ԿարևորՔաղաքական

ՀՀ իշխանությունից վստահեցնում են՝ Արցախի թիկունքում քաղաքական գործարք չկա և չի կարող լինել

Խորհրդարանի լիագումար նիստի ելույթները երրորդ օրն է՝ սուր քննարկումների առիթ են քաղաքական և հասարակական դաշտում։ Հիմքում վարչապետ Փաշինյանի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու «խաղաղության օրակարգ»-ին առնչվող նոր ձևակերպումներն են։

Փաշինյանի ելույթներում ընդդիմադիրները լուրջ ռիսկեր նկատեցին Արցախի համար։ Քանի որ շաբաթվա ընթացքում խորհրդարանի աշխատանքները բոյկոտել էին, ընդդիմադիր խմբակցությունները որոշեցին օգտվել ճեպազրույցների իրավունքից։

Հայաստանի խորհրդարանից հնչածին արձագանքել են Արցախի խորհրդարանը՝ հայտարարությամբ, նաեւ՝ Հայաստանի առաջին և երրորդ նախագահները։ Սերժ Սարգսյանի գրասենյակը հրապարկել է բանակցային փաստաթղթերից հերթականը՝ փորձելով հերքել իշխանության հայտարարությունները, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հրապարակել է 5 փաստ՝ ի պատասխան Վիգեն Խաչատրյանի ելույթի, որը վերապահում էր հայտնել Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության մասով։  

Արցախի թիկունքում ոչ մի քաղաքական գործարք չկա և չի կարող լինել՝ պնդում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ այդպես էլ ուղիղ չձևակերպելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաԺողովի նախագահ էդուարդ Աղաջանյանը ենթադրում է՝ Արցախում և Արցախի խորհրդարանում լավ չեն հասկացել վարչապետ Փաշինյանի ելույթի բովանդակությունը։ Եթե Փաշինյանը երկու օր անընդմեջ պարզաբանում էր խնդրին առնչվող նոր թեզերը, ապա քննարկումների երրորդ օրը ՔՊ-ականներ Էդուարդ Աղաջանյանն ու Վահագն Ալեքսանյանը շարունակեցին․

Էդուարդ Աղաջանյան. «Իսկ վարչապետի ելույթում որևէ բառ Ադրբեջանի կազմում կամ կազմից դուրս, ընդհանրապես դրա հետ կապված որևէ ձևակերպում եղե՞լ է։ Չի եղել։ Ես ուզում եմ մեկընդմիշտ փորձենք այս թեման փակել․ որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, կարծում եմ, դա պետք է, որ ընդունելի լինի բոլորի համար։ Հակառակ պարագայում որևէ լուծում, որի հետեւանքով Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել ՀՀ համար»։

Վահագն Ալեքսանյան. «Մենք հիմա խոսում ենք արցախցիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության երաշխիքների շուրջ միջազգային կոնսոլիդացիա ապահովելու մասին։ Իսկ կարգավիճակն արդեն պետք է բխի դրանից։ Մենք նախկինում գնացել ենք մի ճանապարհով, որը ենթադրել է հայտարարել կարգավիճակ ու չքննարկել այս ամեն ինչը։ Միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի հասկացել»։

Իշխանական պատգամավորները պնդում են՝ միջազգային հանրությանը պետք է պարզաբանել, որ հակամարտությունը ոչ թե տարածքների, այլ իրավունքների խնդիր է։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, որը նախորդ գումարման ԱԺ-ում «ՔՊ»-ականների թիմակիցն էր, այժմ պնդում է, որ նախկին գործընկերները շեղվել են իրենց նախընտրական ծրագրերից։ Վարչապետի ձեւակերպումներում ադրբեջանագետը հակասություն է տեսնում։ Մեկը կարգավիճակի նշաձողի իջեցումն է, ինչը կարող է ենթադրել Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելը, մյուսը ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշման վկայակոչումն է, որը փաստում է՝ հայությունը չի կարող ապահով ապրել Ադրբեջանի կազմում.

