ԿարևորՀասարակություն

Ուսանողներ կան, որ ընդունվել ու ավարտել են՝ առանց շենք մտնելու. Վանաձորի արվեստի պետական քոլեջի ուսանողները բողոքում են

Գրեթե 4 տարի՝ Վանաձորի արվեստի պետական քոլեջի շինվերանորոգման աշխատանքները չեն ավարտվում: Շինարարներն ամեն օր վստահեցնում ու խոստանում, քոլեջի տնօրինութունն ու ուսանողությունը՝ սպասում։ Ուսանողները հոգնել են այսուայնտեղ դասեր անելուց, դասախոսներն էլ՝ տանն ու արվեստանոցում  պարապելուց: Քոլեջի բակում բողոքի ակցիա են արել ու պահանջում են  սեղմ ժամկետում ավարտական տեսքի բերել  շենքը:    

Համբերության բաժակը լիքն է, հանդուրժելn՝ այլևս անհնար: «4-րդ տարին է՝ չգիտենք՝  ո՞ր  ուսումնական հաստատության ուսանողն ենք, այստեղից այնտեղ, քաղաքի  մի ծայրից մյուսը, օրն անցկացնում ենք տեղից տեղ վազելով, ոչ դասից ենք բան հասկանում, ոչ ուտելուց  ու հանգստից»: Վանաձորի արվեստի պետական քոլեջի ուսանողներն արդեն հոգնել են ու չեն պատրաստվում այլևս հանդուրժել այս վիճակը: Կրթության որակն է տուժում,- խոստովանում են:

«Մենք բոլորս տարբեր տեղերում ենք կրթությունստանում: Օրվա մեջ տարբեր տեղեր տեղափոխվելով՝ ուշանում ենք դասերից, ինչը շատ վատ է անդրադառնում մեր կրթության վրա»,- ասում է Վանաձորի արվեստի պետական քոլեջի ուսանող Մոնիկա Ղազարյանը։

Ուսանող ու դասախոս ուզում են կրթվել նորմալ պայմաններում,բայց խնդրին լուծում տվող չկա: Ուսանողուհիներից մեկն անկեղծանում է՝ օրական շուրջ 2000 դրամով ծախսերն են ավելացել, դժվար է, մյուսն էլ՝ թե ողջ օրն անցնում է, այդպես էլ չեն հասկանում՝ դասի էին, թե՞ոչ:

 «Մենք դասապրոցեսն անցկացնում ենք տարբեր հաստատություններում, մի քոլեջից մյուսը, դժվար է էդքան վազվզելը: Ցավում եմ, որ եղել են սերունդներ, որ ընդունվել ու ավարտել են էս քոլեջը՝առանց շենք մտնելու»,- պատմում է Երաժշտության տեսության բաժնի ուսանող ԶարուհիՄացակյանը։

Գեղանկարչության բաժնի դասախոս, նկարիչ Արտյոմ Բասենցին ասում է, որ չավարտվող շինաշխատանքների պատճառով ստիպված իր արվեստանոցում են դաս անում: Անհարմար է, չի կարողանում լիարժեք ստեղծագործել, բայց ուսանողներին էլ է պետք ընդառաջել: Պահանջում են պատկան ատյաններից լուծել խնդիրը:

«Էսքան ուսանողությունը, մեր լավ ապագան, դռնեդուռ ընկած, էս մուզիկալնի դպրոցում, կամ էս քոլեջում դասամիջոցին զոռով հասցնում են մի հաստատությունից մեկը գնալ, որ դասեր անեն: Նկարիչներն էլ տեղ չունեն,  ստիպված մեր արվեստանոցներում ենք մեր դասերն անում: Արդեն 4 տարի է՝ ես իմ արվեստանոցում եմ անում դասերը, զուտ երեխեքի համար, որ տեղ ունենան, աշխատեն։ Համ ես եմ տուժում, համ երեխեքը»,- նշում է գեղանկարի դասախոս Արտյոմ Բասենցը։

