ԿարևորՀասարակություն

ԵՊՀ-ում և ԱԱԳԼ-ում կբացվեն տեղեկատվական կենտրոններ․ հուշագիրը ստորագրել է Մենդելևի աղյուսակը 6 տարրով համալրած հայազգի գիտնականը

Կոպեռնիցիումից ունունսեպտիում՝ Մենդելևեի քիմիական տարրերի պարբերական աղյուսակը նա համալրել է 6 տարրով, իսկ 118-րդ տարրը՝ «օգանեսոն»-ն անվանակոչվել է նրա պատվին։ Հայազգի գիտնական, ֆիզմաթ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը, կամ ինչպես շատերն են նրան դիմում՝ պարոն Օգանեսովը 89 տարեկան է։ Գիտնականը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում է։ Լրագրողների հետ զրույցը շատ կարճ է տևում․

«Ես համալսարանն ավարտել եմ 1956 թվականին։ Դրանից մոտավորապես 65 տարի է անցել, ես, փաստորեն, 65 տարի զբաղվում եմ այս էլեմենտներով։ Նոր հայտնագործություններ անել չեմ ուզում, ես իմն արել եմ արդեն, հիմա երիտասարդների հերթն է»,-ասում է Յուրի Հովհաննիսյանը։

Յուրի Հովհաննիսյանը գերազանց ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտը, աշխատել ԽՍՀՄ միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, Ֆլյորովի բաժանմունքում։ 1971թ. Յուրի Հովհաննիսյանը ղեկավարել է Ծանր միջուկների հետազոտման ֆիզիկական բաժինը, դարձել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, 1989թ-ից՝ Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի տնօրեն: Այսօր գիտնականը միջուկային ֆիզիկայի բնագավառում ճանաչված հեղինակություն է, ծանր իոնների ֆիզիկայի հիմնադիրներից: Նրա ղեկավարած հետազոտությամբ հայտնաբերվել են Մենդելեևի աղյուսակի նոր տարրեր՝ 112—118 հաջորդական համարներով: Հովհաննիսյանը Երևանի ֆիզիկայի ինստիտուտ է ժամանել Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պատվիրակության հետ։ Պատվիրակության տնօրեն Գ․ Տրուբնիկովը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է․

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ով է Յուրի Հովհանիսյանը, որովհետև 6-7-րդ դասարանում, երբ բացում են քիմիայի դասագիրքը, պարբերական աղյուսակը, տեսնում են «օգանեսոն» տարրը։ Այն կրում է հայազգի գիտնական Յուրի Հովհանիսյանի անունը, որը ահռելի և անգնահատելի ներդրում է ունեցել միջուկային ֆիզիկայի ուսումնասիրության բնագավառում»,-ասում է Տրուբնիկովը։

Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակը Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի միջև ստորագրվող եռակողմ հուշագիրն է, բացվելու են տեղեկատվական կենտրոններ։ Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիայի հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանը կարևորում է այս կենտրոնների բացումը՝ Հայաստանում հիմնարար գիտությունների և միջուկային ֆիզիկայի զարգացման տեսանկյունից․

«Մենք հետ չենք կանգնում հիմնարար գիտությունների բնագավառում աչքի ընկնելու մեր տեսլականից։ Յուրի Հովհաննիսյանն էլ այս պահին այստեղ է վկայելու, որ Հայաստանի գիտական ներուժը շարունակելու է միջուկային ֆիզիկայի բնագավառում լուրջ ներդրումներ ունենալ»,-ասում է Անի Ապրահամյանը։

Հուշագրի ստորագրումից հետո ակադեմիկոս Յուրի Օգանեսովին ԵՊՀ գիտխորհրդրի որոշմամբ տրվեց ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում։

Back to top button