«Ասել, որ այս սցենարը խաղաղության տանող սցենար է, անտամաբանական է։ Ոչ։ Ճանաչելով Ադրբեջանին, իմանալով ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ հազար անգամ ոչ։ Արցախի «հանձնումը» բերելու է Սյունիքի կորստի, Սյունիքի կորուստը բերելու է հայկական պետականության կորստի»։  

«Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց  դիրքորոշումից». նախօրեին Արցախի խորհրդարանի այս հայտարարությանը Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը միանգամից արձագանքեց։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարում է՝  միանում են  հայտարարությանը՝ սա փորձելով օգտագործել իշխանություն փոխելու համար։ Բայց Թեւանյանի ասածից ստացվում է, որ իրենց օրակարգն էլ է նույնը լինելու։

«Նոր իշխանությունը Հայաստանում և հայ-թուրքական օրակարգ կունենա, և հայ–ադրբեջանական խաղաղության հնարավորություն, բայց ոչ այն գնով, որով ներկայացվում է»։

Ի պատասխան հանրությունից հնչող քննադատությունների՝ ընդդիմադիրներն ասում են՝ իրենք չեն հապաղում, պարզապես հետևություններ են արել տապալված «փողոցային» նախորդ պայքարից և հիմա էլի պատրաստվում են առաջիկա որոշ գործողությունների։  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյան․

«Մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք, բայց դա չի նշանակում, որ դա մեկ օրվա պայքար է։ Այդ պատճառով է մեզ անհրաժեշտ որոշակի ժամանակ՝ հստակ գործողություններ մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու։ Նույնիսկ եթե պայքարից դուրս գալուց, թեպետ դա այդպես չէ, մենք գրեթե վստահ լինենք, որ չենք հաջողելու, մենք միևնույն է, պարտավոր ենք պայքարել»։

Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Արեգ Քոչինյանը ներկա փուլում Արցախի մասով 3 հավանական սցենար է տեսնում։ Առաջին՝ ռուս խաղաղապահները մնում են Արցախում՝ ապահովելով անվտանգությունը, բայց նաեւ չբացառելով Փառուխի և Քարագլխի դեպքերի կրկնությունն այլ վայրերում։ Երկրորդ տարբերակ՝ ռուս խաղաղապահը դուրս է գալիս Արցախից՝ ինչ-ինչ պայմանավորվածություններից կամ խնդիրներից ելնելով, և հայկական կողմին հաջողվում է ստանալ արևմտյան կողմի անվտանգության երաշխիքները։

Քոչինյանը տարբերակներից ամենաքիչ հավանականն է համարում։ Երրորդ տարբերակով փորձագետը խոսում է Արցախի բնակչության տարհանում ծրագրելու մասին։ Վարչապետի ելույթը որոշ հարցերի չի պատասխանում, բայց, ըստ փորձագետի, թույլ է տալիս պատկերացում կազմել իրավիճակի մասին։

«Ելույթը շատ մասնակի էր, բայց ինձ համար կարևոր էր, որ քաղաքական դաշտում գոնե քայլ կատարվեց դեպի այս իրողությունների հետ առերեսումը։ Մենք հիմա այն իրավիճակում ենք, որ իրավունքի շրջանակից պետք է դուրս գանք և իրականության հետ առերեսվենք։  Երբ ասում ենք՝ խաղաղությունը ֆիկցիա է, պետք է մտածել՝  իսկ խաղաղության այլընտրանքն ի՞նչ է։  Այս ճանապարհը խաղաղության տանող անհրաժեշտ քայլերից մեկն է։ Բայց միայն այս քայլերով, բնականաբար, խաղաղություն չես ստանալու, գուցե, ստանաս ժամանակ»։

Մինչ Փաշինյանի վերջին հայտարարությունները նոր խմորումներ են առաջացրել քաղաքական ու հասարակական դաշտում, իշխանական թեւից շեշտում են՝ արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա և չի կարող լինել։ Հարցը առաջնահերթորեն պետք է դիտարկել արցախահայության իրավունքների և հետո միայն կարգավիճակի տեսանկյունից՝ Փաշինյանի փոխանցած նոր մոտեցումն է հիշեցնում պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու շեշտում՝ ԼՂ հիմնախնդիրը երբեք չի եղել տարածքային վեճ, դա արցախցիների՝ իրենց ծննդավայրում ապահով, անվտանգ ապրելու խնդիր է․ ՀՀ-ն մշտապես ունեցել է հենց այս դիրքորոշումը։ Ըստ էության՝ մեզ համար կարգավիճակը այս իրավունքները իրացնելու միջոց է՝ ասում է։

Back to top button