2017 թվականի վերջից ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվերով վերանորոգվում ու այդպես էլ վերջնական տեսքի չի բերվում Թավրիզյանի անվան Վանաձորի արվեստի պետական քոլեջի շենքը: 70-ամյա կենսագրության ընթացքում շատ նշանավոր դեմքեր են այստեղ սովորել՝ ասում է քոլեջի տնօրեն Արմենուհի Ասլանյանը: «Միշտ կարողացել եմ լուծել քոլեջի խնդիրներն ու երբեք այսքան անզոր չեմ զգացել ինձ: Անելանելի վիճակում ենք, չգիտենք ում  դիմել»,-դժգոհում է.

 «Ամեն ծնողական ժողովին ծնողների բողոքը միայն դա է՝ ե՞րբ են վերադառնալու շենք, էս երեխաներն ուզում են նորմալ կրթություն ստանալ: 220-ից աստիճանաբար պակասեցին: Այս պահին 183 ուսանող ունենք:  Ես չգիտեմ ծնողների բողոքներին ինչպես պատասխանեմ, ինչ–որ անլուծելի վիճակում եմ»,-ասում է Վանաձորի արվեստի պետական քոլեջի տնօրեն Արմենուհի Ասլանյանը։

«Շինաշխատանքներն իրականացնող «Բազալտշին» ընկերության ղեկավար Դավիթ Խաչատրյանի հետ լեզու գտնելու բոլոր միջոցներն սպառել ենք», թևաթափ ասում է քոլեջի տնօրենը:  Նամակների տրցակն է ցույց տալիս ու թվարկում՝ վարչապետ Փաշինյան, ԿԳՄՍ նախկին ու ներկա նախարարներ, Պետական վերահսկողական ծառայություն ու քաղաքաշինության կոմիտե.անօգուտ է, փակ շղթա է, պտտվում, նույն կետին ենք գալիս,- պատկերավոր նկարագրում է Ասլանյանը.

«Շրջանակի նման պտտվում է, գնում Քաղաքաշինական կոմիտե, պատասխանում են, որ շինարարին տուգանքներ են նշանակել, բայց ոչինչ չի շահում դրանից քոլեջը, ուսումնական պրոցեսը ձախողվել է: Ես համոզված եմ, որ եթե նամակը հասներ վարչապետին, էս հարցն էսպես չէր մնա, ուղղակի մնաց աշխատակազմում: Էլ տեղ չկա, որ դիմեմ, դրա համար էս ժողովուրդն ինքնաբուխ որոշել է էս ամենը կազմակերպել, ինձնից հույսները կտրել են: Անորոշ, անճար, խեղճ վիճակում ենք»,-նշում է Վանաձորի արվեստի պետական քոլեջի տնօրենը։

Քանոնի ու նվագախմբային երաժշտության դասախոս Էլմիրա Կռոյանն այլևս չի ուզում հանդուրժել այս վիճակը: Ինչքա՞ն կարելի է: Մենք մի կողմ,-ասում է,-ուսանողներն են մեղք:

«Ուսանողի վիճակն ամենաահավորն է,  ոտքով գալիս են մշակույթի պալատ՝ քաղաքի մի ծայրից մի ծայրը, հետո ոտքով գնում երաժշտական դպրոց։ Պատկերացնո՞ւմ եք էդ ծանր քանոնը գրկած շաբաթական 3 անգամ մասնագիտական դասի են գալիս, 2 անգամ էլ՝ նվագախմբային դասի: Ես ուղղակի շատ բարկացած եմ մեր կառավարության վրա: Ես իմ ուսանողների համար ցավում եմ, որովհետև նրանք շատ բան են կորցնում: Ինչքա՞ն կարելի է, մեր խեղճ տնօրենը ծերացավ էս շենքի վրա»,- ասում է քանոնի ու նվագախմբային երաժշտության դասախոս Էլմիրա Կռոյանը։

