ԿարևորՔաղաքական

Որքան «կապրի» ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցային ձևաչափի «մշուշոտ» ապագան

Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերություններում առկա սուր դիմակայությունը հարցականի տակ է դրել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման մանդատ ունեցող միակ ձևաչափի գոյությունը։ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը հարաբերություններ են պարզում նաև այդ հարթակում։

Վերլուծաբանները փորձում են հասկանալ՝ ինչ է սպասվում ԵԱՀԿ ՄԽ-ին և ով է զբաղվելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Հարցն արդիական է ՌԴ ԱԳՆ-ի նախօրեի հայտարարության պատճառով։

ԵԱՀԿ ՄԽ–ում ռուսաստանցի համանախագահի կարգավիճակի փոփոխության որոշման հիմնավորման մեջ որևէ ձևակերպում չկա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Իգոր Խովաևի նոր պաշտոնն է՝ Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով։ Պաշտոնական Մոսկվայի հաղորդմամբ՝  Խովաևի նոր կարգավիճակը բխում է եռանախագահության ձևաչափով Մոսկվայի հետ շփումներից հրաժարվելու Վաշինգտոնի և Փարիզի դիրքորոշումից: Դեռ ապրիլի 8–ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր անդրադարձել խնդրին։

Ռուսաստանյան վերլուծական դաշտում կարծիք է շրջանառվում, որ սկսվում է մրցակցություն հակամարտության կարգավորման համար, որը կորոշի, թե ով է լինելու տարածաշրջանում «գլխավորը»։

Բանակցային ձևաչափին առնչվող վերջին զարգացումները, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով, վկայում են ԵԱՀԿ ՄԽ-ի փաստացի լուծարման մասին։

«Գործնականում նույնիսկ մինչև պատերազմը ՄԽ–ն գոյություն ուներ միայն հայտարարությունների ու եզակի այցերի մակարդակով։ Ռուս–ուկրաինական պատերազմը, իհարկե, լրջացրել է այս իրավիճակը, և պարզ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև աննախադեպ դիմակայության պայմաններում դժվար է լինելու համագործակցության եզրեր գտնել ՄԽ ձևաչափում։ Ակնհայտ է, որ մեծ հաշվով ՄԽ–ն գործնականում դադարում է գոյություն ունենալ և ապագա բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենան, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենալու կամ ԵՄ-ի, կամ Ռուսաստանի միջնորդությամբ»։

Տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու խոսակցություններին անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Նա հաստատել է, որ Ռուսաստանը չի հեռանալու տարածաշրջանից։ «24News»-ի եթերում հարցականի տակ չի դրել նաևԵԱՀԿ ՄԽ գոյության փաստը։

«Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը մշտապես աջակցել է ձևաչափի գոյությանը, ակտիվ աշխատել է այդ շրջանակում և երբեք չի ասել, որ հրաժարվում է դրանից։ Ռուս դիվանագետը նշել է, որ խնդիրն այդ  ձևաչափում Ռուսաստանի հետ համագործակցել չցանկանալու ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների դիրքորոշումն է։ Միջնորդական հարթակին վերաբերող բոլոր հարցերը դեսպանը հասցեագրում է Արևմուտքին՝ պնդելով, որ աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար քանդվում են միջազգային անվտանգային համագործակցության ձևաչափերը։ Կոպիրկինը ափսոսում է, որ տարածաշրջանի երկրների և առաջին հերթին Հայաստանի շահը զոհարեբրվում է աշխարհաքաղաքական և այլ ամբիցիաներին»։

Մինչդեռ երբ Վաշինտոնում լրագրողն ամերիկյան պետքարտուղարության ներկայացուցչին հարցրել է, թե ինչ է նշանակում ՄԽ մասին Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, Նեդ Փրայսը պատասխանել է․

«Պատրաստ ենք համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ համախոհ երկրների հետ՝ ներառյալ ԵԱՀԿ մեխանիզմներով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ»։

Ղարաբաղյան հակամարտության լուծումները գտնելու պատրաստակամություն է հայտնել նաև Ֆրանսիան։ ՄԽ-ում այդ երկրի ներկայացուցիչ Բրիս Ռոքֆոյը Հայաստան է ժամանել ՌԴ արտգործնախարարի հայտարարություններից հետո։

