Երաժշտական եռանկյունի

Ժիրայր Շահրիմանյան․ հայ ժամանակակից ակադեմիական երաժշտություն․ «Երաժշտական եռանկյունի»

-Ստեղծագործում եմ ակադեմիական երաժշտության մեջ ընդունված գրեթե բոլոր ձևաչափերով՝ կամերային վոկալ գործիքայինից, խմբերգայինից մինչև սիմֆոնիկ երաժշտություն: Կարելի է ասել, որ մինչև օրս չեմ անդրադարձել միայն օպերային ժանրին և թատերական ներկայացման համար գրվող երաժշտությանը:

Ժիրայր Շահրիմանյանը ժամանակակից հայ կոմպոզիտոր է, հայկական դասական կոմպոզիտորական դպրոցի շարունակող: Նրա ստեղծագործությունները պահանջված են ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս, կատարվում են Միացյալ Նահանգներում և եվրոպական մի շարք երկրներում:

-Ինչպե՞ս եք հասել նման արդյունքների:
-Կարծում եմ՝ այդ ամենի հիմքում իմ հետևողականությունը և ստեղծագործելու մեծ ցանկությունն են, ինձ հետաքրքիր է աշխատել տարբեր երաժիշտների, դիրիժորների, նվագախմբերի հետ, մասնակցել Հայաստանյան և միջազգային փառատոներին և այդ ամենը, բնականաբար, ստեղծում է կապեր, բերում ճանաչում, և որոշակի պահանջարկ:

Անդրադառնալով ժամանակակից կոմպոզիտորի կարգավիճակին Հայաստանում՝ կոմպոզիտորը նշում է, որ իր մասնագիտությունը չի ենթադրում որևէ հաստիք, դա ավելի շատ կոչում է, առաքելություն և միաժամանակ՝ հաճախ չլուծվող խնդիր, որովհետև կոմպոզիցիայի բաժինն ավարտած մասնագետը ստիպված է աշխատանք փնտրել այլ մասնագիտական ոլորտներում՝ դասավանդել, զբաղվել մանկավարժությամբ, ինչը շատ հաճախ չի նպաստում բուն ստեղծագործելուն:

-Հայաստանում, բացի պետական հաստատություններից գործում են նաև հասարակական մասնագիտական, կազմակերպություններ, արդյո՞ք դա չի ստեղծում նախապայմաններ կոմպոզիտորների կարգավիճակը հստակեցնելու համար:

-Անշուշտ, կոմպոզիտորների միությունը հսկայական դերակատարություն ուներ խորհրդային շրջանում, լծակներ և միջոցներ՝ լուծելու ստեղծագործական և նույնիսկ կենցաղային խնդիրներ իր անդամների համար, բայց վերջին երեսուն տարիների ընթացքում այն ունի այլ կարգավիճակ՝ ՀԿ-ի, և գործառույթը խիստ սահմանափակված է: Այնպես որ կարելի է ասել, որ ժամանակակից հայ կոմպոզիտորը ավելի շուտ ինքնադրսևորվում է ազատ արվեստի դաշտում, ինքն է զբաղվում տպագրության, տարածման և իր ստեղծագործությունների հանրահռչակման աշխատանքներով:

Հաղորդման ընթացքում հնչում են Ժիրայր Շահրիմանյանի մի շարք ստեղծագործություններ՝ գրված տարբեր ձևերի և ժանրերի մեջ:

Back to top button