Գագիկ Հակոբյանն է միջամտում: Տուժում է կրկնակի՝ որպես դասախոս ու ծնող: Առավոտյան, երբ բոլորը քնած են, իրենց բնակարանում դուդուկի դասեր է տալիս՝ խանգարելով թե՛ ընտանիքի անդամների, թե՛ հարևանների հանգիստը: Քոլեջում ուսանող էլ ունի: Առարկաներ կան, չեն պարապում կամ կիսատ-պռատ անում: Չսովորելուն հավասար է,- ասում է:

Անհարմար է, ուսանողներին ես տուն եմ կանչում, տանն եմ պարապում, տանը փոքր երեխա կա։ Առավոտը 9-ին ուսանողներին կանչում եմ, իմ ընտանիքին նեղություն տալով, նենց եմ անում, որ դասապրոցեսը չձախողվի։ Հարևաններն ըմբռնումով են մոտենում, բայց, դե, ինչքա՞ն դա կշարունակվի»,-նշում է դուդուկի դասախոս Գագիկ Հակոբյանը։

3-րդ կուրսում է սովորում աջիկս,-ասում է Նելլի Մացակյանը: Միացել է բողոքի ակցիային ու պահանջում ապահովել իր երեխայի՝պատշաճ պայմաններում կրթվելու իրավունքը.

«Ողջ տարին անցնում է, նորմալ կրթություն չեն ստանում՝այստեղից այնտեղ։ Մի տեղ չէ, որ ասես ավարտեն ու տուն գան:Ես սա նորմալ չեմ համարում: Գալիս ա տուն, չգիտի՝ հաց ուտի, թե պատրաստվի, ուրիշ քոլեջ գնա։ Համ հոգնում է, համ էլ էսպես ինչ սովորեն»:

Մշակութային ավանդույթներով հայտնի քոլեջի աշխատակազմը հայտնվել է անելանելի վիճակում: Նեղլիկ հետնաբեմ են ցույց տալիս: «Միասին, 8 հոգով հազիվ ենք  տեղավորվում: Էլի կդիմանանք՝ միայն իմանանք, երբ կավարտվի այս մղձավանջը, որ տարիներ է շարունակվում։ 2017թ-ին քոլեջիշինաշխատանքները մրցույթով շահած «Բազալտշին» ընկերությունը պարտավորվել էր աշխատանքներն ավարտել 2 տարում։ Այս ընթացքում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է«Բազալտշին»-ի սեփականատերը: Ընկերության նոր ղեկավար Դավիթ Խաչատրյանը «Ռադիոլուր»-ին ասաց, որ ելնելով ամրացման աշխատանքների խիստ անհրաժեշտությունից՝ լրջորեն փոփոխվել է նախագիծը: Շինաշխատանքների բյուջեն գրեթե 60 միլիոնով ավելացել է՝ կազմելով մոտ 600 մլն. դրամ: 4000 քմ մակերես ամրացում, աշխատանքների ծավալների ավելացում. ժամկետների մեջ չկարողացանք տեղավորվել,- Խաչատրյանն է ասում: Առաջիկայում աշխատանքները կվերսկսեն: Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ամենաուշը 1 ամսից շենքը պատրաստ կլինի։ Աշխատանքների որակին հետևելու են խստորեն, բոլոր թերությունները շտկվելու են, ապահովված է լինելու նաև շենքի մատչելիությունը- Խաչատրյանն է վստահեցնում.

«Գումարի հատկացումը մարտի 23-ին համաձայնագիրը կնքելէ, կառավարությունը գումարը հատկացրել է ու կարճ ժամանակում էդ աշխատանքն ավարտվելու է։ Նույնիսկ դահլիճներում կա թեքահարթակ,  գլխավոր մուտքի մոտ կա թեքահարթակ, սպորտդահլիճն ու ետևի դահլիճն ունեն թեքահարթակ»։

Խոստումները հուսադրող են, բայց, դրանցով ոգևորվելու փոխարեն, քոլեջում ցավով արձանագրում են, որ անցած 4 տարում եղան ուսանողներ, որոնք ընդունվեցին ու ավարտեցին՝ առանց քոլեջի շենք ոտք դնելու:

Back to top button