Փետրվարի 24–ից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանակում  ԱՄՆ–ն և Ֆրանսիան նաև ՄԽ եռյակում են դադարեցրել Ռուսաստանի հետ գործակցությունը, բայց Հարավային Կովկասում ստեղծված վիճակը բանակցային դադարի հնարավորություն չի տալիս։ Դրա մասին խորհրդարանում խոսել էր նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր պատկերացումները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության վերաբերյալ մնում են ամբողջությամբ ուժի մեջ, ԼՂ հակամարտության կարգավորումը մենք տեսնում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում։ Ըստ էության՝ այն կոնֆերանսը, որով հիմնադրվել է այդ ձևաչափը, այդ կոնֆերանսի որոշումը ոչ ոք աշխարհում չի չեղարկել և այդ որոշումը ուժի մեջ է։ Ցավոք սրտի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների միջև հարաբերությունները հայտնի պատճառներով այդքան բարենպաստ չեն, որպեսզի նրանք երեքով կարողանան քննարկում կազմակերպել, և մենք չենք կարող թույլ տալ, որ այդ առումով որևէ վակուում առաջանա»։

ԵԱՀԿ ՄԽ–ում ռուսաստանցի համանախագահի կարգավիճակը փոխելով՝ Ռուսաստանը հայտարարում է, որ դեսպան Խովաևի ուշադրության կենտրոնում լինելու է խաղաղության պայմանագրի պատրաստման թեման։ Նշվում է, որ Ռուսաստանը վճռական է աջակցել այդ պայմանագրի ստորագրմանը։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի դիտարկմամբ՝ այժմ ականատես ենք միջնորդական առաքելության մեջ լրջագույն տեղաշարժերի։ Կարծում է՝ միջնորդական առաքելությունը սահուն տեղափոխվում է Ռուսաստանից դեպի Արևմուտք։ Հակամարտության պատմության ընթացքում  Խուրշուդյանը հիշում է ևս մեկ նման դեպք, երբ Քի Վեսթից հետո Միացյալ Նահանգները հետ քաշվեց բանակցային գործընթացում իր առաջնորդությունից՝ այն զիջելով Ռուսաստանին։ Այժմ առաջնորդության հերթական փոփոխությունն է նկատվում։ Հովսեփ Խուրշուդյանի համոզմամբ՝ իրադարձությունները չեն բերի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի լուծարման։    

«ՄԽ–ն, ես վստահ եմ, որ մնալու է, և պատահական չէ, որ ԵԱՀԿ նախագահը մինչև այս գործընթացները այցելեց տարածաշրջան և հանդիպումներ ունեցավ։ Կարծում եմ, որ խնդրի միջնորդային առաջնորդությունը ամբողջությամբ Արևմուտքը վերցնում է իր վրա, և այս պարագայում, այո, ժամանակ շահելու խնդիր կա, որովհետև բաժանարար գծերն ակնհայտորեն ավելի  են հստակեցվում ժողովրդավարությունների և դիկտատորական, ավտորիտար ռեժիմների միջև, և դա  է պատճառը, որ Ադրբեջանը շտապում է այս հարցը լուծել։ Մյուս կողմից՝ մենք «տեկտոնական» փոփոխություններ ենք տեսնում Արևմուտքի կախվածության հարցում էներգակիրներից։ Ազատվելով ռուսական կախվածությունից՝ իրենք ազատվելու են նաև Ադրբեջանի ազդեցության թեկուզ այն փոքր լծակից, որն այսօր ունեն։ Ունենալով ավտորիտար առաջնորդ՝ Ադրբեջանը ի՞նչ խնդիր է լուծելու»։

Խուրշուդյանի կարծիքով՝ ԵԱՀԿ ՄԽ-ն երկու ճանապարհ ունի․ կամ աշխատել միայն Արևմուտքի առաջնորդությամբ, կամ որոշ ժամանակ անց վերականգնել եռակողմ համագործակցությունը։

Բանակցությունների նոր փուլում կա ևս մեկ գործոն․կողմերը մտել են ուղիղ շփման փուլ, և ակնհայտ է, որ սա նույնպես նվազեցրել է միջնորդների դերը։

Back to top button