ԿարևորՎերլուծական

Անկարան ձգտում է հանդիպման՝ առանց միջնորդների․ ակադեմիկոսը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում, բայց երբ՝ դեռ հայտնի չէ, ասել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Վիեննայում հնարավոր հանդիպման մասին ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարարը։ Նա նաև խոսել էր հանդիպումները Հայաստանում ու Թուրքիայում անցկացնելու մասին։ «Չավուշօղլուն փորձում է հանդիպումներն անցկացնել առանց միջնորդ ձևաչափով»,-«Ռադիոլուր»-ին ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Որպես համարձակ քայլի դրսևորում՝ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է»,-հայտարարում է Հայաստանի արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն էր կոչ արել Հայաստանին համարձակ քայլ անել։

Վահան Հունանյանը, արձագանքնելով նրա այս ձևակերպմանը, «Արմենպրես»-ին հայտնել է, որ հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։ «Մենք բազմիցս ցույց ենք տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարարի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ: Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր: Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր։ Օրինակ՝ մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի»,- ասել է Վահան Հունանյանը։

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, համարձակ քայլ ասելով՝ Անկարան նկատի ունի Արցախի հարցում Երևանի՝ զիջումների գնալու որևէ դրսևորում․

«Համարձակ քայլեր ասելով՝ նա նկատի ունի, որ Հայաստանը գնա միակողմանի զիջումների ե՛ւ Արցախի հարցում, ե՛ւ մնացած բոլոր հարցերում։ Թուրքիայի համար կարևոր է, օրինակ, ցեղասպանության հարցը։ Կարծում եմ՝ դա է նրա պահանջի բուն էությունը»։

Այն, որ Անկարան պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերություններ հաստատել միայն խոսքով ու հայտարարությամբ,  պարզ էր հենց սկզբից, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է Հայկ Մամիջանյանը․

«Ընդդիմությունը այդ մասին հայտարարում է կարգավորման գործընթացի առաջին օրվանից։ Դա տեսանելի էր, դա գաղտնի չէր, դա արվում էր Թուրքիայի ամենատարբեր աստիճանի և կալիբրի պաշտոնյաների շուրթերով՝ նախագահից մինչև իրենց խորհրդարանի պատգամավորներ, փոխնախագահ, ԱԳՆ։ Դա հստակ էր։ «Առանց նախապայմանները» շիրմա էր, քող էր, խաբկանք էր, սուտ էր, մանիպուլյացիա էր։ Մենք դրա մասին խոսում ենք կարգավորման գործընթացի առաջին պահից ։  Էդպես չի լինում, որ մի ձեռքով՝ առանց նախապայմանների, մյուս ձեռքով՝ Թուրքիայի բոլոր կալիբրի պաշտոնյաները նախապայմաններ են հնչեցնում, ընդ որում տարբեր նախապայմաններ։  Էնպես որ սա ընդամենը վերահաստատում է․․․»։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում,-այս մասին խոսել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն՝ նշելով բանագնացների հանդիպումները Երևանում և Անկարայում անցկացնելու անհրաժեշտության մասին։ «Եթե խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք նման պատրաստակամություն ենք հայտնել»,-NTV հեռուստաալիքին ասել է Մևլութ Չավուշօղլուն։  Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է՝   Թուրքիան փորձում է հանդիպումներն անցկացնել  առանց միջնորդ ձևաչափով․

«Չավուշօղլուն փորձում է շարունակել Թուրքիայի մոտեցումն առ այն, որ բանակցությունների այս ռաունդը, որը չորրորդն է, անցնի առանց նախապայմանների։ Նախորդ երեք հանդիպումներից երկուսը տեղի է ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ ՀՀ այս գործընթացի սկզբից դիմել էր ՌԴ-ին, որ նա լինի միջնորդ, բայց Թուրքիան դեմ էր, որ որևէ միջնորդի»։

Հանդիպումները Հայաստանում կամ Թուրքիայում անցկացնելու Չավուշօղլուի առաջարկին անդրադարձել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ևս։ Նա հիշեցրել է, որ  նախկինում  Հայաստանում և Թուրքիայում եղել են՝ թե՛ բանակցողների, թե՛ նույնիսկ նախագահների մակարդակով հանդիպումներ, բայց, դրանք արդյունք չեն տվել: Կարևորը կարգավորման հասնելու քաղաքական կամքն է և հստակ՝ առարկայական քայլերի գնալու պատրաստակամությունը: «Մենք ցուցաբերում ենք երկուսն էլ, և նույնն ակնկալում ենք Թուրքիայից: Եթե կամքը լինի, հանդիպումների վայրը կդառնա զուտ տեխնիկական հարց»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նրա կարծիքով հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանում և Թուրքիայում հանդիպումներ ունենալու առաջարկը վկայում է, որ Թուրքիայի ընկալմամբ՝ գործընթացն ամբողջությամբ երկկողմ բնույթ ունի։ Այս պարագայում տրամաբանական կլիներ, որ Թուրքիայի ներկայացուցիչներից չլսեինք գրեթե ամենշաբաթյա հայտարարություններ այն մասին, թե իրենք գործընթացն առաջ են մղում Ադրբեջանի հետ համակարգմամբ, արձագանել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Back to top button