Արցախյան հարսանիքներ

Առանց այդ էլ դժվար կայացվող որոշում. «Արցախյան հարսանիքներ»

Անի Մինասյան

2020 թվականի հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի տարածքում տեղի է ունեցել մեկ պսակադրություն։ Պատերազմից հետո՝ հազարից ավելի ամուսնություն։ Ասում են՝ 2019-2020 թվականների համեմատ` Արցախում ամուսնությունների թիվն աճել է։

Պատերազմից հետո ամուսնությունների թվի աճը, սակայն, չի խոսում հարսանիքների ձեւի ու դրանց նկատմամբ մարդկանց վերաբերմունքի փոփոխության մասին։ 

Հարսանիքներն Արցախում այլեւս այնքան բազմամարդ, բարձրաձայն ու շուքով չեն անցնում, ինչպես 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ։

Հիմա՝ պատերազմից գրեթե երկու տարի անց, երիտասարդներից ոմանք պատրաստվում են ամուսնանալ, ոմանք դեռ սպասում են։

Սա պատմություն է այն մարդկանց մասին, ովքեր ամուսնացել են կամ պատրաստվում են ամուսնանալ, բայց ունեն ապագայի հանդեպ անորոշության զգացողություն, վախեր ու սեր։

Պսակադրություն՝ մահվան ու կյանքի արանքում

Արմենն ու Լիլիթն իրենց պսակադրությանը մասնակցելու հրավեր ուղարկել են Ֆեյսբուքով։ Բոլորին։ Պսակադրության նախորդ երեկոն էր, երբ Արմենն իր էջում գրեց պսակադրության վայրը, ժամն ու օրը։

«Երեւանում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ենք ամուսնացել, պատերազմից հետո առաջին զույգն էինք, նույնիսկ դա էր հետաքրքիր։ Եկեղեցում էնքան մարդ կար, էնքան մարդ էր եկել, անգամ՝ Արցախից։ Չէինք սպասում, որ բոլորը կարձագանքեն ու կգան։ Չէինք սպասում, որ էդքան մարդ սիրտ կունենա մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար»,- հիշում է Արմենը։

Արմեն Սաղյանի ու Լիլիթ Գրիգորյանի հետ իմ հերթական հանդիպումը Արցախում էր՝ Ստեփանակերտում։ Ես Լիլիթին գիտեի մինչեւ ամուսնությունը, Արմենի հետ ծանոթացա իրենց ամուսնությունից հետո։

Մեր զրույցի ողջ ընթացքում Արմենն ու Լիլիթը խոսում էին իրար լրացնելով, ծիծաղում` միաժամանակ, մռայլվում՝ իրենց կյանքի նույն դրվագը հիշելիս։

«Էդ օրը եկեղեցում պսակադրություն չպիտի լիներ, երկուշաբթի էր,- ասում է Լիլիթն ու շրթունքներն սկսում են դողալ,- մեզ համար բացառություն արեցին, քանի որ եկեղեցում իրար հետեւից հոգեհանգստի արարողություններ էին ու եկեղեցում շատ դիակներ կային։ Միայն էդ ժամն էր ազատ՝ նոյեմբերի 23-ին, ցերեկը երկուս անց կես, ու մենք էդ հոգեհանգստի արարողությունների արանքում պսակադրվեցինք»։

Իրենց ամուսնության արարողությունը վերջացավ եկեղեցուց դուրս գալուց հետո։ Խնջույք չեն արել, նոյեմբերի 23-ի երեկոյան հավաքվել են Արմենի ու Լիլիթի ընտանիքները, կնքահայրը։ «Հա’մ սեղանն էր համեստ, հա’մ՝ մենք»,- ամփոփում են օրը։

Ամուսնությունից հետո եւս մեկ շաբաթ Արմենն ու Լիլիթը մնացել են Երեւանում՝ մեղրամսի։ Մեղրամիս բառն իրենց վիճակին չէր սազում, ասում են։ Ուղղակի մի շրջան էր, որ երկուսով էին, միայն երկուսով՝ այդքան սպասված արարողությունից ու որոշումից հետո։

«Մեր թեթեւ մեղրամիսը ծանր փուլում սկսվեց, բայց մենք հասկացանք, որ այլեւս երբեք հեշտ փուլեր չեն գալու ու երբեք էլ առաջվա պես չի լինելու։ Պատերազմից հետո երբ էլ ամուսնանայինք, դժվար էր լինելու»։

Հետո նրանք գնացին տուն՝ Ստեփանակերտ։

Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը, հունվարի 31-ին ամփոփելով նախորդ տարին, ասում է, որ 2021-ին կատարվել են ամուսնության 1314 ակտային գրանցումներ: Ցուցանիշը 2019 թվականը գերազանցում է 478-ով, իսկ 2020 թվականը՝ 996-ով։

