարիներ անց ,Դեմիրճյանի մոտ է գալիս ֆաբրիկայի նախկին տնօրենը և, գորգը բերելով, ասում է՝ հիմա ոչ ես եմ տնօրեն, ոչ դուք եք քարտուղար, խնդրում եմ ընդունեք մեր նվերը»,-ասում է Արմենուհի Այվազյանը։

«Դեմիրճյանը երաժշտական կրթություն չունենալով՝ երաժշտության գիտակ էր։ Համերգների գնալով՝ աշխարհահռչակ երաժիշտների է դիտողություն արել, թե ինչու այս հատվածն այսպես երգեցիք կամ չերգեցիք։ Մի պատմություն կա, որ Էդվարդ Թոփչյանը Դեմիրճյանին առաջարկել է բացառիկ ձայնագրություն, Դեմիրճյանը պատասխանել է, իսկ ո՞ր նվագախմբի կատարմամբ է, և Թոփչյանն ապշել է նրա երաժշտական գիտելիքներից։ Առհասարակ, նա ազգային երգի սիրահար էր, հաճախ էր լսում Կռունկ, Դլե յաման։ Մի պատմություն էլ Արամ Խաչատրյանի հետ է կապված․ երբ կենտկոմի շենքում Դեմիրճյանն ընդունել է Խաչատրյանին, ժամերով Դեմիրճյանը սուլել է Գայանե բալետը գերճշգրտությամբ, և Խաչատրյանը, դուրս գալով, բոլորին հայտարարել է, որ հպարտ է, որ այսպիսի ղեկավար ունի իր երկիրը»,-ասում է Արուսյակ Ղամբարյանը։

«Դեմիրճյանը կյանքի վերջին տարիներին ամենահաճախն ասում էր՝ ինչպե՞ս պետք է ժողովրդին այս փոսից հանեմ։ Սրա մասին վկայում են նրա հարազատները, վերջին անգամ 1999 սեպտեմբերին է ավագ եղբորը՝ Կամոյին հանդիպել։ Հետագայում Կամոն պատմում է, որ ոչ մի բառ չեն փոխանակել, Դեմիրճյանը ձեռքերն ափերի մեջ վերցրած նստել  և լռել է»,-ասում է Արմենուհի Այվազյանը։

«Ավելացնեմ՝ Կամոն պատմում էր, որ Դեմիրճյանն իրեն զգուշացրել է, որ իրեն սպանելու են, և որ եղբայրը պատրաստ լինի այդ լուրին։ Արա Շիրազի խոքերով ամփոփենք երևի այս փոքրիկ զրույցը։ Նա  ասում էր՝ Կարեն Դեմիրճյանի գործը մնաց  հայ ժողովրդի հոգու ամենանվիրական պանթեոնում»,-ասում է Արուսյակ Ղամբարյանը։

Back to top button