ԿարևորՀասարակություն

Քննարկվում են մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը և փոքր կենտրոնի բեռնաթափման ծրագիրը

«Երեւանի փոքր կենտրոնի մասին» օրենքը կբեռնաթափի կենտրոնը,  կկանոնակարգի շինարարական աշխատանքները՝ հաշվի առնելով պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Քաղաքաշինության կոմիտեն արդեն մի քանի տարի մասնագիտական հանրույթի հետ քննարկում  է նախագիծը։ Ճարտարապետները սպասում են նախագծին, կարծում են՝ դրա օր առաջ ընդունվելը կարևոր է դիմագիծը կորցրած մայրաքաղաքի համար։

Կառուցապատման խտություն, տրանսպորտի խնդիր, սեյսմիկ անվտանգություն, էկոլոգիա, հուշարձանների պաշտպանություն, հասարակական կանաչապատ տարածքներ ու էլ բազմաթիվ հարցեր։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանը  թվարկում է Երևանի, մասնավորապես կենտրոնի խնդիրները․  

«Որ հանրապետության բնակչության 1/3-ն ապրում է Երևանում, դա արդեն նորմալ  չէ։ Աննորմալ է բոլոր տեսանկյուններից։ Բեռնաթափելով Երևանը՝ հույս կունենանք, որ մի փոքր ավելի հեշտ կլինի զարգացնել արվարձանները, շրջանները, մյուս քաղաքները»։

Երեւանում քանդվել եւ քանդվում են հին շենքերը, քաղաքը կորցնում է իր ինքնությունը: Մայրաքաղաքն այնպիսին չէ, ինչպիսին էր անցյալ դարի 50-60-ականներին՝ հիշում է Միջազգային ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր Անդրեյ Իվանովը․

«Կենտրոնում բարձրահարկ շինությունների ինտենսիվ կառուցապատման հետևանքով անհետանում են հուշարձանները։ Չնայած Հին Երևանը վերականգնելու խոստումներին՝ ձեր մայրաքաղաքում ավելանում են  բարձրահարկ էլիտար համալիրները, Դրանք , օրինակ, Հյուսիսային պողոտայում  են եւ դրա շրջակայքում: Նախորդ անգամ ես ապրել եմ այդ տարածքում եւ 17-րդ հարկից եմ նայել եմ քաղաքին: Իմ տպավորությամբ՝ շատ անմխիթար տեսարան էր:
Իհարկե, դուք Երեւանում եք ապրում եւ այդ ամենը չեք նկատում, բայց ես՝ իբրեւ կողքից դիտող,  ուզում եմ վստահեցնել, որ Երեւանում լուրջ խնդիրներ կան քաղաքային ժառանգության եւ դիմագծի պահպանության առումով»:

Երևանի «Փոքր կենտրոնի մասին» օրենքի նախագիծը շրջանառության մեջ է 2013 թվականից։  Շուրջ 10 տարի պետական կառույցներն ու մասնագետները քննարկում են այն։

Նախագծով հստակ կարգավիճակ է տրվում փոքր կենտրոնին։

Սահմանվում է, որ այն  Երևանի  քաղաքաշինական կերպարը ձեւավորող գլխավոր  տարածական գոտին է։ Նախատեսվում է, որ Փոքր կենտրոնն իր քաղաքաշինական կանոնադրությունը պետք է ունենա, որով կսահմանվեն ճարտարապետական, լանդշաֆտային եւ գեղագիտական ձեւավորման պահանջները:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող օրենսդրական գործիքակազմը բավարար չէ մայրաքաղաքի կենտրոնի կառաուցապատումը լիարժեքորեն կանոնակարգելու համար, ամրագրվում է, որ հանրային եւ մասնավոր շահերը հավասարակշռված չեն, և անհրաժեշտ է կառուցապատման հատուկ պայմաններ ու նորմեր ամրագրել:

«Փոքր կենտրոնի» կառուցապատման առանձնահատկությունները նախագծով տարբերակվում են ըստ  ենթագոտիների՝ կախված դրանց քաղաքաշինական արժեքից եւ նշանակությունից:  Առանձնացվում են 3 –ը՝ ազգային կարեւորության,  քաղաքային նշանակության և  պահպանվող լանդշաֆտի ենթագոտիները:

Ճարտարապետ  Հրաչ Պողոսյանը հույս ունի, որ ընդունվելուց հետո  օրենքն իսկապես կյանքի կկոչվի և կկարողանա լուծել Երևանի՝ տարիների ընթացքում  կուտակված խնդիրները․

«Բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Օրենքի առնչությամբ ճարտարապետները դեռ 10 տարի առաջ սկսեցին անհանգստացնել իշխանություններին, և վերջապես ստացվեց։ Օրենքը ոչ թե կոնկրետ խնդիրներ է լուծելու Երևանի փոքր կենտրոնի վերաբերյալ, այլ սահմանելու է այն կարգը և կանոնները, որոնք պետք է կիրառվեն Երևանի կենտրոնի գլխավոր հատակագիծը կազմողների կողմից։ Բայց լավ կլիներ, որ այդ օրենքը վերաբերեր ոչ թե կենտրոնին, այլ Երևանին ընդհանրապես։ Բեռնաթափելը շատ կարևոր միտք է, բայց հեշտ չի լինի։ Դա սերտորեն կապված է հատակագծի խնդիրները լուծելու հետ, ոչ թե կենտրոնի»։

«Երեւանի փոքր կենտրոնի» մասին օրենքը դեռ մշակվում է։ Քննարկվում են  շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ նախագիծը միտված է  կենտրոնի բեռնաթափմանը․

«Իհարկե, տարածքն ընդգրկում է Թամանյանի գլխավոր հատակագծով սահմանված հատվածը և մի փոքր ավելի։ Դա քաղաքաշինական  ձևավորված  միջավայրի առավել արժեքավոր, պահպանման  ենթակա և հստակ մոտեցումների պահանջող  տարածքն է։ Եթե «Փոքր կենտրոնի մասին» օրենքն ընդունված լիներ ավելի վաղ, հնարավոր է, մենք շատ բաներ կարողանայինք կանխել։ Ըստ էության՝ գոտևորման նախագիծը, որը գլխավոր հատակագծի մանրամասնման հաջորդ փուլն է, կարծես դրա բոլոր ցուցանիշները, որոնք և թույլատրելիության, և արգելելիության մակարդակներ են սահմանում, ստանում են օրենքի ուժ և իրականացման պարտադիր պահանջ են ներկայացնում։ Դրանք, իհարկե, գալիս են կարիքներից, բայց կարիքները պետք է լինեն ոչ ի վնաս բնակավայրի ձևավորված արժեքավոր միջավայրի։ Բավական երկարատև և բուռն քննարկումներ են, որոնց ընթացքում մենք դիտարկում ենք նաև անդառնալիորեն կորցրած ինքնության  հատվածների վերականգնման հնարավորությունները»։

Նունե Պետրոսյանը ընդունում է, որ Երևանը կորցրել է դիմագիծը։ Համաձայն է, որ օրենքը պետք է օր առաջ ընդունել, որ նոր կառուցապատումներն էլ  ավելի չխաթարեն քաղաքի միջավայրը։ Բայց հաշվի առնելով այն, որ քննարկման սեղանին նախագծի հետ նաև  Երևանի նոր գլխավոր հատակագիծն է, իսկ քաղաքը կառուցվում է դարերի համար,  որոշել են լսել բոլոր առաջարկները, քննարկել  հնարավոր բոլոր տարբերակները, հետո օրինագիծը  ներկայացնել կառավարությանը։

Back to top button