Միակը՝ պատերազմի ողջ ընթացքում

Մարիամի ու Հովիկի պսակադրության մասնակիցների կազմը մոտավորապես այսպիսին էր` ներկա էին համաշխարհային մամուլի ներկայացուցիչներն ու գրեթե բոլոր նրանք, ովքեր 2020 թվականի այդ օրն Արցախի տարածքում էին։

Մարիամ Սարգսյանն ու Հովիկ Հովսեփյանը միակ զույգն են, որ ամուսնացել են հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ հայկական կողմում։

«Մինչեւ պատերազմը նախատեսել էինք, որ մեր հարսանիքը հենց Շուշիում լինի, բայց կոնկրետ որ եկեղեցում՝ շատ չէինք մտածել։ Չէի ասի, որ մահվան հավանական վտանգն էր պատճառը, որ ես ուզում էի ամուսնանալ։ Ավելի շատ, երեւի այն, որ չէի ուզում մեր պլանավորած օրը եւս մեկ անգամ հետաձգվեր, որովհետեւ դրանից առաջ երեք տարի պլանավորել էինք ու տարբեր պատճառներով հետաձգվում էր»։

Մարիամի ու Հովիկի հետ ծանոթ էինք մինչեւ պատերազմը, միասին սկսել էինք աշխատել Արցախի հանրային ռադիոյում ։ Ստեփանակերտում մեր հանդիպմանը Մարիամն ու Հովիկը միասին եկան, բայց Հովիկը զրույցին չմնաց՝ հրաժարվել էր խոսել։ Դժվար էր։ Մարիամը մնաց մենակ, բայց խոսեց իրենց երկուսի փոխարեն։

Նրանք ամուսնացել են հոկտեմբերի 24-ին՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Եկեղեցու գմբեթն արդեն վնասված էր, եկեղեցի հասնելու ճանապարհը՝ վտանգավոր։

«Մեզանից ոչ ոք փիառ-ի համար իր կյանքը վտանգի տակ չէր դնի, որովհետեւ  ճանապարհներն անընդհատ հրետակոծվում էին, եւ չգիտեիր՝ դու կհասնե՞ս տեղ, թե՞ չէ։ Իհարկե, ենթադրում էինք, որ եթե հասնեինք, հենց այսպիսի աղմուկ էլ կլիներ։ Իսկ եթե չհասնեի՞նք…»։

Մարիամն ասում է՝ պատերազմից հետո արդեն չի էլ մտածել, բա եթե հանկարծ այլ կերպ դասավորվեր ամեն բան։ Ասում է՝ չի էլ ուզում մտածել, իր համար ինչ-որ մտացածին դժբախտություն է ստեղծել, որովհետեւ դժբախտություններն իրական են ու շատ։

Զգում եմ, որ Մարիամի համար իրենց, այսպես ասած, աղմուկ հանած հարսանիքի մասին դժվարությամբ է խոսում։ Հետո ինքն էլ է խոստովանում, որ պատերազմից ու հարսանիքից հետո համարյա չեն խոսել, հարցազրույցներ չեն տվել։

Ու… լռություն, երկա՜ր լռություն, որի ընթացքում չգիտեի հարցեր տա՞մ, թե՞ սպասեմ, որ Մարիամն ինքը շարունակի։

«Փիառ անելու մասին են խոսում, իսկ կա՞ որեւէ մեկը, որ մտածել է, որ Հովիկը կարող է զոհվեր։ Աստված չանի, այրիանայի։ Ես գնում էի այդ քայլին ու չգիտեի՝ մեկ օրից, մեկ շաբաթից ինչ կլիներ ամուսնուս հետ, ինչ կլիներ ինձ հետ»։

Հովիկը հարսանիքից հետո արձակուրդ չստացավ, ընդամենը երեք օր ուներ։ Նա Մարտունու հրետանավորների հետ էր, կապավոր էր։ Հարսանիքից հետո պիտի վերադառնար։ Պատերազմը չէր ավարտվել։

2020 թվականին Արցախում գրանցվել է 318 ամուսնություն, դրանցից 225-ը մինչեւ սեպտեմբերի 27-ը, 93-ը՝ պատերազմից հետո։

Նշանադրություն՝ առանց փեսայի

Վանն իր սեփական նշանադրությանը ներկա չէր, այն առանց իրեն է տեղի ունեցել. պատերազմ էր։

Անին ու Մարգարիտան, որ Վանի ընկերներն ու կոլեգաներն են, որոշում են հենց պատերազմի ընթացքում Երեւանում հանդիպել Վանի ընկերուհուն՝ Լիլիթին, ու Վանի անունից մատանի նվիրել։ Կարճ ասած` նշանադրել` առանց փեսայի։

