ԿարևորՀասարակություն

Համացանցի միջոցով թմրամիջոցների տարածումը` մտահոգիչ

Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և դրա հետևանքով ստեղծված ֆինանսական միջոցները ու դրանց ազդեցությունը ստվերային  տնտեսությունների վրա իրական վտանգ են և ստեղծել են ծանր իրավիճակ։ Ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ համացանցը դարձել է  տարատեսակ հանցագործություններ կատարելու հարթակ, որտեղ հանցագործներին հաջողվում է թաքնվել և հանցագործության հետքերը կորցնել։ Հայաստանում եւս խնդիրները մտահոգիչ են։  

Թմրաշրջանառությամբ զբաղվող վեց կազմակերպված խումբ է արդեն բացահայտվել։ Հայաստանի քննչական կոմիտեի նախաքննության շրջանակում հայտնաբերվել են այս խմբերի կառավարած 30-ից ավելի Տելեգրամ-ալիքներ, ինչպես նաև HYDRA հարթակի հինգ ալիքներ։

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության՝ մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյան.

«Կազմակերպված խմբերում ընդգրկված անձինք մեծամասամբ միմյանց չեն ճանաչում  և շփվում են համացանցում»։   

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը նշում է՝ Հայաստանում ամենատարածված թմրամիջոցը մարիխուանան է: Համացանցում բավականաչափ տարածում և կոնկրետ մեծ պահաջարկ ունեն  մեֆեդրոն և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները: Ներկայում այսպես ասած սև շուկայում հայտնվում են թմրամիջոցներ, որոնք դեռ երեկ գոյություն չունեին։

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ այդ թմրամիջոցներն իրենց հայտնվելու օրվանից հետո սկսում են շրջանառվել հասարակական վայրերում, դպրոցներում և ընդգրկում են հանրության լայն շրջանակների, հիմնականում դեռահասների, ինչպես նաև երիտասարդների»։

Հովհաննես Համբարյանը, ներկայացնելով գործող սխեմաներից մեկը, նշում է՝ անձը, տանից դուրս չգալով, պատվիրելով ստանում է թմրամիջոցների առաքանի կամ տեղեկատվություն թմրամիջոցի՝ այս կամ այն վայրում տեղադրված լինելու մասին։ Գումարը փոխանցելուց հետո իր համար նախատեսված վայրից  անձը վերցնում է թմրամիջոցը։ Քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների իրացման դեպքերի քննությամբ զբաղվում է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը, մշակվել է հանցագործությունների քննության նոր մեթոդիկա, կատարվել են մեծածավալ վերլուծություններ,  կան բացահատված դեպքեր։ Եթե նախկինում թմրամիջոցները ներկրվում էին  սահմանահատման միջոցով, ապա այսօր դրանք ներկրվում են առաքանիներով։

Նույն մեթոդով ներկրվում է նաև թմրամիջոցի հումքը։

«Թմրամիջոցի հումքը տեղում իրացվում և  դառնում է շուկայի համար նախատեսված։ Այս սխեմայում գործում են բազմաթիվ անձինք, որոնք ունեն իրենց դերաբաշխումը»։ 

Քննչական կոմիտեի ներկայացուցիչը նշում է՝ Հայաստանում  համացանցի միջոցով թմրաշրջանառությունը սկսվել է 2015-16 թվականներից։ Հիմնականում օգտագործվում է «Տելեգրամ» համացանցային հավելվածը և  HYDRA հարթակը, որը համարվում է թմրամիջոցների ձեռքբերման ամենամեծ հարթակը աշխարհում։  Եթե 2016 թվականին ԱՊՀ-ում թմրամիջոցների ներկրմամբ զբաղվող HYDRA հարթակի  միջոցով 150 անձ էր գնում կատարում, ապա 2019-ին այդ թիվն անցել է օրական 20 հազարը: Այդ հարթակում հայտնվել են նաեւ Հայաստանի 5 քաղաքներ։  Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Հովհաննես Համբարյանը նշում է՝  HYDRA հարթակում գործող անձինք հատուկ հանձնարարություններով իրենց աշխատակիցներին թմրամիջոցները փոխանցելուց հետո դրանք տեղադրելու համար շատ հաճախ ընտրել են բոլորի համար տեսանելի բնակելի տների շքամուտքեր, բակեր։ 

«HYDRA հարթակի փակման պահին ամբողջ աշխարհում այս համակարգի միջոցով 2020 թվականին կատարվել է 1 միլիարդ 250 միլիոն դոլարի շրջանառություն, ներգրավված են եղել  թմրամիջոցների վաճառքով զբաղվող 17 միլիոն անձինք։  Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված թմրամիջոցների ընդհանուր շուկայական արժեքը՝ ըստ իրենց կայքերում վաճառքի գների, գերազանցել է 250 միլիոն դրամը, իսկ թմրամիջոցների վաճառքի արդյունքում արդեն իսկ  հայտնաբերված դրամապանակներով կատարված գումարային շրջանառությունը գերազանցում է 700 միլիոն ՀՀ դրամը:

«Բացի այդ կատարված խուզարկություններով Երևանում հայտնաբերվել են երեք բնակարաններ, որոնցում հատուկ սենյակներ  հարմարեցված են եղել թմրամիջոցների աճեցման համար: Հայտնաբերվել է նաև մեկ բնակարան, որը նախատեսված է եղել «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի պատրաստման համար։ Հայտնաբերվել են նաև թմրամիջոցներ գովազդելու համար նախատեսված պարագաներ։ Նմանատիպ գովազդներ հայտնվել են ՀՀ տարբեր քաղաքների շենքերի, շինությունների վրա»:

Back to top button