ԿարևորՀասարակություն

5000 հա նոր անտառ՝ վերջին 3 տարում․ծառերը նախատեսված քանակով չեն տնկվել, բայց անտառտնտեսությունն իր աշխատանքից գոհ է

Վերջին տարիներին Հայաստանում զգալիորեն ավելացել են անտառի պահպանման և  վերականգնման ծավալները։  Իհարկե, տարիներ են պետք, որ տնկածն անտառ դառնա, բայց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեում այդ աշխատանքներից  ու խստացված հսկողությունից գոհ են, նկատել են, որ զգալիորեն պակասել են ապօրինի անտառահատումները։

Հայաստանի անտառային տարածքները հիմնականում Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում են, և եթե դրանց զանգվածային հատումը հիմնականում 90-ականներին էր, ապա այսօր գխավոր մարտահրավերը կլիմայի փոփոխությունն է։ Կառավարության նախաձեռնությամբ վերջին տարիներին անտառավերականգնման ինտենսիվ աշխատանքներ են տարվել։ Միայն 2019-2021 թվականներին շուրջ 5000 հա անտառ է տնկվել, որից 1400 հա-ին՝  բյուջեի միջոցներով։ Ծրագրերից մեկն էլ միասնական ջանքերով 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունն էր․ չնայած նախանշված ժամկետում չիրականացավ և մինչև 21 թվականի ավարտը 10 մլն ծառն այդպես էլ չտնկվեց, բայց ծրագիրը շարունակելի կլինի՝ «Ռադիոլուրին» հավաստիացնում է անտառային կոմիտեի նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը։

«10 մլն ծառ տնկելու ծրագիրը շարունակական է։ Անցյալ ապրիլի 25-ին քաղաքացու օրվա կապացությամբ շաբաթօրյակ կազմակերպվեց։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և իր տնտեսության տարածքներում հիմնադրեց, և տնկանյութ տրամադրեց համայնքներին։ Գիտեք՝ 10 մլն-ը բավականին մեծ թիվ է, դրա համար նախաձեռնությունը շարունակվում է»։

Ծառեր, իհարկե, տնկվում են, բայց միայն ծառ տնկելով անտառ չես ստեղծի՝ նկատում է անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը։  Առնվազն 5 տարվա խնամք է պետք և 15-20 տարի, որ դրանք անտառ դառնան՝ ասում է։

«2022 -ին պետական բյուջեից 413 մլն դրամ է հատկացվել անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներին։ Այս աշնանը նախատեսվում է շուրջ 130 հա անտառապատել»։

Բացի հատումներից՝ Հայաստանի անտառներն այլ խնդիր էլ ունեն՝ դեգրադացվել են եւ կորցրել բնապահպանական ֆունկցիաները։  Դրա կողքին որոշ անտառներ   ակտիվորեն վերականգնվում են,  օրինակ՝ Վանաձորինը։  

«Կաղնի, սոճի, հացենի, թխկի, թեղի, կեչի՝ դրանք են մեր  անտառների հիմնական ծառատեսակները։ Շիրակի, Արագածոտնի, այսինքն՝ ավելի սակավանտառ տարածքներում նույնպես աշխատում ենք հիմնել անտառներ,  պահպանել  անտառային տարածքները»։

Գազի թանկացումն ու գնաճի առաջացրած սոցիալական խնդիրները նոր մտահոգություններ են հարուցել, որ երկրում անտառահատումը կարող է ավելանալ։ Անտառտնտեսության կոմիտեում, սակայն, այլ միտումների մասին են խոսում։ Ուժեղացված հսկողության շնորհիվ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  20-22 տոկոսով պակասել են ապօրինի ծառահատումները։ Խոշորածավալ հատումներից Վլադիմիր Կիրակոսյանն առանձնացնում է վերջերս  Լոռիում բացահայտված դեպքը։

Ինչ վերաբերում է բնակիչների կարիքներին, ապա դեռ 2013-ից  անտառամերձ համայնքների բնակիչներին և սոցիալապես անապահով ընտանիքներին պետության կողմից անվճար թափուկ է հատկացվում։ Անցյալ տարի ամեն ընտանիքի մինչև 8խմ  վառելափայտ է տրամադրվել, ընդհանուր՝ 74 հազար խմ։ 8 խմ-ն գուցե ողջ ձմեռ չի բավականացնում, բայց հոգսը գոնե թեթևացնում է՝ կարծում է Արուսյակ Սիրադեղյանը։

«Որոշ չափով լուծում է իրենց վառելափայտի պահանջարկը։ Այսինքն՝ 8 խմ անվճար ստանալով՝ թեթևացնում ենք իրենց հոգսերը։Եթե  անտառում թափուկն առկա է, իրենք իրենց ուժերով գնում հավաքում են իրենց համար մինչև 8 խմ ծավալի։«»Որոշ չափով լուծում է իրենց վառելափայտի պահանջարկը։ Այսինքն՝ 8 խմ անվճար ստանալով՝ թեթևացնում ենք իրենց հոգսերը։Եթե  անտառում թափուկն առկա է, իրենք իրենց ուժերով գնում հավաքում են իրենց համար մինչև 8 խմ ծավալի»։

Անտառային կոմիտեի նախագահը կարեւորում է, որ խթանվի այլընտրանքային վառելիքի՝ բրիկետների արտադրությունը։ Դա այժմ դեռ մասնավոր նախաձեռնությունների տեսքով է։  Նախատեսվում է սկսել բրիկետների պետական արտադրություն եւ արտադրանքը ցածր գնով տրամադրել բնակչությանը։   

Back to top button