«Ամեն անգամ լսելով, որ ռմբակոծվում է Ստեփանակերտը, անմիջապես զանգում էի Վանին։ Միշտ ասում էր` լավ ենք ու լավ է լինելու,- հիշում է Անի Մանգասարյանն ու փորձում մտքում դետալ առ դետալ վերականգնել այդ օրը: -Հոկտեմբերի վերջին շաբաթն էր, հերթական անգամ զանգեցի, ասաց՝ խնդրանք ունեմ, բայց չհասցրեց ասել՝ ինչ. կապն ընդհատվեց։ Միայն հաջորդ օրը հաջողվեց կրկին խոսել։ Ու բարևի փոխարեն ասացի`ասա, ինչ անեմ քեզ համար։ Առաջարկեց հանդիպել ընկերուհուն»։

Հանդիպմանը, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել Վանի նշանադրությանը, ներկա էին Լիլիթը, Անին ու Մարգարիտա Ղուշունցը՝ իրենց երեխաների հետ։ Հարսնացուհին տարել էին ծաղիկներ ու մատանի։

Վան Նովիկովի հետ մենք էլ ենք գործընկերներ, պատերազմի ողջ ընթացքում ապրել ենք նույն ապաստարանում, աշխատել նույն ռադիոյում, կիսել պատերազմական նույն օրերը։ Վանի հետ բազմաթիվ զրույցներ ենք ունեցել, խոսել՝ հազար անգամ, բայց հենց այս զրույցի համար ես նախընտրեցի Երեւանը՝ Ստեփանակերտից հեռու մի տեղ, որտեղ երկուսիս էլ պատերազմի մասին հնարավորինս քիչ բան կհիշեցներ։

«Ինձ մոտ միշտ էլ մտքիս հարսնացուիս փախցնելու տարբերակն է եղել,- կատակում է Վանը,- իր ծնողներն էդքան էլ կողմ չեն Արցախին, պատերազմից հետո՝ էլ ավելի։ Օրինակ՝ պիտի ամուսնանայի մինչեւ 2016 թվականը, [Ապրիլյան պատերազմը] սկսվեց, գնում ես պատերազմ, գալիս ես լրիվ հեղափոխված։ ճիշտ ա, էլի ուզում էի շուտ անել, հասցնել, բայց մինչեւ կյանքս կարգի էի բերում, սկսվեց  2020 թվականի պատերազմը»։

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմից հետո Վանի կյանքում նորից նույն շրջափուլն է սկսվել, ինչ Ապրիլյան պատերազմից հետո. «Մեկ էլ նորից էլի կյանքդ կարգավորում ես, բայց չգիտես՝ ինչ կլինի»։

«Հարսանիք անելը գիտե՞ս ոնց եմ պատկերացնում։ Ես ռուսի տարազով [Վան Նովիկովը կիսով մոլոկան է], ինքը՝ հայի տարազով, նստեինք մի կառք ու քաղաքով ման գայինք։ Հետո առանց որեւէ ավելորդության գայինք տուն։ Իմ հարսանիքի սեղանը պատկերացնում եմ փլավով, թթվով, մի բաժակ խմելիքով, սեղանի շուրջը մարդիկ, ովքեր ուրախություն կիսել են կարողանում ու ուզում»։

Ասում է՝ մի քանի ամիս առաջ նախկին կոլեգաներից մեկն է ամուսնացել, հավաքվել են, սեղանին էլ միայն փլավ է եղել, ուրիշ ոչինչ։ Իր հարսանիքն էլ հենց այդպես է պատկերացնում։

«Իմ պատկերացրած հարսանիքում կաղապարված բաներ չկան, ստիպված բաներ չկան։ Մարդիկ են, ովքեր ուզել-եկել են, ու նաեւ մարդիկ են, ովքեր չեն ուզել ու չեն եկել»։

Հարսանիքների մասին խոսելիս Վանի հետ մե’կ մտքով 2016-ի Ապրիլյան պատերազմի օրեր ենք գնում, մեկ՝ 2020 թվականի։ Ասում է՝ 2016-ից հետո վայելում էի կյանքը, ուրախանում էի, որ ողջ եմ մնացել, որ հնարավորություն ունեմ էդ ընթացքն ապրելու։ Հասել էի մի կետի, որ առավոտվա խմածս սուրճի համար երջանիկ էի։ Ու որոշել էի, որ պիտի ամուսնանամ։

«Միշտ-միշտ մտածել եմ, որ հեսա պատերազմ սկսվի, չեմ հասցնի ամուսնանալ, չեմ հասցնի երեխա ունենալ, միշտ շտապել եմ, ուզել եմ անել, բայց չի ստացվել»։

Պատերազմից հետո Վանը տեղափոխվեց Երեւան՝ աշխատելու, հույսով, որ կամուսնանա։ Վարձով տուն գտնել չստացվեց, դրա համար էլ հետ դարձավ Ստեփանակերտ… դեռ մենակ։

Այս նախագիծն իրականացվել է Անի Մինասյանի կողմից, Հանրային լրագրության ակումբի՝ «ԵՄ-ն հանուն խաղաղության» ծրագրի «խաղաղաշինության արդյունքների պահպանում, մեդիա տարածում և նյութերի վերլուծություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացնվում է Միջազգային Ալերտի կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։  

Ցուցադրել ավելի
Back to top button